понедельник, 15 августа 2011 г.

Մրջյունները

****
Արևն ինձ նման մանուկ է դարձել,
Խաղից չի հոգնում մինչ ուշ երեկո,
Աշխարհի վրա սիրտն է տաքացել,
Ամառվա շոգ է երկնքի ներքո:
Երկնքում կորած ամպի ոչ մի հետք,
Ամառվա օրն է լույսից շլացել,
Արևի տապը գիտի լիճ ու գետ,
Քամին յոթ սարի ետևն է անցել:
Տապը փորձում է ջրում հովանալ,
Բարակում գետի վզովը  ընկած,
Լողացող մանկանց խմբին միանալ,
Ու նրանց  նման  լինել սպասված:
Արևն ամառվա` ինձ նման մանուկ,
Դրսում խաղալուց ինձ պես չի  հոգնում,
Ամառ է նաև երկինքներում լուրթ,
Արև ու մանուկ` ամառվա ճոճքում....

         Մրջյունները
Օրը կարճ է,Ճամփեն երկար,
Պետք է արագ գործի անցնել,
Տուն հասցնել կանաչ  մի սար,
Մրջյունը երբ է  ծուլացել:
Տասն անգամ իր քաշից ծանր
Բեռ է տարել նա իր ուսին,
Ձկան նման լուռ ու համր`
Իր ապրուստի հոգսն իր հույսին:
Բայց հիմա տես այս երկուսին,
Նույն ցողունն են առած տանում,
Մեկը ցողունն առած ուսին,
Իսկ մյուսը ծայրն է պահում:
Մեկը մեկից  ետ չեն մնում,
Նույն ճամփին են  կոշտ ու կոպիտ,
Ներքևինը վեր չի նայում,
Վերևինը նստել է պինդ:
******
 Փոքրիկ Համոն ու բոլորը
Շինարարներ են փոքրիկ,
Նրանց բախտից լավն է օրը`
Կիսամերկ են ու բոբիկ:
Անձրև չկա,քամի չկա,
Թե փոշի ու ամպ հանի,
Գործը պիտի առաջ գնա,
Թե որ գլուխ չպահի:
Հող են մաղում,ջուր են բերում,
Փոշոտած ձեռ ու երես,
Ոտնաչափ պարիսպ շարում,
Չմտնես անարգել ներս:
Էլ  քար չկա,էլ փայտ չկա,
Հողն էլ կարծես վերջացավ,
Գործը կիսատ ինչպես մնա,
Խաղն ավելի  թեժացավ:
Աջ են վազում,ձախ վազ տալիս,
Փոքրերին ով չի ների,
Քար ու փայտ են առած գալիս`
Ումն ուզում է թող լինի:
-Ով կապրի այս նոր պալատում,
-Չէ,ասես լինի կրկես,
Ոստնեց` քանդեց բակի կատուն
Շինությունն ու -ուր ծլկեց:

ԹՌՉՆԱԿ ՈՒՆԵՄ ԳԵՂԵՑԻԿ

Թռչնակ ունեմ գեղեցիկ,
Փետուրներով հազարան,
Ձայնով քաղցր ու երգեցիկ,
Համարձակ ու անվարան:
Թռչկոտում է նա ուրախ,
Մոտենում մեր փիսիկին,
Հետո հանգիստ ու անվախ
Կանգնում շնիկիս կողքին:
Բանալիով լարում եմ,
Թռչկոտում է նա նորից,
Գիտի`իրեն նայում են,
Չի մոտենում թռչնակս ինձ:


четверг, 11 августа 2011 г.

Սպասում են ծիտիկները

Սպասում են ծիտիկները,
Թե ով կտա մի փշուր հաց,
Ցորեն հատիկ`ով է տերը,
Ով կտուցին առած գնաց:
Սա էլ հացի մի մեծ կտոր`
Փշուր-փշուր առեք` տարեք,
Կուշտ կլինեք  մի կլոր օր,
Դե մոտեցեք,մի հապաղեք:
Հացը մեծ է,դուք` թվով շատ,
Բոլորիդ էլ կհերիքի,
Սոված փորով այսքան կուշտ աչք,
Այ  քեզ ծտեր`ծտի  խելքի:
Փշուրների նրանք սովոր,
Մոտ չեն գալիս մեծ պատառի,
Ծտի սիրտ է կրծքի տակ ,որ
Վախկոտներին կպատահի….