среда, 4 января 2012 г.

ՎԱԽԿՈՏՆԵՐԻՆ ԿՊԱՏԱՀԻ
Սպասում են ծիտիկները,
Թե ով կտա մի փշուր հաց,
Ցորեն հատիկ`ով է տերը,
Ով կտուցին առած գնաց:
Սա էլ հացի մի մեծ կտոր`
Փշուր-փշուր առեք` տարեք,
Կուշտ կլինեք  մի կլոր օր,
Դե մոտեցեք,մի հապաղեք:
Հացը մեծ է,դուք` թվով շատ,
Բոլորիդ էլ կհերիքի,
Սոված փորով այսքան կուշտ աչք,
Այ  քեզ ծտեր`ծտի  խելքի:
Փշուրների նրանք սովոր,
Մոտ չեն գալիս մեծ պատառի,
Ծտի սիրտ է կրծքի տակ ,որ
Վախկոտներին կպատահի….



         ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ
Օրը կարճ է,Ճամփեն երկար,
Պետք է արագ գործի անցնել,
Տուն հասցնել կանաչ  մի սար,
Մրջյունը երբ է  ծուլացել:
Տասն անգամ իր քաշից ծանր
Բեռ է տարել նա իր ուսին,
Ձկան նման լուռ ու համր`
Իր ապրուստի հոգսն իր հույսին:
Բայց հիմա տես այս երկուսին,
Նույն ցողունն են առած տանում,
Մեկը ցողունն առած ուսին,
Իսկ մյուսը ծայրն է պահում:
Մեկը մեկից  ետ չեն մնում,
Նույն ճամփին են  կոշտ ու կոպիտ,
Ներքևինը վեր չի նայում,
Վերևինը նստել է պինդ:

ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՎ ՄԱՔՐԵԼ ՄՏՔԵՐԸ

          
Մաքրություն պահպանեք տանը,փողոցում,դպրոցում,-հաճախ էր լսում Կարենը:Հագուստդ չկեղտոտես,-պատվիրում էր մայրիկը:Ձեռքերդ լվա`հետո հացի նստիր,-լսում էր հայրիկից:
Մտքերդ մաքուր պահիր,-մի անգամ ասաց տատիկը:Կարենը բոլորին խոստանում էր:Տատիկին էլ խոստացավ,բայց երկար ժամանակ մտածում էր ու չէր հասկանում տատիկի ասածը` մտքերն ինչպես մաքուր պահել:Մի օր որոշեց հարցնել տատիկին.
-
Տատիկ,ես ինչպես կարող եմ մտքերս մաքուր պահել:
Տատիկը ժպտաց նրան,ուրախացավ,որ թոռնիկը մտածել է իր պատվիրանի վրա:
-
Երբ մտքովդ անցնում է արևածաղկի սերմը թքել շքամուտքում,դա արդեն կեղտոտ միտք է:Երբ մտքիդ մեջ որոշում ես հարևանի այգին մտնել գողության,դա էլ անազնիվ միտք է:Երբ մտածում ես առանց դաս սովորելու գնալ դպրոց,դա էլ ծույլ միտք է:Երբ նախանձում ես ու ծեծկռտուք սարքում, դա էլ չար մտքերից է:Դու պետք է կարգավորես մտքերդ և մաքրես դրանք,-Կարենի գլուխը շոյելով պատվիրում էր տատիկը:
Այդ օրվանից Կարենը հաճախ էր կարգավորում մտքերը,ազատվում անցանկալի ու վատ մտքերից:Նա դարձել էր օրինակելի աշակերտ,լավ ընկեր էր:Քիչ էր պատահում,որ նրան հայրիկը կամ մայրիկը դիտողություն անեին:
Կարենը իր բոլոր ընկերներին փոխանցում էր տատիկի պատվիրանը`կարգավորել և մաքրել մտքերը:


                 ՌԱՖԻԿ ՊԱՊԻԿՆ ՈՒ  ՀԱՖԻԿԸ....

