вторник, 28 июня 2022 г.

ԽՆՁՈՐՆ ՈՒ ՏԵՐԵՎԸ

Աշնան ցրտերն ընկել էին: Քամին սառն էր փչում` ձմեռը  մոտ էր: Ծառերը մերկացել էին: Քամին չէր դադարում կախվել  ծառերից.  թափ էր տալիս ծառերի ճյուղերը` մի տերև կամ միրգ  ծառի վրա մոռացված չմնար հանկարծ…Բայց, զարմանալիորեն, խնձորի ծառի վերին` բարակ ճյուղին, կպած տերև էր մնացել, իսկ  մի քիչ ներքևի ճյուղին`մի խնձոր : Աչքից թաքուն էր մնացել խնձորը կամ հեռու էր եղել մեկնված ձեռքերից, ու հիմա դիմանում էր ցրտին ու ձյան տեղ մաքրող  քամու փչոցին:

Ձմեռնանում էր, իսկ տերևն ու խնձորը ամենևին իրենց անտեսված չէին զգում:

-Ինձ նման ով կա թեթև ու համարձակ: Մի տեսեք ոնց եմ քամահար, բայց գեղեցիկ: Ծառի միակ տերևն եմ, ծառի մերկությունը ծածկողը:

-Ես քեզանից համարձակ ու գեղեցիկ եմ,- մի քիչ ներքևից ձայնում էր խնձորը: Ես պտուղն եմ իմ ծառի, ինձանով են ճանաչում ու կարևորում ծառս: Այս քամին ձմռան հետ գա էլ, գնա էլ:

Քամին շարունակում էր սառը փչել ու ձյան տեղ մաքրել:

-Կդիմանամ մինչև գարուն,- սվսվում էր ցրտահար տերևը:

-Ես էլ կդիմանա,- ցրտահար շրշում էր խնձորը,-հավատալով, որ գարունը մոտ է:

Բայց քամին իր հետ ձյուն բերեց: Փաթիլները նստեցին ամենուր` տերևն ու խնձորն էլ ձյունե ծածկույթով պատվեցին: Չէ, սա ամենևին էլ նրանց սրտով չէր:

-Ես թացվել եմ ձյունի հպումից և դրանից ավելի եմ մրսում,- սվսվում էր տերևը:

-Ես էլ եմ սառել ձյունի տակ,- մրսկան ձայնով պատասխանում էր խնձորը:

-Ոչինչ, կդիմանամ այս ցրտին, ձմեռը շուտով կհեռանա,- հավատավոր թրթռում էր տերևը:

-Ես էլ կդիմանամ, պինդ եմ կպած ճյուղին,- ներքևից ձայնում էր խնձորը: Գարունը պետք է որ հեռու չլինի:

Տերևն ու խնձորը միմյանց հուսադրելով դիմադրում էին ձմռան ցրտին ու քամուն: Մի օր զգացին, որ հալոցք է, արևը սկսել էր տաքացնել: Թե չէ ձմռան արևի մեջ լույս կար, բայց տաքություն չկար:

-Ուռռա, գարուն է գալիս,- ցնծաց ծառի վրա ձմեռած տերևը:

-Հրաշալի տաքություն, գարնան արև, համա թե պինդ եմ, թե չէ ինչպես կարող էի ձմեռել ծառի վրա,- հրճվեց խնձորը:

-Մենք հաղթեցինք` ձմեռը վերջացավ, հիմա կարող ենք վայելել  մեր հաղթանակը,-գրեթե միաբերան ուրախությունից ճչացին խնձորն ու տերևը:

Ծառը սկսեց բողբոջել, նոր տերևները սկսեցին կանաչին տալ: Խնձորը նայեց իր վերևում մնացած տերևին: Ձմեռելուց հետո տերևը խունացել էր, գունատվել, ասես տերև չլիներ: Նոր բացված տերևների մոտ շատ խղճուկ տեսք ուներ: Ով կասեր, որ նա ամուր կամք ուներ, որ դիմացկուն  էր, որ գեղեցիկ էր եղել, որ…

-Դու այլևս տերև չես` ոչ տերևի գույն ունես, ոչ տերևի տեսք,- տերևին ասաց խնձորը խղճահար ձայնով:

Տերևն ակամա ցած նայեց ու համարյա չճանաչեց խնձորին.

-Վայ, դու էլ ես կորցրել քո դեմքը, ասես խնձոր չլինես, այնպես գունատ ես,- մարող ձայնով խնձորին հազիվ գտավ խունացած տերևը:

Բայց դա ինչպես պատահեց, չէ որ ուժեղ ու գեղեցիկ էինք, չէ որ կարողացանք դիմանալ ձմռան ցրտին ու քամուն հանուն նոր գարնան` համարյա միաձայն ասացին խնձորն ու տերևը: Իսկ ծառը գնալով ավելի ու ավելի էր կանաչ տերևներով գեղեցկանում:

-Չէ, ավելի լավ է տեղս զիջեմ բողբոջած տերևին, քան խղճուկ ու ծիծաղելի լինեմ նրանց կողքին: Կարող է, որ չեն էլ հավատա, որ ես էլ իրենց պես տերև եմ, չէ որ ես այլևս ես չեմ,- մտածեց խունացած ու չոր տերևը ու պոկվելով ճյուղից ընկավ ծառի տակ: Գուցե ներքևում մի բանի օգտակար լինեմ,- հուսադրեց ինքն իրեն….

-Այո, ես էլ այլևս խնձոր չեմ, իզուր եմ համառորեն կպած մնում իմ ծառի բարձրիկ ճյուղին: Դե դա արդեն իմ տեղն էլ չէ, - մտածեց խնձորն ու պոկվելով ճյուղից ընկավ գետնին` տերևի վրա:

- Գուցե մի օր ես էլ ծառ դառնամ, խնձորի ծառ, ընձյուղվեմ ներսիս կորիզներից,- հույս փայփայեց խնձորը,- իմ ծառի նման կմեծանամ…. 

-Ես քեզ հետ եմ,- հազիվ շշնջաց հողին փշրված տերևը…

 

 

воскресенье, 26 июня 2022 г.

ԳՈՐՇԱՄՈՒԿԸ

-Սովի մասին ավելորդ է մտածել`մառանում լիքը բերք ու բարիք կա.  ցորենով լի պարկեր, տարբեր մրգերի չրեր, չորացրած սնկեր, ալյուր ու շաքարավազ: Չէ, շաքարավազի մասին հիշել  չարժե:- Հըմ,- քթի տակ <հըմ>  արեց գորշ մուկը: Գորշ գույնի էր տեսքը, դրա համար անունն էլ Գորշամուկ էր:

Գոհ էր ապրուստից, գոհ էր իր գորշ գույնից` սիրում էր իրեն Գորշամուկ անունը տալ`գետնի վրա աչքի չէր ընկնում, բայց հո ճարպիկ ու արագավազ էր:

Քթին հոտ դիպավ, անդուր հոտ էր: Մոտից անցնելուց տեսավ, որ պանիր է:

-Հըմ, -նորից քթի տակ <հըմ> արեց Գորշամուկը,- այսքան եղածի մեջ պանի՞ր պիտի ուտեմ: Ինչիս է պետք: Երբ եմ պանիր կերել, որ հիշեմ: Իմ սիրելի ուտեստը ցորենն է, մրգերն են, չրեղենն  էլ չեմ հրաժարվի կրծմրծելուց: Վայ, մարդ էլ այսքան տարօրինակ լինի,-մտածեց Գորշամուկն ու նորից  անցավ պանրի մոտից:

-Ահա՜, դա այնքան էլ պանիր չէր,- հասկացավ նա: Աչքից չվրիպեց պանրով թակարդը, որին քիչ էր մնում դիպչեր:

-Այլևս այդ ճանապարհով չեմ գնա, - որոշեց Գորշամուկը և իրեն հատուկ ճարպկությամբ, վազքով շրջաններ արեց մառանում: 

Իր տեղը չէին իմանա, եթե չմատնվեր: Ավելի շուտ` ինքն իր մասին մատնեց: Ցորենի պարկի բերանը բաց էր մնացել, Գորշամուկն էլ որոշեց պարկի բաց բերանից հեշտ ու հանգիստ ուտել: Դե, բացբերանը`բացբերան է: Տանտիրուհու ցորենով լի ափսեից հազիվ դուրս պրծավ, բայց մնաց նշանառության տակ: Հիմա թակարդ են լարել պանրով:

-Ես այդ պանիրն ուտողը չեմ, թող գան հետ տանեն,- վճռված էր:

Հաջորդ օրը Գորշամուկը յուղոտ հոտ առավ, յուղոտ հացի հոտ էր:

-Ուտեմ-չուտեմ,- մտածում էր Գորշամուկը, հազիվ զսպելով ուտելու ցանկությունը: Զգուշությունը պահելով մոտեցավ.

-Թակարդ է, փախիր,-ինքն իրեն համոզեց նա:

Փախչելուց լավ էր, փախավ:

-Եթե կարծում են, որ այսքան ուտելիքի մեջ քաղցած եմ մնում, ու թակարդում դրած հացուպանիրը պիտի ուտեմ, սխալվում են: Ես իրենց իմացած մկների նման չեմ,-ինքնավստահ մտածեց Գորշամուկը: -Պարկի բերանից չեմ տանի, պարկի տակից` աննկատ կրծելով,  հատիկ - հատիկ կտանեմ,- որոշեց Գորշամուկն ու շարունակեց ապրել ինքն իր համար:

Մի օր անտես հյուրի հոտ առավ: Ուզում էր ճանաչել: Ցերեկվա լույսի տակ մոտեցավ այդ քնած գազանին:

-Ալարկոտի մեկն է երևում,- մտածեց նա: Բա սա չի՞ սովածանում, բա որ քնա՞ծ էլ մնա: Արթնացնե՛մ, մառանի բերք ու բարիքի տեղերը ցույց տամ, թո՛ղ ինքն էլ ուտի, - որոշեց Գորշամուկը:

 Բայց հազիվ էր հպվել քնածին, հետ քաշվեց ծակող ցավից:

-Թշնամի է երևում,- հասկացավ Գորշամուկը,- սրանից լավ կանեմ հեռու մնամ:

Բայց ինչքան էլ զգուշությունը պահեր Գորշամուկը, մի գիշեր, քիթ - քթի, հանդիպեց նրան:

-Ես քեզ համար համեղ չրեր ունեմ պահած,- վախեցած ծվծվաց Գորշամուկը: Դու հանգիստ կարող ես ուտել, քեզ չեմ խանգարի,- ասաց ու վազեց չրեղենի կողմը:

-Ճիշտ որ, ինչ լավ ուտեստներ կան, չորացրած միրգ ու սնկեր,- ուրախացավ փշոտ գազանը հոտոտելով ճանաչելի ուտեստները:

-Լավ, ես այստեղ եմ, որ իմ փշերով ծակծկեմ ու սատկացնեմ քեզ: Ինձ բոլորը ոզնի են ասում: Բայց այսքան եղածի մեջ քեզ ուտելը անհամ բան կլինի..

-Հավատա՛,  դու այստեղ քաղցած չես մնա, այնքա՜ն շատ ուտելի բան կա...Դու կարող ես գիշերը այստեղ տիրություն անել, ինչքա՛ն ուզես `կշտանաս, ես ցերեկը մի քանի հատիկով էլ կկշտանամ - կսովածանամ:

-Երևի ճիշտ ես ասում,- մտմտաց ոզնին,- փորձենք այդպես անել: Աշխատիրը գիշերը ձեռքս չընկնել, թե չէ կսպանեմ`դրա համար եմ այստեղ:

-Այո, կաշխատեմ,- հուզառատ ծվծվաց Գորշամուկն ու չքացավ մթության մեջ:

Տանտիրոջ աչքից չվրիպեց չրերի պակասելը, չորացրած սունկն էլ մի հատիկ էր մնացել: Ոզնին էր ուտողը`կասկած չկար: Էլ ինչու նրան թողնել մառանում: Որոշված էր` ոզնուն հանեցին մառանից:

Գորշամուկը անմիջապես զգաց ոզնու բացակայությունը` քանի օր էր ձայն չուներ գիշերվա լռությունը:

-Լավ է, մենակ ավելի հանգիստ է, - մտածեց Գորշամուկն ու նորից վախեցավ,- եթե հանգիստ թողնեն ուտել:

Իզուր չէր Գորշամկան վախերը: Կատվի մլավոցը` հեռվից - հեռու, դող էր բերում մարմնին: Իսկ հիմա մոտիկից էր լսվում, նրա հոտն էլ քթին էր դիպչում:

-Չէ, ինքը խելոք մուկ է, այսքան ուտելիքի մեջ սովից չի սատկի: Կատվին հետևից կգցի,  կգժվացնի, կուտի իր բաժին ցորենն ու պարկի կրծոտած մի անցքից կմտնի, մյուսով կփախչի:

-Մյաու, մյաու,- մլավում էր կատուն մառանով մեկ:

Մի մկան համար փականքի տակ մնալը հեչ սրտովը չէր: Իր կաթն ու ձուկը թողած, մո՞ւկ էր որսալու: Բայց ի՞նչ աներ, ստիպված պիտի փորձեր:

-Դե բռնվի՛ր, կատո՛ւ, քեզանից իմ վախն ինձ ուժ կտա,- որոշեց Գորշամուկն ու  կատվին գցեց հետևից: - Տեսնենք ո՞վ ավելի լավ պահմտոցի կխաղա: Դե՛, կատո՛ւ, վերև-ներքև, աջ ու ձախ…

Մի այնպիսի իրարանցում սարքեցին մուկ ու կատու խաղալով` մառանում շաղ տալով ցորենը,  ամանեղենն ու չրեղենը: Ո՞ր տանտերը կուզենար մառանում այդպիսի՛ կատու ունենալ` դուրս վռնդեցին:

-Ես սրանց չափ վնաս հո չե՞մ տվել, ինչո՞ւ են բոլորով ընկել իմ հետևից,- չէր հասկանում Գորշամուկը :-Ա՜խր իմ կերածը հատի՛կ-հատի՛կ է: 

 Վախով լի  ապրելու օրեր էր գլորում Գորշամուկը: Բայց գնալով ապրուստը պակասում էր: Մի օր նկատեց, որ պարկի տեղը մի քանի հատիկ ցորեն էր թափված մնացել: Էլ ի՞նչ ցորենով լի պարկ, ի՞նչ չրեղեն`չկա՛ր, վերջացել էր: Ուտո՛ղը հո մենակ ինքը չէ՜ր:

Նկատել էր, որ մառանի բացված դռնից օրը արևոտ է երևում:

-Մառանից դուրս գալ է պետք, ինչ գնով էլ լինի, պետք է լույս աշխարհ դուրս գալ,- որոշեց Գորշամուկն ու հենց բացվեց մառանի դուռը` դուրս թռավ: Այնպիսի արագությամբ սահեց դռնից դուրս, որ թռչունն այդպես չէր կարող արագ թռչել:

Իսկ դրսում տաք էր ու արևոտ:

-Ձմեռնամուտին  կվերադառնա՛մ,- ինքն իրեն խոստացավ Գորշամուկը: 

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

 

 

 









понедельник, 9 мая 2022 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԼՈՒՍԻՆ

Շատ դարեր առաջ, Մարս անունով մոլորակը կռվարար ու անբարիշտի մեկն էր: Երկնքում նա շարունակ կռիվներ էր հրահրում ուրիշ մոլորակների հետ ու քաոսային վիճակ ստեղծում շուրջբոլորը: Արեգակը արեգակնային համակարգում գտնվող մոլորակների վրա   իշխանություն ուներ, բայց աչք էր փակում  այս մեկի  կռվարարությանը,  չնայած,  որ Մարս մոլորակը  երկերեսանի մեկն էր ու  Արեգակին միշտ իր դեմքի խաղաղ կողմն էր  ցույց տալիս: Երկիր մոլորակն ու այդ ժամանակ երկվորյակ Լուսին մոլորակները Մարս մոլորակի հետ չէին ուզում խնդիրներ ունենալ, այդ պատճառով նրանից հեռու էին մնում: Բայց կռվարարը, որ իր  բնավորության պատճառով  նաև Կարմիր մոլորակ էր կոչվում,  Ֆոբոս և Դեյմոս  անուններն ունեցող  արբանյակներով միշտ կռվի տրամադրություն էր ստեղծում, վախ ու սարսափ տարածելով: Մարս մոլորակը  ահուսարսափի մեջ էր պահում իրենից մեծ ու փոքքր մոլորակներին: Երկիր մոլորակը, իր խաղաղ բնավորության պատճառով, կապտագույն տեսք ուներ: Մարս մոլորակի աչքին նա Կապույտ մոլորակ էր  ու  ափսոսում էր, որ իրեն չի վիճակվել կապույտ գույնը,  բայց երբեմն նա հաջողացնում էր կապույտ մայրամուտներ ունենալ: Մի անգամ Երկիր մոլորակի ու երկվորյակ Լուսին մոլորակների մտերմությունն այնքան չարացրեց նրան, որ այլևս չհամբերեց  ու Մարս մոլորակը որոշեց  գերեվարել Երկիր մոլորակին, թեպետ չափսերով ինքը նրանից փոքր է գրեթե երկու անգամ:  Երկու Լուսին մոլորակները, որ երկվորյակ եղբայրներ էին,  հանուն Երկրի սիրո ու մտերմության, առանց մտածելու կռվի մեջ մտան Մարս Մոլորակի հետ: Այնպես եղավ, որ կռվի թեժ պահին, նրանք ուժեղ բախվեցին միմյանց  ու  ցաքուցրիվ եկան երկնքով մեկ, այնպես որ, քիչ մնաց բեկորներից մտնեին Արեգակի աչքի  մեջ: Արեգակն իր բարկությունը երկար զսպեց Մարս մոլորակի հանդեպ: Այնքան համբերատար եղավ, որ հենց համբերատարության պատճառով սպիտակ գույնի  դարձավ: Բայց Արեգակին  Դեղին մոլորակ  են ասում, որովհետև նա այդպիսին էր երևում իր ջերմացնող ճառագայթների շնորհիվ:  Արեգակն այնքան երկար զսպեց իրեն` շատ երկար,  որ անտարբերությամբ լցվեց  Մարսի  նկատմամբ, ու  որոշեց  չտաքացնել նրան: Մարս մոլորակի կրակոտ խառնվածքը  այլևս ժանգագույն երանգ ստացավ: Իսկ միմյանց բախված երկվորյակ լուսինների մասնիկները  քիչ - քիչ, փշուր - փշուր իրար եկան: Երկիր մոլորակը սպասեց , այնքան սպասեց, մինչև հնարավորինս միավորվեն ցրված մասնիկները , բայց դրանք արդեն բոլորեցին, կլորացան ու առաջվանից փոքր մեկ Լուսին  դարձան:  Մասնիկների մի մասը այդպես էլ ցրված մնացին երկնքով մեկ` աստղերի տեսքով:  Լուսինն այլևս  իր ներսում պահում էր  կորստի տխրությունը` նա այլևս երկու կես էր: Երեքօրյա մեռնումներով ու հառնումներով, մաշվելով ու նորանալով,  Լուսինը կիսվում էր  ու այլևս պահում էր իր երկվորյակի հուշը:

Արեգակն իր շողերով  փորձեց մեղմել Լուսնի տխրությունը` առատորեն լուսավորելով նրան բոլոր կողմերից, բայց զգացմունքային ու ինքնասեր Լուսինը հետ ուղարկեց Արեգակի ճառագայթները` մնալով սառը նրա ջերմության հանդեպ, չէ որ Արեգակը կարող էր կանխել իրենց բախումը և կռիվը  չէր լինի: Ու ինչքան էլ սառը մնաց Լուսինը,   ինչքան էլ  անդրադարձրեց Արեգակի ուղարկած ճառագայթները, մեկ է, Արեգակի ճառագայթների լույսից պայծառացավ ու կողքից նայողին թվում էր, թե նա իր սեփական լույսն ունի:  Լուսինը  սկսեց պտտվել Երկիր մոլորակի շուրջը` չթաքցնելով իր տրամադրությունը երկրից:  Լուսնի  տրամադրության փոփոխությունից  կախված, փոխվում էր նաև Երկրի տրամադրությունը: Լուսնի մեռնումների օրերին` ցավոտ հիշողությունների ժամանակ,  Երկրում տեղատվություններ էին, քամոտ ու անձրևոտ եղանակ, փոթորիկներ, իսկ երբ լուսինը կլոր էր, նույնիսկ քնկոտ մեկի քունն էր փախչում, ամենքը մեծ եռանդով էին լցվում:

Իսկ Երկիր մոլորակը չհրաժարվեց Արեգակի ջերմությունից ու լույսից,  ջերմանալով ու պայծառանալով նրան շողերից: Երբ Երկիր մոլորակը գտնվում էր Արեգակի և Լուսնի միջև, Լուսինը մթագնում էր  և խավարում դեմքը: 

Բայց Լուսնի վրա ընկած Արեգակի լույսը գիշերները երևելի էր Երկրին և լուսատու էր դարձնում Լուսնին, որն  ուրախալի էր և  աննկատելի  էր պահում այլևս Լուսնի սառնությունը… ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

  



 


 ԳԱՐՈՒՆԸ ԵՍ ԵՄ ԲԵՐԵԼ

Ուշ աշուն էր: Վաղուց ցրտել էր աշխարհը: Արևն էլ  երեսին նայողին չէր ծիծաղում: Երկինքն օրերով կաթում էր ու թրջում գետինը: Բոլորը գիտեին ձմռան գալու մասին`չվող թռչունները չվել էին, գազանները մտել իրենց տաքուկ բները: Մարդկանց տների ծխնելույզներից վառարաններն էին ծխում: Ձմեռ էր գալիս:

Հողի տակ ծածկված բույսերի սերմեր ու արմատներ կային: Սերմերի  ծլելու համար եղանակը սառն էր, բայց չէին ցրտահարվում: Նրանք մինչև ձմռան վերջը տաք - տաք հիշողություններ ունեին հողի տակ ծածկված,  որ կյանքի նման թանկ էր նրանց համար` նորից գարուն պիտի գար:

Երիցուկի սերմը պահում էր իր ծաղկի հուշը`սպիտակ ու բուրավետ, բժկության մեջ օգտակար: Հիշում էր, որ սիրում է շփվել և լինել մյուս բույսերի կողքին, բայց մրցակցությանը երկար դիմանալ չէր կարողանում և թփի վրա չորանում էր: Հիմա լավ էր, գարուն կգա և նա կծաղկի.

-Գարունը ես եմ բերում,- մտածում էր երիցուկը, թեպետ բոլորը գիտեին, որ նա ծաղկում է  գարնան վերջում:

Մեխակի սերմը` ինչքան իրեն հիշում էր, պահանջկոտ չէր մայր հողի նկատմամբ: Կարող էր ծաղկել նույնիսկ ավազոտ հողերում: Ու մեխակի սերմն էլ հողի տակ չէր մրսում: Գարունը ես եմ բերում,- հրճվում էր իր մտքում, ուրախանալով հուշերի մեջ ապրող տաք ու կանաչ աշխարհի համար:

Վարդակակաչի հիշողությունը իր ծաղկի նման ալվան էր` կծաղկեր, ծիլ  տալով սոխուկից, թեպետ իր ծաղկի սերմն էլ կարող էր ծլել ու ծաղկել:

