четверг, 15 июня 2017 г.

ՁՆԵՄԱՐԴ

ՁՆԵՄԱՐԴ

Կարծես փետրաթափ թռչուն լիներ երկինքը, օդն ասես լիքն էր  պարող փետուրներով: Այնպես սրտաբաց էր օրը` խոշոր ու ճերմակ փաթիլները` ընկնելու չափ,  իջնում էին վերևից  և նստում ամեն տեղ:

Աշոտիկը պատուհանից դուրս պարզեց ձեռքը: Մի քանի փաթիլ նստեցին ափի մեջ և անմիջապես հալվեցին: Նրա ձեռքը թրջվեց սառը հպումից:

-Թող գետնին նստեն,- որոշեց ու հետ քաշեց ձեռքը:

Փակ պատուհանից այնքա՜ն տաք էր ձյունառատ աշխարհը, այնքա՜ն շատ էին փաթիլները, որ օդը չէր երևում:

Մի ամբողջ օր երկինքն անխոս ձյունեց: Բակում ամեն ինչ ծածկվեց ձյունի տակ` ձյունը ճոճանակ էր նստել, թամբել էր բակի կարուսելի ձիուկին, ուրախ գնացքի շչակի հետքն էլ չէր երևում: Այսպիսի լռություն նույնիսկ իր դասաժամին չէր  լինում` ինչքա՛ն էլ ուսուցիչը պարտադրեր: Աշոտիկը շատ էր ուզում բակ գնալ, վազվզել ձյուներում, նստել  փաթիլների նման, գլորվել ձյունառատ գետնին: Երբ այդ մասին ասաց ծնողներին, Աշոտիկի խնդրանքը ծնողները չմերժեցին: Նա  տաք հագնվեց ու դուրս եկավ տնից:

Ոտքերի տակի ձյունը ուրախ ճռճռոցով բարևեց, երբ Աշոտիկը սկսեց քայլել ձյան վրայով:

-Ի՜նչ փափուկ է, ի՜նչ լավն է,- մտածեց Աշոտիկը: Ձյունը շարունակեց ոտքերի տակ ճռճռալ :

-Ուրախ է, լավն է, փափուկ է ձյունը,- կանչեց Աշոտիկն ու թավալվեց ձյուներին: Ուրիշ երեխաներ տեսնելով Աշոտիկի ուրախությունը, նույնպես բակ իջան: Այլևս խախտվեց օրվա խլությունը: Այնպիսի խնդություն էր բակում, անասելի ազատություն կար ձյուներում:

-Եկե՛ք հավաքենք ձյունն ու ձնեմարդ պատրաստենք,- ասաց Աշոտիկն ու գործի անցավ:

-Այո՜, այո՜, ձնեմա՜րդ,- միացան մյուս երեխաները:

Քիչ հետո երեխաները ձյունե գնդերը գլորելով դրեցին իրար վրա:

Քթի համար գազար էր պետք` գիտեին, բերանի համար կարմիր կոճակ էր` կճարվեր, թևերի համար` ճյուղեր, դե, գլխարկի տեղ` դույլ: Ամեն ինչ տեղն էր, ամեն ինչ ճիշտ արեցին: Աշոտիկն իր <շարֆը> փաթաթեց ձնեմարդու վզով`այդպես ավելի ճիշտ էր և իրական, չէր մրսի իրենց ձնեմարդը :

-Ձնեմարդ, ձնեմարդ,

Քեզ հետ խաղանք մենք ուրախ,

Մթին երբ որ  տուն գնանք,

Չվախենաս դու մենակ,- իր համար սկսեց երգել Աշոտիկը: Ուրախ ու խաղից քրտնած երեխաները,  մեկ - մեկ տուն գնացին: Բակը քիչ - քիչ դատարկվում էր և օրը վերջացել էր արդեն, բայց ոչ մի մութ էլ չկար` ձյունն այնպես լուսավո՜ր էր:

-Բակում մենակ  մնալուց չվախենաս, վաղը նորից կխաղանք,- ասաց Աշոտիկը ձնեմարդուն  ու ինքն էլ տուն գնաց: Անկողին մտնելուց առաջ մի անգամ էլ պատուհանից դուրս նայեց` ձնեմարդը իր տեղում էր, տեսավ ու գնաց քնելու:

Հաջորդ օրը երեխաները նորից հավաքվեցին ձնեմարդու շուրջը: Բակը լցվեց ուրախ կանչերով` Ձնեմարդ, ձնեմարդ,

Քեզ հետ խաղանք մենք ուրախ,

Մթին երբ որ տուն գնանք,

Մնա մեծի պես անվախ:

Նրանց ձա՜յնը տարածվեց, տարածվեց ու ճեղքեց ամպոտ երկինքը: Արևը, որ ծածկված էր բամբականման ամպերով, զարմացած ցած նայեց: Աշխարհն առանց իրեն չէր կարող ուրախ լինել: Եվ արևը աչքով արեց ամպի տակից:

-Օ՜հ, ինչ հետաքրքիր է, ինչքան երեխանե՜ր կան բակում, նրանք ձյան մեջ գլորվելուց չեն վախենում: Նայեց արևն ամպի ճեղքից և բակում ճչանաչեց  մարդու նման օտարին, ում այնքան սիրում էին երեխաները: Արևն ինքն էլ երեխայի պես սիրում էր աշխարհը և  կամեցավ խաղալ բակում նրանց հետ:

-Հեռու գնացե՛ք, ամպեր,- հրամայեց արևը և սկսեց ցրել նրանց իր ճանապարհից:

Կամաց - կամաց երկինքն սկսեց պարզել: Արևն իր շողերով ցած իջավ,  ձյունն սկսեց ադամանդի պես աչք ծակել:

 -Դու ո՞վ ես,- ջերմ հպվելով ձնեմարդուն, հարցրեց արևի շողը :

-Ես, ես,- կմկմաց ձնեմարդն ու բերանի կարմիր կոճակն ընկավ գետնին:

-Ձե՛ռքդ տուր, բռնվոցի խաղանք,- ժպտաց արևի շողը: Բայց ձնեմարդը չհասցրեց իրեն պահել ձեռքի  ճյուղը և  ցած գցեց: Արևը շատ էր ուզում նրա հետ խաղալ և իր շողերով պտտվում էր ձնեմարդու շուրջը, գրկում էր, համբուրում: Երեխաները ձնեմարդուն թողել էին աչքից հեռու և ձնագնդի էին խաղում, սահնակ քշում: Իսկ ձնեմարդը գնալով կուչ էր գալիս արևի քնքշանքից ու փոքրանում: Հաջորդ օրը ավելի արևոտ էր և ուրախ` ճոճանակի  ձյունը հալվել էր ու  չկար, կարելի էր ճոճանակ  խաղալ, գնացքը ուրախ ճչում էր երեխաների ձեռքերի հպումից, կարուսելի ձիուկը ձյուներում չէր կորել և կարելի էր  հեծնել: Բակը արևոտվել էր ու փոխվել: Աշոտիկը հիշեց ձնեմարդուն, բայց նա չէր երևում: Նա գնաց տեսնի ուր է ձնեմարդը: Բայց այն տեղը, որտեղ ձնեմարդն էր եղել կանգնած`  վզին փաթաթած իր <շարֆ>-ով, այլևս չկարԳետնին հավաքված ջրի մեջ, ընկած էր իր <շարֆը>: Այնտեղ կարմիր կոճակ, գազար, ծառի չոր ճյուղեր ու դույլ էլ կար ընկած….

Արևը ծիծաղեց Աշոտիկի երեսին:

Օրն ուրախ էր և արևոտ, երեխաները տարվել էին իրենց նոր խաղերով:

 Աշոտիկը վազեց ընկերների հետ խաղալու