воскресенье, 24 ноября 2013 г.

ՁՄԵՌ ՊԱՊ

Պապիկ է,բայց մանկան նման
Թռչկոտում է և երգում,
Սպասված հյուր է նա այնքան,
Բայց տարին մեկ են տեսնում:
Չի վախենում ցրտից,քամուց,
Ճամփեքից նեղ ու դժվար,
Ձմեռ պապ է ինքը մանկուց,
Երազանքն ունի երկար:
Տարեմուտի տոնի առթիվ
Նվերներ է բաժանում,
Ու մանկացած պապին այս ժիր
Աշխարհը չի մոռանում:



ՏՈՆԱԾԱՌ

Թե ձմռանը,թե ամռանը
Նա ունի կանաչ ճյուղեր,
Հրաշքի է նման տանը`
 Տոն է իր հետ նա բերել:
Ճյուղերից կախ արջ ու ոզնի,
Արևներ ու աստղիկներ,
Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,
Կամ թե կոնֆետ`քաղիր,կեր:
Տոնի ծառ է նա իսկական,
Տարեմուտ է ,Նոր Տարի,
Հեքիաթի է նման այնքան
Խնդությունը   շուրջպարի:


суббота, 14 сентября 2013 г.

ՈՒՐԱԽ ԳՆԱՑՔ

ՈՒՐԱԽ  ԳՆԱՑՔ

Վա՜յ, իշուկը լացում է,- մռռաց մլավան փիսոն:

-Իա՜, իա՜,- ձայնը գլուխն էր գցել Իշուկը:

-Տեսնես ինչո՞ւ է լացում,- նեղսրտած կռթկռթաց հավիկը:

-Ասո՛ւմ են վարակիչ հիվանդություն ունի,- ծղրտաց աքլորը:

-Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ, կորի՛ր մեր բակից,- իշուկի կողմի վրա հաչոցը չէր կտրում շնիկը:

-Իա՜, իա՜,- տխուր ձայնում էր իշուկը: Ախր նա ողջ կյանքում իրեն  բեռնակիր այս բակում էր հիշում  ու հիմա էլ մեջքը ցավում էր ծանր բեռան տակ:

-Շարժվի՛ր,- լսեց  իշուկն իրեն ուղղված հրամանն ու կողին իջած ճիպոտի հարվածին տխուր արձագանքեց.

-Իա՜, իա՜:

Արդեն բոլորը գիտեին իշուկի հիվանդության մասին: Ասում էին վարակիչ է այդ տխրություն կոչվող հիվանդությունը, դրա համար էլ բակում  իշուկին ո՛չ մեկը չէր խղճում, ո՛չ մեկը չէր ուզում տխրել նրա պես:

-Չի՛կ, չա՛կ, չուո՜ւկ,- լսվում էր հեռվից: Չո՜ւկ, չա՜կ, չիի՜կ,- ձգվում էր ուրախ սուլոցը:

Ո՛չ մեկը չգիտեր ով է այդ ուրախ ու գոհ ձայնի տերը: Ո՛չ մեկը դեռ նրան չէր տեսել: Բայց երբ բակում լսվում էր հեռվից եկող այդ ձայնը, բոլորը մի տեսակ ուրախանում էին:

Շնիկը սկսում էր պոչը խաղացնել, հավիկը կչկչոցը գլուխն էր գցում, աքաղաղը արևածագին նման էր ծուղրուղու կանչում: Բակում բոլորը աշխուժանում էին, միայն Իշուկն էր, որ տխո՜ւր – տխո՜ւր էր:

-Իա՜, իա՜,- կանչում էր նա:

Մի օր տխրությաբ հիվանդ իշուկը և ուրախ սուլոց արձակող անծանոթը հանդիպեցին: Նրանց ճամփեքը խաչվեցին: Իշուկի տխուր հայացքը հուզեց անծանոթին ու նա չկարողացավ անտարբեր թողնել ու հեռանալ:

-Ուրախ գնացք է  անո՛ւնս,- ասաց անծանոթը իշուկին: Արի՛ բարեկամանանք, կուզես եղի՛ր ինձ եղբայր:

-Իի՛, ի..ա,իա՜, անունս Իշուկ է,- ձայնեց իշուկը:

-Շատ լավ,- ուրախացավ Ուրախ գնացքը,- քո մեջքի բեռի հետ միասին բարձրացիր իմ մեջքին: Իմ մեջքը երկաթի պես պինդ է, ես քեզ տուն կտանեմ: Ինձ համար ուրախություն է լավություն անելը, բարի գործեր կատարելը: Օգնել` ինչքան կկարողանամ, ով իմ օգնության կարիքն ունի իմ ճանապարհին, ահա իմ ուրախության բանալին,- ժպտալով շարունակեց Ուրախ գնացքը:

Իշուկը մտավ Ուրախ գնացքի մեջ և հասկացավ, որ էլ տխուր չէ, հասկացավ որ իր տխրությունը այլևս իրեն պետք չի:

Բակում շատ  չմնաց Ուրախ գնացքը, նա շտապում էր հասնել և օգնել իր կարիքը ունեցող շատ - շատերին: Բակում Իշուկին արդեն չէին նեղացնում, շնիկը, հավիկը, աքլորը, բոլոր - բոլորը գիտեին նրա բարեկամ Ուրախ գնացքի մասին:

-Իա՜, իա՜,- սովորության համաձայն զռռում էր Իշուկը և ոչ մեկը չէր մտածում այլևս, որ նա հիվանդ է տխրությամբ: