среда, 27 апреля 2022 г.

                   ԱՅԼԵՎՍ ԽԱՇԽԱՇ

Եղավ այնպես, որ նույն այգում հարևանաբար` կողք - կողքի, ապրում էին  ցորենի հասկն ու կակաչը:

Կակաչը գիտեր իր վառ գույնի  և իր գերող ուժի մասին: Նա հմայում ու գրավում էր բոլորին իր գեղեցիկ տեսքով: Իսկ ցորենի հասկի կողմը չէր  էլ ուզում նայել:

-Սա ինչ է ցցվել իմ կողքին,- նեղվում էր կակաչը և   մտքովը չէր էլ  անցնում բարևել ցորենի հասկին:

-Նա արժանի չէ իմ բարևին,- մտածում էր կակաչը գոռոզաբար:

Ցորենի հասկը խոնարհաբար բարևում էր, իսկ նա ձևացնում էր, որ չի նկատում:

Մի օր հասկը ասաց, որ ինքը լցված հատիկներ ունի, որ սպասված ու ցանկալի է լինելու մարդու և շատերի համար: Կակաչը, որ  կարծում էր, թե նա դատարկ ու անպետքի մեկն է` զգաստացավ:

-Մի թե իրենից ավելին է նա, մի թե ավելի է կարևորում մարդն այս փշոտին, չէ որ ես ծաղիկ եմ,- չարացավ կակաչն ու  այտերն այրվեցին: Մի թե այս բույսն ավելին կարող է լինել, քան իր ծաղիկն ու սերմնատուփը,- և նրա  սիրտը, որ սևով էր լցվել, քիչ մնաց պայթեր նախանձից:

Հիմա առավել ևս չէր ուզում նկատել հասկի գոյությունը, ինչ մնաց թե նրան  բարևեր:

-Ես կթմրեցնեմ մարդու միտքն ու մարմինը, կլինեմ քնաբեր նրա ցերեկներում և գիշերներում: Նրա մտքի մեջ  ես կլինեմ միայն,  նա կմնա գերված ինձանով, միայն ինձանով,- որոշեց կակաչը:

Եվ այլևս նա դարձավ Խաշխաշ ….

Комментариев нет:

Отправить комментарий