среда, 27 апреля 2022 г.

 ԵՐԵՍԻՆ  ՉԷՐ  ԵՐԵՎՈՒՄ

Եղավ այնպես, որ օրերից մի օր միմյանց հավատարմության երդում տվեցին բարձրագոչ աքաղաղը, գող փիսոն, պոզատ  այծն ու թունավոր օձը: Նրանք որոշեցին ապրել մի հարկի տակ` հարազատների նման: Սկզբում ամեն ինչ լավ էր, այնքան էլ դժվար չէր մի  ընտանիքի անդամ լինելը: Ամեն մեկն իր գործը գիտեր, աքաղաղը քուջուջ էր անում և  հողի միջից  իր համար անձրևորդեր գտնում: Դա իր ընկերների բաժին ուտելիքը չէր, և նա հանգիստ մարսում էր կերածը: Փիսոյին ամեն օր կաթ էր տալիս պոզատ այծը: Իսկ կաթ նա  ամեն օր ունենում էր` արածելով շուրջը փռված առատ ու փարթամ խոտը: Օձը  դաշտամկան բներ էր գտնում ու բռնում դաշտամկների` միշտ կուշտ մնալով: Ամեն ինչ հրաշալի էր, կյանքը հիասքանչ էր: Ոչ մեկը մյուսին չէր խանգարում, բոլորը գոհ էին.

Միասին ենք ապրում մենք`

Անծանոթ չենք ձեզ,

Մեր անելիքը գիտենք,

Քաղց զգալու պես:

Ո՛չ եղբայր ենք, ո՛չ էլ `քույր,

Բարեկամ ենք բայց,

Օձ, փիսո, այծ, ու աքլոր,

Կուշտ ու սրտաբաց:

Երդվել ենք մի հարկի տակ

Երջանիկ ապրել,

Ինչ լա՜վ է իրար գտանք,

Ինչ նմա՜ն ենք մենք:

Բայց մի օր, առավոտ կանուխ, լույսը դեռ չբացված, աքաղաղը բարձր, ծղրտան ձայնով  ծուղրուղու կանչեց:

- Ի՞նչ է պատահել, - հարցրեց պոզատ այծը,- ալարկոտ արթնանալով:

-Լուսաբա՛ց է,- պատասխանեց  բարձրագոչ աքաղաղը, - ինձ հետ առաջինը տեսե՛ք լուսաբացը:

- Ի՞նչ է պատահել,- վախեցավ գող փիսոն:

-Ոչինչ էլ չի՛ պատահել, լուսաբա՛ց է,- ասաց բարձրագոչ աքաղաղը ինքնագոհ:

Օձը ձայն չհանեց: Բայց երևում էր նրան էլ դուր չեկավ բարձրագոչի ծուղրուղուն:

-Ի՞նչ է նշանակում՝ լուսաբաց է, իրենք կո՞ւյր են ինչ է, չե՞ն տեսնում, որ լուսաբաց է,  լուսաբա՛ց է` լուսաբա՛ց չէ, ինչո՞ւ պիտի աքաղաղն ասի այդ մասին,- մտածեց նրանցից ամեն մեկը, բայց որոշեցին ներել  աքաղաղին, չէ որ նա վատ բան չէր արել:

Օրը մայրամուտին էր մոտենում: Գող փիսոյին թվաց, որ կաթ քիչ է կերել ու որոշեց պոզատ այծին առանց զգուշացնելու, մի քիչ էլ կաթ  ուտել: Այ քեզ պոզատ այծ, նա փորձեց  պոզահարեց գող փիսոյին, իր կոտրված պոզի մասին մոռանալով: Ուժեղ հարվածից գլուխը ցավեց` քիչ մնաց պայթեր, երբ քսվելով փիսոյին,  խփվեց գետնին:  Բա խեղճ փիսո՜նցավից մլավեց ու ցատկեց օձի վրա: Թունավոր օձի հետ անգամ կատակ անել չի լինի: Նրա  հենց  քթի տակից  դաշտամկները  փախան հեռո՜ւ հեռունե՜ր: Օձը անակնկալի  գալով, չհասկացավ ոնց խայթեց  պոզատ այծին: Խայթոցը թունավոր էր և այծը տեղն ու տեղը սատկեց:

Վա՜յ, էս ի՞նչ եղավ, ես չէի ուզում,- ֆշշացնելով սկսեց արդարանալ օձը,- ախր չէի՛ ուզում սպանել նրան, ես դա բնազդաբար արեցի, ընդամենը պաշտպանվեցի ու…

Աքաղաղը սկսեց կտցելով նեղել օձին: Օձը գալար -գալար գալով ցավից,  փախավ՝ կորչելով քարերի տակ: Փիսոն անմեղ տեսքով լիզում էր իր ցավացած տեղերը:

-Ծուղրուղո՜ւ,- կանչեց բարձրագոչ աքաղաղը,- իբր թե`տեսե՛ք տեսե՛ք:

Որտեղից - որտեղ հայտնվեց մի աղվես:

-Սա՛ մեր ընտանիքի անդամը չէ, սա որտեղի՞ց հայտնվեց, - մտածեց բարձրագոչ աքաղաղն ու աքլոր - աքլոր աքլորանալով ընդառաջ գնաց: Աղվեսին էլ դա էր պետք, աքաղաղի վիզը ոլորեց ու տարավ ամենքի աչքից հեռու մի տեղ:

Իսկ գող փիսոն, որ արդեն մուկ էլ էր կարողանում բռնել,  շարունակեց սրանից - նրանից ուտելիք գողանալ: Թեպետ ամեն անգամ ծեծ էր ուտում, բայց մե՛կ է, երեսի՛ն չէր երևում: ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ





Комментариев нет:

Отправить комментарий