Հաֆիկ,-այսպես էր կանչում Ռաֆիկ պապիկը իր շանը:Երբ մեկը ձայն էր տալիս`Ռաֆիկ,Ռաֆիկ,շունը այնպես էր հաֆ,հաֆ անում,կարծելով թե կանչում են`Հաֆիկ,Հաֆիկ:
Հաֆիկը շատ էր սիրում տիրոջը:Ռաֆիկ պապիկն էլ իր Հաֆիկ շանն էր  սիրում:Հաճախ էր նրա կապը քանդում,բայց պարանը միշտ ձեռքում էր պահում:Զբոսանքի էին գնում միասին:Հաֆիկը գիտեր,որ զբոսնելիս ոչ մեկի վրա չպիտի հաչեր:Սա հո տուն պահպանել չէր:Հետո,այնպես հաճելի էր տիրոջ ստվերի տակ քայլելը:Ոչ մեկը քար չէր գցում:Գիտեին,որ անտեր շուն չէր:
Մի անգամ Ռաֆիկ պապիկը առանց Հաֆիկի գնաց մոտակա թավուտը` օջախի համար կպչան բերելու:
-
Հաֆիկ,տես,տունը օտար մեկը  չմտնի,-պատվիրեց Ռաֆիկ պապիկը:
Հարևանի կատուն շատ երեսառածի մեկն էր:Ոնց չէր սիրում Հաֆիկը նրան:Ոնց էր զայրանում,երբ հարևանը նրա հետ  հյուր էր գալիս Ռաֆիկ պապիկին:Ռաֆիկ պապիկը այդ մլավանին առնում էր գոգին,փաղաքշում:Ոնց էր համբերում Հաֆիկը,որ չհարձակվի ու չգզգզի նրան:Ախր Ռաֆիկ պապիկը սաստում էր իրեն:Ասում էր`Հաֆիկ,նստիր տեղդ:
Հիմա այդ մլավանը չի տեսնում,որ տերը տունն իրեն է վստահել??  Այսպես անվախ,հաստատ քայլերով էս ուր է առաջանում:Վայ,տես է,թռավ նստեց Ռաֆիկ պապիկի պատուհանի գոգին:Հիմա տուն կմտնի,Ռաֆիկ պապիկը պատուհանը մոռացել է փակել:Դե չէ,կարող է բաց է թողել տունն օդափոխելու համար:Բա Հաֆիկը ինչի համար է էստեղ,որ պահպանի տունը գողերից ու սրա նման աներես կատուներից:
Այ,այ,այ,ոնց է չարացել Հաֆիկը:էլ ինչպես տեղը նստեր:Ոնց էր`հաֆ,հաֆ հաչում,իսկ կատվի պետքն էլ չէր:
-
Կապիդ մնա,Հաֆիկ,-երևի մտածում էր կատուն ու պատրաստվում պատուհանից տուն մտնել:
Չէ,սա արդեն չափազանց վիրավորական էր Հաֆիկի համար:Նա ձենը գլուխը գցած այնպես էր թռչում աջ ու ձախ,որ կապը կտրեց:Կատուն սարսափահար պատուհանից ներս ցատկեց:Հաֆիկը թռավ նրա ետևից:Մի այնպիսի իրարանցում, մի այնպիսի մրցավազք սկսվեց Ռաֆիկ պապիկի տանը,որ թող ու փախի:Հաֆիկը կատվի ետևից ընկած չտեսավ,թե վզի երկար պարանը ոնց կապվեց սեղանի ոտին,իսկ կատուն սեղանի երեսն էր լպստում:Շրջված կաթի շշից թափվող կաթը այնպես էր խմում, կարծես իր համար էր դրել Ռաֆիկ պապիկը:
Երբ Ռաֆիկ պապիկը տուն եկավ,ամբողջ տունը տակն ու վրա էր արած:Իսկ կատվի պետքն էլ չէր,դռնից դուրս սողաց `քսմսվելով  Ռաֆիկ պապիկի ոտքերին:Հաֆիկը տխուր հաֆ-հաֆ արեց կատվի վրա:
Ռաֆիկ պապիկը ամեն ինչ հասկացավ.
-
Հաֆիկը`ավելի լավ,էլ ինչպես պահպաներ տունը:

                            ԲԱ  ՅԵՍ  ՋԱԹԵՑԻ....

Համոն համով Համո էր:
-
Համիդ մեռնեմ,-ասում էր տատիկը:
-
Անուշս,-ասում էր մայրիկը:
-
Քաղցրս,-ասում էր հայրիկը:
Համովս,սիրունս,քաղցրս...,-ամեն օր բոլորից լսում էր Համոն:Ախր նա տան ամենափոքրիկն էր,ամենասիրունն էր,ամենահամովն էր:Նրա լեզուն նոր էր բացվել,նրա խոսքն էլ համով էր իր նման:Համոյին ամեն ինչ կարելի էր,քանի որ դեռ հինգ տարեկան չկար`երկուս ու կես տարեկան էր  ու մեծ չէր:Էվիտան կարծում էր,որ հինգ տարեկան երեխաները արդեն մեծ են:Ու քանի որ Համոն դեռ հինգ տարեկան չկար,կարող էր տանը հեծանիվ քշել:Հինգ տարեկան Էվիտան երբեմն հրում էր հեծանիվը,որ  արագ գնար:Օգնում էր Համոյին,չէ որ քույրիկն էր:Մի անգամ ինչպես պատահեց,Համոն...չէ,հեծանիվը կպավ գետնին դրված ծաղկամանին:Ծաղկամանը շրջվեց ու կտոր կտոր եղավ:Համոն կատարվածից շփոթահար`չիմացավ ինչ անել:Չէ որ նա դիտմամբ չարեց:
-
Ափսոս էլ էր,-ասում էր տատիկը:
-
Ինչու կոտրեցիր,-հարցնում էր հայրիկը:
-
Էլի կանես,-հարցնում էր մայրիկը:
Համով Համոն վիրավորանքից պռոշ արեց ու լաց եղավ:
Հաջորդ օրը` կոտրված ծաղկամանի մասին մոռացած,բոլորը Համոյին կանչում էին իրենց մոտ.
-
Արի սիրեմ,անուշս-ասում էր տատիկը:
-
Արի տեսնեմ,քաղցրս,-ասում էր հայրիկը:
Իսկ համով Համոն գլուխը կախ կանգնել էր նրանցից հեռու ու ոչ մեկի մոտ չէր գնում:
-
Գնա,թող սիրեն,-ասաց մայրիկը:
-
Բա յես ջաթեցի,-մեղավոր- մեղավոր ասաց համով Համոն...


                             ՇԵՆՔԻ ԿԱՏՈՒՆ
 Կատուն սովորել էր,որ իրեն շենքի բնակիչները պիտի կերակրեն:Ծիտիկների հացը  կտրել էր`նրանց բաժին հացի փշրանքներն էլ էր հավաքում:Գալիս էր բակում  կանգնում  ու սկսում սրտակեղեք մլավել`մյաու,մյաու,թե սոված եմ, ինձ մի մոռացեք:Շենքի կատու էր դառել,շենքից հեռու չէր գնում: Դեռ կեսօր չկար,դեռ ճաշի ժամը չէր եկել,որ նրան ճաշի մնացորդներից  բաժին հասած լիներ:Առավոտից  ոչինչ  չէր կերել ու անհամբեր սպասում էր` բակում աչքի ընկնելով: Շենքի կատուն այնպես քաղցած էր,այնպես էր  ուտել  ուզում,ու մեկ էլ շրմփ` ուղիղ շենքի մուտքի մոտ, ընկավ ագռավի ձագն ու սկսեց  իրեն նետել մուտքի կողմը:Ասես երկնքից  ընկած կերակուր լիներ` հատուկ նրա համար:Նույն վայրկյանին գետնին նստեց թվով  մի  յոթ -ութ  ագռավ,սաթի պես սև գլուխներով,սև պոչերով , սև թևերով ու ծխամոխրագույն մարմիններով:Շենքի կատուն չհասցրեց  ոստնել դեպի ագռավի ձագը,երբ   ագռավներից մի քանիսը   կտրեցին ճանապարհը`թե էս ուր մլավան,էդպես վստահ-վտահ,հապա հետ դարձիր:Մի քանի ագռավ  էլ շրջափակեցին խեղճացած  ձագին,որ նա ապահով զգա իրեն ու քիչ վախենա:
Շենքի կատուն` բոլոր կատուների պես համառ,համառորեն  փորձում էր առաջանալ դեպի իր բաժին որսը,երկնքից ընկած իր բաժին ճաշին հասնել և …. և ագռավները խանգարում էին,հարձակվելով հեռացնում էին  նրան գետնի վրա թպրտացող  ձագից: Ագռավների հարձակումից  ետ-ետ գնալով` կատուն հարվածում էր թաթով,փորձում  նորից առաջանալ:Համա թե հերոսն էր,հա:Նրա թաթը արյունոտվել էր, բայց Շենքի կատուն շարունակում էր պաշտպանվել` հավատալով իր հաղթանակին:Ագռավներից մեկի կտուցը դիպավ կատվի աչքին:Շենքի կատուն ճչաց ու շուռ գալով փախավ: Երևի հենց այդ կտուցն էր,որ բաց էր թողել ձագին:Երևի մոռացել էր ու  օդում զավզակություն  էր արել:Իսկ գուցե ներքևում տեսնելով Շենքի կատվին,ցանկացել էր զգուշացնել  մյուսներին   ու կտուցից ցած էր թողել ձագին….
Ձագին շրջապատել էին սիրով,հավատարմությամբ:Վստահ,որ վտանգը հեռու է,ագռավներին հաջողվեց տանել,հեռացնել  նրան….
Շենքի կատուն արդեն առաջվա տեսքը չուներ`ձախ  աչքի կոպը ծալված էր մնում աչքի վրանրա մլավոցը հիմա ավելի շատ մղկտոցի ու լացի էր նմանվում :Բայց  առաջվա պես նա ամեն օր  գալիս էր  ուտելու  ու մնում էր`  Շենքի կատու


                  ԻՆՔՆ  ԻՐԵՆ  ՆՄԱՆ....

Ամանորի հեքիաթի  հրեշտակի դերը այնպես էր դուր եկել փոքրիկ Համոյին, որ նա ուզում էր հրեշտակ մնալ:Մեջքին հագած հրեշտակի թևերը ճերմակ էին`իր թևերից մեծ ու երկար:Նա վազում էր բեմի վրա ,իր ձեռքի փայտիկի  կախարդական հպումով արթնացնում էր քնով անցած մանուկներին և մանկական հրճվանքով թափահարում էր հրեշտակի թևերը:Ամենակարող լինելու միտքը շատ էր դուր գալիս Համոյին:Նա ուզում էր շատ-շատ բարի գործեր անել`ուրախացնել մանուկներին ու մեծերին:Ուզում էր լինել բոլորի սիրելին:Հիմա,երբ ինքը հրեշտակ էր,նույնիսկ Ռազմիկը,որ միշտ նեղացնում էր նրան,ժպտալով ու սիրով էր Համոյին նայում:Համոն նրան էլ էր հպվել  կախարդական փայտիկով:Ռազմիկը նախկինում չգիտեր,որ Համոն հրեշտակ է:Չէ որ հրեշտակի թևեր չուներ, ու ոչ էլ կախարդական փայտիկ ուներ:Համոն սրտի ուզածի չափ ուրախ էր:
Տատիկը,որ գյուղից նոր էր եկել,կարոտից անհամբեր սպասում էր ներկայացման ավարտին,որ մի լավ գրկի թոռնիկին:Սպասում էր,թե Համոն երբ պիտի հանի հրեշտակի թևերը,որ նրան մի լավ սեղմեր կրծքին:Հրեշտակի թևերը`իրոք,խանգարում էին:Համոն չէր կարող այդպես դուրս գալ փողոց:Հրեշտակները փողոցում չեն քայլում:Չէր կարող նստել մեքենա,սեղանի մոտ` բոլորի հետ ճաշելու:Նա չէր կարող ապրել մայրիկի,հայրիկի,տատիկի ու ինքն իրեն նման:
Տատիկն ասում էր,որ առանց հրեշտակի թևերի էլ շատ է սիրում իրեն,որ ինքը հրեշտակ է,բայց առանց թևերի:Մայրիկն էլ է իրեն սիրում առանց այդ թևերի,հայրիկն էլ:
Համոն հասկացավ,որ չի ուզում իսկական հրեշտակի պես ապրել ամպերում`հեռու հայրիկից,մայրիկից,տատիկից...Որ ուզում է լինել մայրիկի,տատիկի,  ու բոլորի  կողքին:Այնպիսին,ինչպիսին որ կա`առանց հրեշտակի խանգարող թևերի:
Նա ուզում էր լինել ինքն իրեն նման…....