Կակաչի սերմերը դաշտի հիշողություն ունեին ու  համատարած փռված լույսի, որին այնքան շատ էին սիրում վառվռան թերթերով հպվել: Գարունը ես եմ բերել,- կրկնում էր մտքում, որ հետո չմոռանար  բարձրաձայնել:

Անթառամիի սերմը չէր մոռացել  իր դեղին ծաղկի բժշկող  ուժի մասին: Իր օգտակարության մասին գիտեր, դրա համար էլ  ծաղկում  էր ծաղկաբույլերով: Նա էլ էր մտածում, որ ինքն է գարուն բերելու աշխարհին:

Դեղին աչքունքով էր իրեն  հիշում  խատուտիկ  ծաղիկը: Սիրում էր կապել ծաղկաբույլ և սերմերը քամուն տալ: Ծաղկում էր ամռան սկզբին և աշնանը: Եթե աշնանից հետո էլի ամառ լիներ, ապա խատուտիկը եռակի կծաղկեր ու….էլի գարուն լույս աշխարհ կբերեր:

Կալայի պալարըը գիտեր, որ իր ծաղիկը շատ էլեգանտ տեսք ունի, թեպետ ինչքան հիշում էր, իրեն նվիկազգի են ասում: Թող ասեն, ինքը նվիկ չէ և կարող է դիմանալգարնան գալուն: Բայց քանի որ ձմեռ էր, պետք էր համբերել ու հետո գարուն բերել բոլորին: Մայր հողի տակ շատ բույսերի ու ծաղիկների սերմեր ու արմատներ  կային, որ կանաչ հիշողություն ունեին ու սպասում էին ձմռան ավարտին:

Երբ արևը շատ  տաքացնի սառած հողը, գարուն  կտանեմ աշխարհին` սա ամեն մեկի սպասումն էր, որ չէին մոռանում. պիտի ծիլ տային, պիտի կանաչեին ու ամեն մեկը մտածեր, որ գարունն ինքն է իր ծաղկումով բերել աշխարհին: Բայց ձմեռը երկարում էր, դեռ ցուրտ էր ու հողը սառն էր և ոչ մեկի մտքովը չէր անցնում խախտել տաք հուշերի սահմանը: Միայն սերմերից մեկն էր, որ հիշողության մեջ  ձյուն  ուներ` թաց ու արտասվող ձյուն: Նրա ծաղիկը չգիտեր ամառվա մասին, նա կանաչ դաշտեր չէր տեսել: Նրա հիշողության մեջ մրսող արև կար ու իր ծաղիկները փնջող մարդկանց տաք ժպիտ: Նա չէր կարող իր հիշողությունը  կիսել ուրիշ ծաղիկների հետ, որովհետև նրանք չգիտեին ծաղկել ձյուների մեջ, բացվել ցուրտ աշխարհին ու չվախենալ: Ինչ լավ էր, որ չէր մոռացել, որ պիտի ծաղկեր նորից, որ սառած աշխարհը սպասում է գարնան գալուն:  Աշխարհը պիտի ուրախանար ու տաքանար իր ծաղկումով: Ինչ լավ էր, որ մտքի մեջ ձյան  հիշողություն ուներ, քանզի ինքը ձնծաղիկ էր:

Գարունը ես եմ բերել` նորից կասի  ձնծաղիկն  ու աշխարհը  կտաքանա  ծաղկելու  համար….

-Բարև, Արև, բարև, Աշխարհ,-

Ծիլը ասաց աչքը բացած,

Արթնացել էր քնից երկար,

Եվ ուրախ էր և զարմացած:

Շուրջը ձյուն էր դեռ կիսահալ,

Սառն էր շնչում ափի հողին,

Արեգակի շողն էր երկար

Հպվում ծիլի ձյունոտ դողին:

-Բարով ելար լուսե աշխարհ,-

Արևն ասաց երջանկացած,

-Երբ չկայիր, գարուն չկար,

Կորած հետք էր ճամփեն անցած:

Ծիլը ձգեց գլխիկը վեր,

Ելավ ձյունից նա ձնծաղիկ,

-Թող ես բերեմ գարունը ձեր,-

Ծաղկուն լինի ճամփան գալիք: