вторник, 28 июня 2022 г.

ԽՆՁՈՐՆ ՈՒ ՏԵՐԵՎԸ

Աշնան ցրտերն ընկել էին: Քամին սառն էր փչում` ձմեռը  մոտ էր: Ծառերը մերկացել էին: Քամին չէր դադարում կախվել  ծառերից.  թափ էր տալիս ծառերի ճյուղերը` մի տերև կամ միրգ  ծառի վրա մոռացված չմնար հանկարծ…Բայց, զարմանալիորեն, խնձորի ծառի վերին` բարակ ճյուղին, կպած տերև էր մնացել, իսկ  մի քիչ ներքևի ճյուղին`մի խնձոր : Աչքից թաքուն էր մնացել խնձորը կամ հեռու էր եղել մեկնված ձեռքերից, ու հիմա դիմանում էր ցրտին ու ձյան տեղ մաքրող  քամու փչոցին:

Ձմեռնանում էր, իսկ տերևն ու խնձորը ամենևին իրենց անտեսված չէին զգում:

-Ինձ նման ով կա թեթև ու համարձակ: Մի տեսեք ոնց եմ քամահար, բայց գեղեցիկ: Ծառի միակ տերևն եմ, ծառի մերկությունը ծածկողը:

-Ես քեզանից համարձակ ու գեղեցիկ եմ,- մի քիչ ներքևից ձայնում էր խնձորը: Ես պտուղն եմ իմ ծառի, ինձանով են ճանաչում ու կարևորում ծառս: Այս քամին ձմռան հետ գա էլ, գնա էլ:

Քամին շարունակում էր սառը փչել ու ձյան տեղ մաքրել:

-Կդիմանամ մինչև գարուն,- սվսվում էր ցրտահար տերևը:

-Ես էլ կդիմանա,- ցրտահար շրշում էր խնձորը,-հավատալով, որ գարունը մոտ է:

Բայց քամին իր հետ ձյուն բերեց: Փաթիլները նստեցին ամենուր` տերևն ու խնձորն էլ ձյունե ծածկույթով պատվեցին: Չէ, սա ամենևին էլ նրանց սրտով չէր:

-Ես թացվել եմ ձյունի հպումից և դրանից ավելի եմ մրսում,- սվսվում էր տերևը:

-Ես էլ եմ սառել ձյունի տակ,- մրսկան ձայնով պատասխանում էր խնձորը:

-Ոչինչ, կդիմանամ այս ցրտին, ձմեռը շուտով կհեռանա,- հավատավոր թրթռում էր տերևը:

-Ես էլ կդիմանամ, պինդ եմ կպած ճյուղին,- ներքևից ձայնում էր խնձորը: Գարունը պետք է որ հեռու չլինի:

Տերևն ու խնձորը միմյանց հուսադրելով դիմադրում էին ձմռան ցրտին ու քամուն: Մի օր զգացին, որ հալոցք է, արևը սկսել էր տաքացնել: Թե չէ ձմռան արևի մեջ լույս կար, բայց տաքություն չկար:

-Ուռռա, գարուն է գալիս,- ցնծաց ծառի վրա ձմեռած տերևը:

-Հրաշալի տաքություն, գարնան արև, համա թե պինդ եմ, թե չէ ինչպես կարող էի ձմեռել ծառի վրա,- հրճվեց խնձորը:

-Մենք հաղթեցինք` ձմեռը վերջացավ, հիմա կարող ենք վայելել  մեր հաղթանակը,-գրեթե միաբերան ուրախությունից ճչացին խնձորն ու տերևը:

Ծառը սկսեց բողբոջել, նոր տերևները սկսեցին կանաչին տալ: Խնձորը նայեց իր վերևում մնացած տերևին: Ձմեռելուց հետո տերևը խունացել էր, գունատվել, ասես տերև չլիներ: Նոր բացված տերևների մոտ շատ խղճուկ տեսք ուներ: Ով կասեր, որ նա ամուր կամք ուներ, որ դիմացկուն  էր, որ գեղեցիկ էր եղել, որ…

-Դու այլևս տերև չես` ոչ տերևի գույն ունես, ոչ տերևի տեսք,- տերևին ասաց խնձորը խղճահար ձայնով:

Տերևն ակամա ցած նայեց ու համարյա չճանաչեց խնձորին.

-Վայ, դու էլ ես կորցրել քո դեմքը, ասես խնձոր չլինես, այնպես գունատ ես,- մարող ձայնով խնձորին հազիվ գտավ խունացած տերևը:

Բայց դա ինչպես պատահեց, չէ որ ուժեղ ու գեղեցիկ էինք, չէ որ կարողացանք դիմանալ ձմռան ցրտին ու քամուն հանուն նոր գարնան` համարյա միաձայն ասացին խնձորն ու տերևը: Իսկ ծառը գնալով ավելի ու ավելի էր կանաչ տերևներով գեղեցկանում:

-Չէ, ավելի լավ է տեղս զիջեմ բողբոջած տերևին, քան խղճուկ ու ծիծաղելի լինեմ նրանց կողքին: Կարող է, որ չեն էլ հավատա, որ ես էլ իրենց պես տերև եմ, չէ որ ես այլևս ես չեմ,- մտածեց խունացած ու չոր տերևը ու պոկվելով ճյուղից ընկավ ծառի տակ: Գուցե ներքևում մի բանի օգտակար լինեմ,- հուսադրեց ինքն իրեն….

-Այո, ես էլ այլևս խնձոր չեմ, իզուր եմ համառորեն կպած մնում իմ ծառի բարձրիկ ճյուղին: Դե դա արդեն իմ տեղն էլ չէ, - մտածեց խնձորն ու պոկվելով ճյուղից ընկավ գետնին` տերևի վրա:

- Գուցե մի օր ես էլ ծառ դառնամ, խնձորի ծառ, ընձյուղվեմ ներսիս կորիզներից,- հույս փայփայեց խնձորը,- իմ ծառի նման կմեծանամ…. 

-Ես քեզ հետ եմ,- հազիվ շշնջաց հողին փշրված տերևը…

 

 

воскресенье, 26 июня 2022 г.

ԳՈՐՇԱՄՈՒԿԸ

-Սովի մասին ավելորդ է մտածել`մառանում լիքը բերք ու բարիք կա.  ցորենով լի պարկեր, տարբեր մրգերի չրեր, չորացրած սնկեր, ալյուր ու շաքարավազ: Չէ, շաքարավազի մասին հիշել  չարժե:- Հըմ,- քթի տակ <հըմ>  արեց գորշ մուկը: Գորշ գույնի էր տեսքը, դրա համար անունն էլ Գորշամուկ էր:

Գոհ էր ապրուստից, գոհ էր իր գորշ գույնից` սիրում էր իրեն Գորշամուկ անունը տալ`գետնի վրա աչքի չէր ընկնում, բայց հո ճարպիկ ու արագավազ էր:

Քթին հոտ դիպավ, անդուր հոտ էր: Մոտից անցնելուց տեսավ, որ պանիր է:

-Հըմ, -նորից քթի տակ <հըմ> արեց Գորշամուկը,- այսքան եղածի մեջ պանի՞ր պիտի ուտեմ: Ինչիս է պետք: Երբ եմ պանիր կերել, որ հիշեմ: Իմ սիրելի ուտեստը ցորենն է, մրգերն են, չրեղենն  էլ չեմ հրաժարվի կրծմրծելուց: Վայ, մարդ էլ այսքան տարօրինակ լինի,-մտածեց Գորշամուկն ու նորից  անցավ պանրի մոտից:

-Ահա՜, դա այնքան էլ պանիր չէր,- հասկացավ նա: Աչքից չվրիպեց պանրով թակարդը, որին քիչ էր մնում դիպչեր:

-Այլևս այդ ճանապարհով չեմ գնա, - որոշեց Գորշամուկը և իրեն հատուկ ճարպկությամբ, վազքով շրջաններ արեց մառանում: 

Իր տեղը չէին իմանա, եթե չմատնվեր: Ավելի շուտ` ինքն իր մասին մատնեց: Ցորենի պարկի բերանը բաց էր մնացել, Գորշամուկն էլ որոշեց պարկի բաց բերանից հեշտ ու հանգիստ ուտել: Դե, բացբերանը`բացբերան է: Տանտիրուհու ցորենով լի ափսեից հազիվ դուրս պրծավ, բայց մնաց նշանառության տակ: Հիմա թակարդ են լարել պանրով:

-Ես այդ պանիրն ուտողը չեմ, թող գան հետ տանեն,- վճռված էր:

Հաջորդ օրը Գորշամուկը յուղոտ հոտ առավ, յուղոտ հացի հոտ էր:

-Ուտեմ-չուտեմ,- մտածում էր Գորշամուկը, հազիվ զսպելով ուտելու ցանկությունը: Զգուշությունը պահելով մոտեցավ.

-Թակարդ է, փախիր,-ինքն իրեն համոզեց նա:

Փախչելուց լավ էր, փախավ:

-Եթե կարծում են, որ այսքան ուտելիքի մեջ քաղցած եմ մնում, ու թակարդում դրած հացուպանիրը պիտի ուտեմ, սխալվում են: Ես իրենց իմացած մկների նման չեմ,-ինքնավստահ մտածեց Գորշամուկը: -Պարկի բերանից չեմ տանի, պարկի տակից` աննկատ կրծելով,  հատիկ - հատիկ կտանեմ,- որոշեց Գորշամուկն ու շարունակեց ապրել ինքն իր համար:

Մի օր անտես հյուրի հոտ առավ: Ուզում էր ճանաչել: Ցերեկվա լույսի տակ մոտեցավ այդ քնած գազանին:

-Ալարկոտի մեկն է երևում,- մտածեց նա: Բա սա չի՞ սովածանում, բա որ քնա՞ծ էլ մնա: Արթնացնե՛մ, մառանի բերք ու բարիքի տեղերը ցույց տամ, թո՛ղ ինքն էլ ուտի, - որոշեց Գորշամուկը:

 Բայց հազիվ էր հպվել քնածին, հետ քաշվեց ծակող ցավից:

-Թշնամի է երևում,- հասկացավ Գորշամուկը,- սրանից լավ կանեմ հեռու մնամ:

Բայց ինչքան էլ զգուշությունը պահեր Գորշամուկը, մի գիշեր, քիթ - քթի, հանդիպեց նրան:

-Ես քեզ համար համեղ չրեր ունեմ պահած,- վախեցած ծվծվաց Գորշամուկը: Դու հանգիստ կարող ես ուտել, քեզ չեմ խանգարի,- ասաց ու վազեց չրեղենի կողմը:

-Ճիշտ որ, ինչ լավ ուտեստներ կան, չորացրած միրգ ու սնկեր,- ուրախացավ փշոտ գազանը հոտոտելով ճանաչելի ուտեստները:

-Լավ, ես այստեղ եմ, որ իմ փշերով ծակծկեմ ու սատկացնեմ քեզ: Ինձ բոլորը ոզնի են ասում: Բայց այսքան եղածի մեջ քեզ ուտելը անհամ բան կլինի..

-Հավատա՛,  դու այստեղ քաղցած չես մնա, այնքա՜ն շատ ուտելի բան կա...Դու կարող ես գիշերը այստեղ տիրություն անել, ինչքա՛ն ուզես `կշտանաս, ես ցերեկը մի քանի հատիկով էլ կկշտանամ - կսովածանամ:

-Երևի ճիշտ ես ասում,- մտմտաց ոզնին,- փորձենք այդպես անել: Աշխատիրը գիշերը ձեռքս չընկնել, թե չէ կսպանեմ`դրա համար եմ այստեղ:

-Այո, կաշխատեմ,- հուզառատ ծվծվաց Գորշամուկն ու չքացավ մթության մեջ:

Տանտիրոջ աչքից չվրիպեց չրերի պակասելը, չորացրած սունկն էլ մի հատիկ էր մնացել: Ոզնին էր ուտողը`կասկած չկար: Էլ ինչու նրան թողնել մառանում: Որոշված էր` ոզնուն հանեցին մառանից:

Գորշամուկը անմիջապես զգաց ոզնու բացակայությունը` քանի օր էր ձայն չուներ գիշերվա լռությունը:

-Լավ է, մենակ ավելի հանգիստ է, - մտածեց Գորշամուկն ու նորից վախեցավ,- եթե հանգիստ թողնեն ուտել:

Իզուր չէր Գորշամկան վախերը: Կատվի մլավոցը` հեռվից - հեռու, դող էր բերում մարմնին: Իսկ հիմա մոտիկից էր լսվում, նրա հոտն էլ քթին էր դիպչում:

-Չէ, ինքը խելոք մուկ է, այսքան ուտելիքի մեջ սովից չի սատկի: Կատվին հետևից կգցի,  կգժվացնի, կուտի իր բաժին ցորենն ու պարկի կրծոտած մի անցքից կմտնի, մյուսով կփախչի:

-Մյաու, մյաու,- մլավում էր կատուն մառանով մեկ:

Մի մկան համար փականքի տակ մնալը հեչ սրտովը չէր: Իր կաթն ու ձուկը թողած, մո՞ւկ էր որսալու: Բայց ի՞նչ աներ, ստիպված պիտի փորձեր:

-Դե բռնվի՛ր, կատո՛ւ, քեզանից իմ վախն ինձ ուժ կտա,- որոշեց Գորշամուկն ու  կատվին գցեց հետևից: - Տեսնենք ո՞վ ավելի լավ պահմտոցի կխաղա: Դե՛, կատո՛ւ, վերև-ներքև, աջ ու ձախ…

Մի այնպիսի իրարանցում սարքեցին մուկ ու կատու խաղալով` մառանում շաղ տալով ցորենը,  ամանեղենն ու չրեղենը: Ո՞ր տանտերը կուզենար մառանում այդպիսի՛ կատու ունենալ` դուրս վռնդեցին:

-Ես սրանց չափ վնաս հո չե՞մ տվել, ինչո՞ւ են բոլորով ընկել իմ հետևից,- չէր հասկանում Գորշամուկը :-Ա՜խր իմ կերածը հատի՛կ-հատի՛կ է: 

 Վախով լի  ապրելու օրեր էր գլորում Գորշամուկը: Բայց գնալով ապրուստը պակասում էր: Մի օր նկատեց, որ պարկի տեղը մի քանի հատիկ ցորեն էր թափված մնացել: Էլ ի՞նչ ցորենով լի պարկ, ի՞նչ չրեղեն`չկա՛ր, վերջացել էր: Ուտո՛ղը հո մենակ ինքը չէ՜ր:

Նկատել էր, որ մառանի բացված դռնից օրը արևոտ է երևում:

-Մառանից դուրս գալ է պետք, ինչ գնով էլ լինի, պետք է լույս աշխարհ դուրս գալ,- որոշեց Գորշամուկն ու հենց բացվեց մառանի դուռը` դուրս թռավ: Այնպիսի արագությամբ սահեց դռնից դուրս, որ թռչունն այդպես չէր կարող արագ թռչել:

Իսկ դրսում տաք էր ու արևոտ:

-Ձմեռնամուտին  կվերադառնա՛մ,- ինքն իրեն խոստացավ Գորշամուկը: 

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