понедельник, 19 ноября 2012 г.

ԳԵՏՆԱՍԿՅՈՒՌՆ ԵՄ


Հովհարի պես պոչ  ունեմ,
Ասում եմ թուր է,
Իզուր ինչու թաքնվեմ,
Երբ վախն իզուր է:
Երբ ինձանից փախչում է
Թունավոր կոբրան,
Աքլորի պես փքվում  է
Պոչս  բացբերան:
Փչակի մեջ է բունս,
Թաքչում եմ հյուրից անկոչ,
Գուշակեցիք անունս,
Գետնասկյուռն եմ  փափկապոչ:

среда, 31 октября 2012 г.

ՊԱՐԾԵՆԿՈՏ ՄԱՐԾԵՆԿՈՏԸ

ՊԱՐԾԵՆԿՈՏ  ՄԱՐԾԵՆԿՈՏԸ

Մարծենկոտը այնքան էլ չէր հավանում իր անունը: Ասես մայր կապիկը կարգին անուն չէր լսել, որ իրեն անվաներ: Չէ որ, մայր կապիկը շատ լավ լսողություն ուներ: Դե, ասենք թո՛ղ իր անունը լիներ Վագրիկ`լսած կլիներ: Ի՞նչն էր պակաս: Մի՛ն  իրեն նայեք, մե՛կ էլ էդ վագր կոչեցյալին կարող եք չնայել: Կամ էլ`  ինքն ինչո՞վ էր պակաս առյուծ արքայից: Մայր կապիկը թո՛ղ իր անունը Արքա դներ: Ա՜խր նա կարող էր, չէ՞,  իրեն հարցնելհետո նոր անվանակոչել: Հայր կապիկն էլ հետաքրքիր է` ինչպե՞ս կարող էր չմիջամտելերբ հարցն իր անվան շուրջն

 էր` Մարծենկո՜տ: Չէ՛, հնչեղ չէր անունը: Բայց դա դեռ քի՛չ էր,  իրեն  Պարծենկոտ էլ էին կանչում: Ի՞նչ էր արել որ` շնաձուկ էր կերել:

-Հե՜յ, լսում եք,- թռչելով ճյուղից - ճյուղ, մի ծառից մյուսին, ձայնում էր Մարծենկոտը: - Ես շնաձուկ եմ կերել: Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք,- մատների վրա  հաշվելով նորից էր ձայնում կապիկը,- երե՛ք հատ շնաձուկ եմ կերել:

Ով լսում էր, զարմանում էր` սրան նայես, թե՛ սրա  կերածին:

-Սրա քաշի՛ն նայիր, մի երկու կիլոգրամ հազիվ լինի, բայց ասում է շնաձուկ է կերել,- ուզում էր չհավատալ գոմեշը: Նա գիտեր, որ մի քանի հարյուր կիլոգրամ է կշռում ամենափոքր շնաձուկը:

-Բա բոյը, ասե՛ս թզուկ լինի, մեկ մետրից էլ կարճ է,- աչքը նրանից չկտրելով ուզում էր չհավատալ ակնոցավոր օձը:

-Ե՜ս շնաձուկ եմ կերել` մե՜կ, երկո՜ւ, երե՜ք,- ամբողջ կոկորդով ծղրտում էր Մարծենկոտը, թե ինչ է` ողջ աշխարհն իմանար:

Ձենը հասավ կոկորդիլոս Գենային: Հա էլի, ճիշտ էր հիշում, Գենա էր կոկորդիլոսի անունը: Նա վարարած գետի ջրերով եկել, տապ էր արել էն ծառի տակ, որի վրա Մարծենկոտն էր:

-Որտե՞ղ ես շնաձուկ կերել, արի գնանք միասին ուտենք,- նրան երկար չհամբերեց Գենան:

Մարծենկոտը` պարծենկո՛տ, բայց շատ վախկոտն էր: Նա խելքը շնաձկան հետ հո չէ՞ր կերել, որ Գենայի հետ ջրիկ ճամփա գնար: Չէ՛, չէր մտնի ափերից ելած ջրերի մեջ: Ծառերի բարձունքից կսպասեր այնքան, մինչև ջուրը նորից հետ քաշվեր`թեկուզ դա շաբաթներ տևեր: Կոկորդիլոս Գենան էլ ոնց եկել էր ջրի հետ, թո՛ղ այնպես էլ հեռանար:

-Երբ ջուրը հետ քաշվի անտառից, կգնամ  փռված ու արևերես դուրս ելած ջրախոտերում, նորից  շնաձկներ փնտրելու: Քանի դեռ նրանք խոշոր մաշկաթաղանթով պատված ձկնկիթներ են, ես կշարունակեմ ուտել, մի լավ կուտեմ,- որոշեց այլևս  անձայն պարծենկո՛տ Մարծենկոտը: