вторник, 20 декабря 2011 г.

ՀԵՅ,ՁՆԵՄԱՐԴ

Սպասումը շուտ է գարնան տաք արևի,
Երբ  ձնել է սարը,անտառն ու մեր բակը,
Երբ ձնե տոպրակ է  շալակին  ամպերի,
Երբ  քանդվել է ձյունե տոպրակի հին կապը:
Ու ձյունոտ է հիմա օդի մեջ երկինքը,
Պարող փաթիլներն են բակ իջնում խաղալու,
Ուրախ ճիչով  է լի  իմ ու օրվա սիրտը,
Ձնագունդ ենք բակում  հիմա գլորելու:
Գլորվելով պիտի ու ժամով մեծանա
Ձնեգունդն  ու երբ որ մնա դրսում մենակ,
Ինձ նման նա պիտի մթից  վախ չունենա,
Ու չպիտի տխրի ինձ պես առանց  սահնակ:
Նրան դեմքով պիտի ամեն մեկն իմանա`
Եվ անունով կանչի ,-ասի , հեյ, Ձնեմարդ,
-Ասի տեղ չգնաս,  տեսադաշտում  մնա,
Թե չէ մեկ էլ տեսար անհետ-անտես  կորար:
Ձնեմարդու մոտ դեռ  պիտի գնանք ու գանք,
Պարող փաթիլներ կան  ամպերի  ցուրտ  ներսում,
Հեյ, ինչքան շատ պիտի մենք ձնեմարդ խաղանք,
 Ձմեռվա  ցուրտ  կեսին ինչքան տաք սպասում…

ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՄԱՆՈՐԸ


ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՄԱՆՈՐԸ
Արի ուրախ դիմավորենք
Ամանորի տոնը բարի,
Ուրախություն`սեր նվիրենք,
Խինդն աշխարհի որ վարարի:
Մենք մեզ սիրենք` բարի հուշով
Ճանապարհենք հին Նոր տարին,
Ու տոների անթիվ հույսով
Դիմավորենք տոնն ու տարին:
Դիմավորենք Ամանորը
Ամենանոր խինդ ու սիրով,
Իմն է, քոնն է այս Նոր տոնը,
Մեզանով լի գինով` գինով…

Ես Նապաստակի տարվա ծնունդ եմ

Նապաստակի է այս անցնող տարին,
Ես նապաստակի տարվա ծնունդ եմ,
Գնում է` թողած ինձ ու ձեզ բարին,
Նոր տարվա տոնն է արդեն մոտեցել:
Լույսերը վառ են նոր տոնածառի,
Խաղալիքների տոնահանդես է,
Ձմեռ պապիկը ամեն Նոր տարի
Մանուկների հետ ժիր մանկան պես է:
Պարում է ուրախ,նվերներ տալիս,
Բոլոր-բոլորի սիրելին է նա,
Հին տարին գնում ու Նորն է գալիս,
Թեկուզ և Վիշապ անուն ունենա:
Վիշապի տարվան ինչ անում էլ տանք,
Ձմեռ Պապիկ ու Ձյունանուշ ունի,
Նրանք անպայման նորից հյուր կգան`
Նրանց ծնունդն է տոնն Ամանորի:

понедельник, 21 ноября 2011 г.

Կորել է առանց հետքի

Ճերմակ թամբ ունի բակի
Կարուսելի կապույտ ձին,
Ճերմակ մուշտակը  հագի`
Ամպը նետել է գետնին:
Ձյունը լցվել է բակը,
Փռել է ճերմակ սավան,
Ձյունառատ բակի ամպը
Փաթիլվել գիտե միայն:
Ձյունը հասել է ծնկին,
Ճամփան փակ է ձիուկի,
Ամպագույն է կապույտ  ձին,
Կորել է առանց հետքի…

понедельник, 7 ноября 2011 г.

ՌԱՖԻԿ ՊԱՊԻԿՆ ՈՒ ՀԱՖԻԿԸ

 
Հաֆիկ,-այսպես էր կանչում Ռաֆիկ պապիկը իր շանը:Երբ մեկը ձայն էր տալիս`Ռաֆիկ,Ռաֆիկ,շունը այնպես էր հաֆ,հաֆ անում,կարծելով թե կանչում են`Հաֆիկ,Հաֆիկ:
Հաֆիկը շատ էր սիրում տիրոջը:Ռաֆիկ պապիկն էլ իր հաֆիկ շանն էր շատ սիրում:Հաճախ էր նրա կապը քանդում,բայց պարանը միշտ ձեռքում էր պահում:Զբոսանքի էին գնում միասին:Հաֆիկը գիտեր,որ զբոսնելիս ոչ մեկի վրա չպիտի հաչի:Սա հո տուն պահպանել չէր:Հետո,այնպես հաճելի էր տիրոջ ստվերի տակ քայլելը:Ոչ մեկը քար չէր գցում:Գիտեին,որ անտեր շուն չէ:Մի անգամ Ռաֆիկ պապիկը առանց Հաֆիկի գնաց մոտակա թավուտը` օջախի համար կպչան բերելու:
-
Հաֆիկ,տես,տունը մարդ չմտնի,-պատվիրեց Ռաֆիկ պապիկը:
Հարևանի կատուն շատ երեսառածի մեկն էր:Ոնց չէր սիրում Հաֆիկը նրան:Ոնց էր զայրանում,երբ հարևանը նրա հետ էր գալիս Ռաֆիկին հյուր:Առնում էր գոգին,փաղաքշում:Ոնց էր համբերում Հաֆիկը,որ չհարձակվի ու չգզգզի նրան:Ախր Ռաֆիկ պապիկը սաստում էր իրեն:Ասում էր`Հաֆիկ,նստիր տեղդ:
Հիմա այդ մլավանը չի տեսնում,որ տերը տունն իրեն է վստահել??  Այսպես անվախ,հաստատ քայլերով էս ուր է առաջանում:Վայ,տես է,թռավ նստեց Ռաֆիկ պապիկի պատուհանի գոգին:Հիմա տուն կմտնի,պատուհանը մոռացել է փակել Ռաֆիկ պապիկը:Դե չէ,կարող է բաց է թողել տունն օդափոխելու համար:Բա Հաֆիկը ինչի համար է էստեղ,որ պահպանի տունը գողերից ու սրա նման աներես կատուներից:
Այ,այ,այ,ոնց է չարացել Հաֆիկը:էլ ինչպես տեղը նստեր:Ոնց էր`հաֆ,հաֆ հաչում,իսկ կատվի պետքն էլ չէր:
-
Կապիդ մնա,Հաֆիկ,-երևի մտածում էր կատուն ու պատրաստվում պատուհանից տուն մտնել:
Չէ,սա արդեն չափազանց վիրավորական էր Հաֆիկի համար:Նա ձենը գլուխը գցած այնպես էր թռչում աջ ու ձախ,որ կապը կտրեց:Կատուն սարսափահար պատուհանից ներս ցատկեց:Հաֆիկը թռավ նրա ետևից:Մի այնպիսի իրարանցում, մի այնպիսի մրցավազք սկսվեցՌաֆիկ պապիկի տանը,որ թող ու փախի:Հաֆիկը կատվի ետևից ընկած չտեսավ,թե վզի երկար պարանը ոնց կապվեց սեղանի ոտին,իսկ կատուն սեղանի երեսն էր լպստում:Շրջված կաթի շշից թափվող կաթը այնպես էր խմում, կարծես իր համար էր դրել Ռաֆիկ պապիկը:
Երբ Ռաֆիկ պապիկը տուն եկավ,ամբողջ տունը տակն ու վրա էր արած:Իսկ կատվի պետքն էլ չէր,դռնից դուրս սողաց դիպչելով Ռաֆիկ պապիկի ոտքերին:Հաֆիկը տխուր հաֆ-հաֆ արեց կատվի վրա:
Ռաֆիկ պապիկը ամեն ինչ հասկացավ.
-
Հաֆիկն ավելի լավէլ ինչպես պահպաներ տունը: