вторник, 10 марта 2020 г.

ԱՄԵՆԱՈՒՐԱԽ ՄԱՐԴԸ

Եվան տատիկի հետ գնում էր թատրոն: Երթուղային տաքսու մեջ բոլորը մեծեր էին, միայն Եվան էր փոքրիկ: Նա այնպես էր ուզում մեծերն իմանան, որ ինքը գնում է ներկայացում դիտելու, որ ինքն իրեն սկսեց բարձրաձայն խոսել.

-Ե՛ս գնում եմ թատրոն:

Դիմացի նստարանին նստած կինը շրջվեց նրան.

-Տիկնիկայի՞ն թատրոն:

-Սո՜ւն-Սո՜ւն..,-ձգեց Եվան:

-Սունդուկյանի՞ թատրոն:

-Հա՛,-գլխով արեց Եվան:

-Իսկ ի՞նչ ես դիտելու:

-Սառցե՜, սառցե՜…

-Սառցե՞ թագուհին - փորձեց օգնել կինը:

-Չէ՛, սառցե սի՛րտը,- ձախ ձեռքը դնելով կրծքի աջ մասում,- ասաց Եվան, ամեն բառն արտաբերելիս օդը ներս քաշելով ու թուքը կուլ տալով:

-Սի՛րտը ձախ կողմում է,- Եվային հուշեց տատիկը: Եվան իսկույն փոխեց ձեռքերի դիրքը` աջ ձեռքը պահելով սրտի մասում:

-Գիտե՞ս, թե ինչի՞ մասին է ներկայացումը:

Եվան մտածկոտ նայեց հարցնողի դեմքին` ասես նրանից էր պատասխան սպասում:

-Քանի՞ տարեկան ես,- Եվային հանգստացնելու համար հարցը փոխեց ուղևորը:

Եվան ձեռքի բութ մատը ծալած ցույց տվեց մյուս չորսը:

-Ա՜, դու չորս տարեկան ե՞ս:

-Հա՛, չո՜րս տարեկան եմ, որ մեկը կորցնեմ, կլինի երեք,- ասաց Եվան ու ծալեց ցուցամատը,- որ էլի մեկը կորցնեմ,  կլի երկու, մեկն էլ կորցնեմ, կմնա մեկը,- գյուտ արածի պես Եվան ուրախացած ցուցանեց ճկույթիկը` մատները ծալելով:

-Կորցնելով հեշտ է հաշվում,- ուղևորին դարձավ Եվայի տատիկը:

-Շատ ապրե՛ս,- Եվային ոգևորեց ուղևորը,- իսկ դու հեքիաթ սիրո՞ւմ ես:

-Հա՛, սիրում եմ, բայց չի՛ կարելի նվեր տալ ու հետ ուզել,- նորից ամեն բառի հետ շունչը պահելով ասաց Եվան:

-Ի՞նչ նվեր,- հետաքրքրվեց ուղևորը, ում այնքան շատ էր գրավել աղջնակը, որ մոռացել էր իր որտեղ լինելը:

-Ծիտի՛կը հետ ուզեց փուշը, չի՛ կարելի հետ ուզել,- նշանակալից ասաց Եվան:

Եվայի պատասխանն անսպասելի էր, նա այնպես հատու էր ասում <չի կարելի>-ն, որ առարկել չէր լինի, թե Թումանյանի <Ծիտը> հեքիաթի ծիտիկը փուշը տվեց, բայց հետ պահանջելիս համաձայնեց փոխանակել լավաշ հացով:

-Այո՛, իհարկե, չի կարելի տվածը հետ ուզել: Իսկ դու ո՞ւմ ես նվեր տվել ու հետ չես վերցրել:

-Ինքը դժվա՛ր է նվիրում, հեշտ չի իրենից մի բան վերցնելը,- միջամտեց Եվայի տատիկը:

-Հա՛, տիկնիկ եմ նվե՛ր տվել,- աչքերը կլորացնելով  հիշեց Եվան, ասես տատիկի ասածը չլսելով:

-Ու հետ չե՞ս ուզել,- ցանկացավ պարզել ուղևորը:

-Չէ՛,- գլուխը տարուբերեց Եվան:

-Լավ է, որ նվիրո՛ւմ ես ու հետ չե՛ս ուզում, չէ՞:

-Հա՛,-ասաց Եվան ու մեկ էլ հանկարծ աշխուժացավ,- Ձմե՛ռ պապն ինձ շատ նվերներ է տվել:

-Ու հետ չի ուզել, չէ՞,- ժպտադեմ ընդհատեց ուղևորը:

-Չէ՛, հետ չի՛ ուզել:

-Դո՛ւ էլ քրոջիցդ հետ չուզես տիկնիկդ:

-Չէ, հետ չե՛մ ուզի:

-Ուրա՞խ ես, որ քույրիկիդ տիկնիկ ես նվիրել:

-Հա՛,- արդեն վստահ գլխով արեց Եվան:

-Գիտե՞ս, որ աշխարհի ամենաուրա՛խ մարդը Ձմեռ պապն է, որովհետև շատ է նվիրում և շատերին ուրախացնում նվիրելով:

-Հա՛, Ձմե՛ռ պապն է,- համաձայնեց Եվան,- հետ չի ուզում տված նվերները,- ու էլի ամեն բառի հետ օդը  կուլ տալով ավելացրեց,- ես ո՛չ մեկին չեմ տալու դրա՛նք…