среда, 27 апреля 2022 г.

 

ՎԻՆ

Ծնողներն իրար էին գլորում իրեն, երբ դեռ ձվի մեջ էր: Նրանք հերթով տաքացնում էին ձուն, որ ինքը ձվի ներսում չմրսեր: Նրանց փորի վրայի բնում, որ ընդամենը ծալքերով ճարպաշերտ էր,  շա՜տ ապահով էր:

Լսում էր, թե ինչպես են իր համար անուն փնտրում:

-Վի՛ն, Վի՛ն կանվանենք մեր պինգվինիկին, երբ  նա դուրս գա ձվից,- առաջարկում էր մայրը:

Հայրը ուրիշ անուն չգտնելով, համաձայնում էր: Հետո, հաջորդ օրը ամեն ինչ նորից էր սկսվում:

-Վի՛ն կանվանենք մեր ձագուկին ,- գտած ասում էր մայրը:

Ու նորից,  առանց հակառակվելու,  գլխի շարժումով հավանություն էր տալիս հայր պինգվինը: Լսում էր, բայց  ծնողներին արձագանքել չէր կարողանում, քանի որ դեռ ձվի մեջ էր: Երբ վերջապես ճեղքեց ձվի կեղևն ու լույս աշխարհ եկավ, արդեն անուն ուներ:

-Վի՜ն,- գորովալից ձայնում էր մայրը:

-Վի՜ն,- սիրալիր էր հայրը:

Վին պինգվինիկը շատ ուրախացավ, երբ աշխարհ մտավ  ու տեսավ, որ մենակ չէ: Նա բացի ծնողներից, տեսավ պինգվինիկների  ու պինգվինների մի ամբողջ մոլորակ: Նրանք բոլորն էլ իր նման  բաց գույնի աղվամազով պատված մարմին ունեին, իսկ աչքերի շուրջը` սև շրջանակներ,  կարծես ակնոցներ, իր աչքերի շրջանակների նման: Հայր ու մայր պինգվիններն էլ նման էին նրանց հայրերին ու մայրերին` մեջքներին ասես մուգ  գույնի թիկնոց կրեին, գլուխները ածխոտ էին, իսկ կրծքավանդակից մինչև փորի տակը ձնագույն էր:

-Իսկական պինգվինների համար  է այս սառուցյալ աշխարհը,- մտածեց Վինը: Հա, էլի, աչքը ինչքան կտրեր` սառո՛ւյց էր ու ձյո՛ւն, ու մեկ էլպինգվիննե՜ր պինգվինննե՜ր: Ինչքան էլ մայրիկն ու հայրիկը նրան ստիպեին կրկնել Անտարկտիդա անվանումը, մե՛կ է, նրա համար այս վայրի անունը պինգվինների՛ մոլորակ էր մնում:

Վաղուց քաղցած էր, ուտել շատ էր  ուզում: Մայրիկն ու հայրիկն էլ էին քաղցած լինում: Մայրիկն ու հայրիկը հերթով  էին  գնում որսի ու վերադառնում` կտնառքում բերած ձկով կերակրում իրեն: Մի անգամ հայրիկը գնաց որսի ու չվերադարձավ: Ասում են՝ շնաձկները նրանց ջրային թշնամիներն են: Էս համատարած սառույցների վրա էլ  ճայերն ու սկուաներն էին խանգարում ապրել: Երբ ձվերը թողնելով, մայրիկներն էլ էին գնում սնվելու, ճայերը կտցելով ջարդում էին: Իսկ սկուաները հարձակվում էին միայնակ ու անզոր պինգվինիկների վրա: Լավ էր, որ թշնամիները թվով պինգվիններից շատ չէին` իրենց նման հազարների չէին հասնում:

Աչքը ջուր կտրեց, մոր վերադարձին սպասելով: Այս անգամ նա ուշանում էր: Վերադարձած մամաների մեջ Վինը իր մորը չգտավ: Ուզում էր տխրել.

-Չլինի թե՞  հայր պինգվինի նման, շնաձկան բաժին է դարձել,- դեռ չէր հասցրել մտածել բոլորի մեջ այդքան մենակ մնացած Վինը, մեկ էլ տեսավ ուրիշ մամաներ, որոնք կորցրել էին իրենց  ձագուկներին, նկատել են իրեն: Նրանք խոշոր ու ծանր քայլերով գալիս էին դեպի Վինը:

-Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- վախեցավ Վինը,- սրա՛նք ինձ ոտնատակ կտան` իրենք էլ չհասկանալով ինչ են անում: Վինը սկսեց  լեղապատառ փախչել: Նա փորձեց մտնել հանգիստ կանգնած մամաներից մեկի փորի տակ: Բայց այնտեղից գլուխը դուրս հանեց ուրիշ պինգվինիկ.

-Զբաղվա՛ծ է,- հասկացավ Վինը: Ու մեկ էլ զգաց, որ մեկն իրեն  կոպտորեն ձգեց: Մի քանի ակնթարթ աչքերի դեմ աշխարհը մթնեց, հետո մարմնին հաճելի ջերմություն զգաց: Զգուշորեն գլուխը  դուրս հանեց իրեն գտած տաք տեղից:

-Ահա՛, այն վազող մամաները,- նկատեց Վինը,- ձեռնունայն ու գլխիկոր հե՛տ էին գնում: Նրանք անվերադարձ  կորցրել էին իրենց ձագերին և  շատ էին ուզում մայրիկ մնալ:

Վինը հասկացավ, որ ինքը պաշտպանված է: Նրան իր փորի տակ էր թաքցրել պինգվիններից մեկը, ով սկսեց կերակրել իրեն: Այս նոր մայրիկը կարծես իր մայրիկը լիներ`շատ հոգատար էր Վինի նկատմամբ: Իսկ գուցե՞  նա հենց  իր մայրիկն էր` իր անունն էլ գիտեր:

Վինը ինքնամոռաց ուրախ էր: Նրա ականջով ընկավ ծանոթ երգը, որ իր երգն էր վաղուց`

Գնո՛ւմ եմ օրոր  ու շորոր,

Մտքի՛ս մեջ օվկիան ու ծովեր,

Իմ ճամփան` մեկ ուղիղ, մեկ` կոր,

Սառույցով բլրացած ձորեր:

Ընկնո՛ւմ եմ, գլորվում, ելնում,

Կորչում եմ` հեռո՜ւ  բոլորից,

Զգո՛ւյշ եմ, մենակ եմ երբ մնում,

Գնում եմ ի՛մ ճամփան նորից:

Պինգվի՛ն եմ փոքրիկ, բայց ուժեղ,

Վա՛խ չունեմ  ճամփին կորչելուց,

 Տեղս եղել է երբ շատ նեղ,

Օտվել եմ թշնամուս թշնամուց:

Գնո՛ւմ եմ,  խառնվե՜մ օվկիանին,

Սառցե այս ճամփան վերջանա,

 Երգս  պահ կտամ ջրերին,

Անունս երգիս մեջ կմնա:  

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