воскресенье, 14 января 2024 г.

ԵՐԱԶՆԵՐՈՎ ԱՊՐՈՂ ՈԶՆԻՆ

 ԵՐԱԶՆԵՐՈՎ  ԱՊՐՈՂ  ՈԶՆԻՆ

Մի ոզնի կար: Նա շատ էր սիրում երազել: Գիշերները  նա իր սուր - սուր փշերի տակից դուրս էր հանում պսպղուն քիթիկը ու հոտոտում էր  շուրջը: Գիշերվա բույրը խորհրդավոր կանչ ուներ, շուրջ բոլորը լուսնաշող էր ու ամենը լուսնային փայլ ունեին: Լուսնի շողերը  այնպես էին դուր  եկել նրան, որ ոզնին որոշել էր ունենալ մեջքին` փշերին առած: Ինչքան էր չարչարվել` ասեղների կծիկ դարձած գլորվելով լուսնի շողերի վրայով: Բայց մեկ է, նրանք փշերին չէին կպչում: Իսկ ոզնին ոնց էր երազում ունենալ  այդ  լուսե ասեղները: Նա ամեն գիշեր դուրս էր գալիս իր բնից` հավատալով, որ մի օր իրականություն կդառնա իր երազանքը: Գիշերները այնքան շատ ման եկավ ու երազեց, որ նրա համար սովորական բան դարձավ ցերեկային քունը: Ոզնին որոշել էր, որ միայն լուսնի շողերի վրայով պիտի գլորվի: Բայց այ քեզ բան, լուսնի շողերն ընկնում էին հատապտուղների վրա, տերևների վրա, գետնին ընկած պտուղների վրա: Սա ի՜նչ հրաշք էր: Ոզնին գլորվելով  տերևների վրայով, հատապտուղների վրայով` սնկեր, գետնամորի, գետնին ընկած պտուղների  վրայով`տանձ, խնձոր, սալոր,  հավաքում էր մեջքի սուր - սուր փշերի վրա: Այս ամենը իր բույնը տանելով, մի լավ ճաշում էր: Գիշերները` սովորության համաձայն, մեկ - մեկ էլ  մկներ էր բռնում: Երազանքով չեն կշտանում, բայց ոզնին երազանքի արծաթե ասեղներն ունենալու մտքից չէր հրաժարվում: Նրա փշերը  նույնիսկ տեղ - տեղ արծաթե երանգ էին ստացել: Իր երազանքն իրականություն դարձնելու ցանկությունից, նա ամեն գիշեր գլորվում էր լուսնի շողերի հետևից: Իսկ արդյունքում ոզնին պաշար էր հավաքում, և ինքն էր կշտանում, և իր ձագերն էին կուշտ լինում: Նրան ոչ ոք չէր արգելում երազել:

Իսկ նա   ապրում էր իր երազներով..

Գլորվում է ոնց գնդակ,

Ձեռք տաս`մատդ կծակի,

Ապրում է փշերի տակ`

Զենք ու զրահն է հագի:

Որս է անում գիշերով,

Կաթնասուն այս կենդանին,

Ասեղից սուր փշերով

Տանում է բույնը զոհին:

 

Комментариев нет:

Отправить комментарий