среда, 4 января 2012 г.

ՎԱԽԿՈՏՆԵՐԻՆ ԿՊԱՏԱՀԻ
Սպասում են ծիտիկները,
Թե ով կտա մի փշուր հաց,
Ցորեն հատիկ`ով է տերը,
Ով կտուցին առած գնաց:
Սա էլ հացի մի մեծ կտոր`
Փշուր-փշուր առեք` տարեք,
Կուշտ կլինեք  մի կլոր օր,
Դե մոտեցեք,մի հապաղեք:
Հացը մեծ է,դուք` թվով շատ,
Բոլորիդ էլ կհերիքի,
Սոված փորով այսքան կուշտ աչք,
Այ  քեզ ծտեր`ծտի  խելքի:
Փշուրների նրանք սովոր,
Մոտ չեն գալիս մեծ պատառի,
Ծտի սիրտ է կրծքի տակ ,որ
Վախկոտներին կպատահի….



         ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ
Օրը կարճ է,Ճամփեն երկար,
Պետք է արագ գործի անցնել,
Տուն հասցնել կանաչ  մի սար,
Մրջյունը երբ է  ծուլացել:
Տասն անգամ իր քաշից ծանր
Բեռ է տարել նա իր ուսին,
Ձկան նման լուռ ու համր`
Իր ապրուստի հոգսն իր հույսին:
Բայց հիմա տես այս երկուսին,
Նույն ցողունն են առած տանում,
Մեկը ցողունն առած ուսին,
Իսկ մյուսը ծայրն է պահում:
Մեկը մեկից  ետ չեն մնում,
Նույն ճամփին են  կոշտ ու կոպիտ,
Ներքևինը վեր չի նայում,
Վերևինը նստել է պինդ:

Комментариев нет:

Отправить комментарий