четверг, 3 декабря 2015 г.

Աշոտիկը փոքր էր
Խաղալիք արջից,
Բայց երբ ուզեր կքաշեր
Ականջ ու դնչից:
Խելացի էր,հարցասեր
Թե բան չիմանար,
Արջին տալիս էր դասեր
Թե  դպրոց գնար:
Աշոտ Երկաթ թագավոր
Որ հետո դառնար,
Ուտում էր նա ամեն օր

Խնձոր ու գազար  :

пятница, 30 октября 2015 г.

Քարե որդ է ասես
Այս հսկա սողունը,
Չոր ու կոշտ է մաշկը,
Գետի մեջ է տունը:
Ատամ է ցույց տալիս
Երախը բաց ,թե `փակ,
Ջրի տակ պահ գալիս,
Ահագին ժամանակ:
Թե որ գետն են մտնում
Եղնիկ,ցուլ կամ քարայծ,
Ջրի խորքից ցատկում,
Ու համփում է հանկարծ:
Ջրախեղդ է անում
Երախն առած որսին,
Դու լավ ես ճանաչում
Կոկորդիլոսին:


суббота, 24 октября 2015 г.

ԳԵՏԱՁԻ
Գետի արքա է ասես
Բուսակեր այս կենդանին,
Հաստակաշի,ծանր ու մեծ
Գլուխը կախ իր բանին:
Ջրիմուռներ է գտնում
Գետի հատակից
Ջրի մեջ օրը մթնում`
Արածում ափից:

ՈՒՂՏ
Ասես նավ է կենդանի
Անապատի ավազին,
Մեջքին սապատ նա ունի
Ու բրդոտ է ահագին: 
Փշոտ խոտեր է ուտում,
Ծարավ մնում  օրերով,
Քարվանի հետ  գնում,
Ծանր ու մեծ բեռներով:


суббота, 26 сентября 2015 г.

Աշուն է եկել,
Մտել մեր այգին,
Որ մրգին հպվել`
Հասել է կարգին:
Տանձը քաղցրացել`
Ծառին չի մնում,
Խաղողը հասել`
Աչքով է անում:
Խնձոր,դեղձ,սալոր,
Կախ են ճյուղերին,
Քաղցր ու գունավոր,
Աչքները հողին:
Ճկվել է  բերքից
Տունկն էլ լոլիկի,
Պղպեղը կծվից
Թեքվել է կողքի:
Ճաքել է նուռը`
Ներսն է երևում,
Պահել է ճյուղը
 Ընկույզը  բռում:
Աշուն է եկել,
Ներկերով անգին,
Ինչ լավ է գտել,
Մեր դուռն ու այգին:

суббота, 19 сентября 2015 г.

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

ԱՐՋ
Օրորվում է քայլելիս`
Ծուռթաթ է բրդոտ,
Սիրում է միրգ,մեղր ու միս
Հասակից  քոթոթ:
Քնում է նա ողջ ձմեռ,
Խորքում  իր բնի,
Մռթմռթանն այս ծանր ու գեր
Գազան է վայրի:

ԱՌՅՈՒԾ
Մռնչյունը սարսափ
Ու դող է տկարին,
Բաշը փարթամ ու արձակ`
Վայել անունին:
Արքան է գազանների,
Կատվազգի է նա,
Փրայդի  հետ  թե լինի
Սոված չի մնա:

ԳԱՅԼ
Աչքերը վառվող ածուխ
Գիշերվա մթնում,
Ոռնոցը ահ ու երկյուղ
Լսողի սրտում:
Ոհմակով է որս անում
Ձյուներին ձմռան,
Մաքրարար են անվանում,
Վայրենուն այս շան:

ԲՎԵՃ
Գլուխը մեծ` կարճ վզին
Պտույտ է անում,
Մի կեռ քիթ է երեսին
Կռնչալ ջանում:
Լսում է, ոնց գետնի տակ
Մուկը ծվվծվաց,
Աչքերն են հեռադիտակ,
Չի մնում քաղցած:
Թռչում է շատ անաղմուկ
Մթնում գիշերվա,
Գիտի որսալ առնետ,մուկ,
Գիշատիչ է նա:

ԽԽՈՒՆՋ
Ալեհավաք է գլխին,
Ճոճվող աչքերով,
Պինդ ու փայլուն իր խեցին
Տուն է ապահով:

ՇՈՒՆ
Հաչել է նա իմացել,
Լակոտ հասակից,
Բարեկամ է նա դարձել
Վաղուց քեզ ու ինձ:
Պաշտպանում է գողերից
Տուն ու դուռը մեր,
Հեռու չի գնում բնից,
Գիտի նվիրվել:

ՉՂՋԻԿ
Գլխիվայր կախված,
Թռչող այս մուկը,
Մնում է քնած 
Մինչ ընկնի մութը:
Որսի է ելնում
Միայն գիշերով,
Կուրորեն թևում
Ձայներ լսելով:

ԽԽՈՒՆՋ
Մարգատաքար է աճում
Խեցու մեջ  նրա,
Ծովի հատակն է իջնում,
Որ մարդ չիմանա:

четверг, 20 августа 2015 г.


Ես վագրիկ եմ,թե կատու,
Պոչս ցույց տամ, տես,
Ձորս թաթ ունեմ,աչք`երկու,
Կատվազգի եմ հեզ:
Կատուներից տարբեր եմ,
Վագրերից ` հեռու,
Իմ որ աչքով քեզ նայեմ,
Նույնն ես մնալու:
Աչքիս մեկը կապույտ է,
Մյուսը` դեղին,
Երբ որ  իմ դեմ գորշ մուկ է,
Ճաքում է լեղին:
Որսը չեմ թողնում փախչի,
Կատու եմ Վանա,
Ով որ վագրիկ ինձ կանչի
Նա թող իմանա:

пятница, 14 августа 2015 г.


Ես մուկն եմ այն <Շաղգամ>ի,
Որ պապը ցանեց,
Որ առանց ինձ,իմ ուժի
Հողից չհանեց:
Պիտի գնամ ժողովի`
Մեծ պատիվ ունեմ,
Աչքի առաջ բոլորի
Կատվին տրորեմ:
Չեմ թողնի մեռնի սովից,
Ցեղն իմ մկստան,
Ճանաչում է կատուն ինձ,
Մոտիկ եմ նրան: 
Վզից զանգ եմ կախելու
Բոլորն իմանան,-
Քթից ծուխ է ելնելու,
Երբ կրակի տամ:
Թելից է կյանքը կախված`
Կրակը վառեմ,
Մոմից է կատուն հալված,
Զանգը ետ տանեմ:

воскресенье, 14 июня 2015 г.


Ճոճանակ ,ճոճանակ,
Օրորվում ես ոնց նավակ,
Ասես լինես սավառնակ`
Օդի մեջ ես շարունակ:
Գնում ես ու ետ գալիս,
Դու ինձանից էլ արագ,
Քեզանից պոկ չեմ գալիս,
Արի խաղանք ճոճանակ:


Ծիվ,ծիվ ծիծեռնակ,-
Ուրախ ձայն ունես ,
Մեր բակի  թռչնակ,
Երգով կթևես:
Նորից գարուն է,
Աշխարհն է կանաչ,
Օդը  սահում  է
Թևերիդ առաջ:
Ուրիշ ծիծեռներ
Եկած քո երգին,
Թող շինեն բներ,
Քիվ ու տանիքին:
Որտեղից գիտեք,
Անձրև է գալու,
Տուն եք շտապում,
Չեք  թռչում   հեռու:






воскресенье, 3 мая 2015 г.


ԾԱՂՐԱԾՈՒ
Ծիծաղ է նվիրում հանդիպելիս,
Ասես նա ծնվել է դրա համար,
Դիմակները ձեռքից ձեռք չի տալիս,
 Դեմքը ասես լինի  գունեղ նկար:
Արարքներով փոքրի` մեծ  միամիտ,
Ուղիղ խոսք է ասում  ծուռ խոսելիս,
Ծիծաղելին ունի լավ մարդու սիրտ,
Կատակերգու է նա անգամ լալիս: