четверг, 28 июля 2011 г.

Իսկ ուրախանալ պետք էր


    Արևային անձրև
Անձրև  եկավ,վազեմ տուն,
Անձրևի տակ էլ ինչ խաղ,
Առնեմ թուրս ու թաքուն
Տնից դուրս գամ ես անվախ:
Աջ ու ձախ թուրս  տանեմ,
Կտրեմ շիթերն անձրևի,
Արևի ճամփան պահեմ,
Որ անձրևը կարճ  կտևի:
Ամպն էլ բակում չի գոռա,
Կվախենա իմ թրից,
Օդը մաքուր կշողա,
Արևային անձրևից…

****
Սիրելին եմ արևի,
Պտտվում է իմ գլխով,
Իմ պսակի թերթերի
Գույնը ունի ամեն շող:
Ձգվում եմ անվերջ նրան,
Աչքս հառած երկնքին,
Դեմքով ինձ շատ է նման
Արևն` իմ աչք ու հոնքին:
Ծաղիկ եմ ես արևի
Նման` հողոտ  ներքևում,
Բախտս մի օր թե բերի,
Կծաղկեմ  մեծ  երկնքում…
****

ԾՆՆԴՅԱՆ ԳԻՇԵՐ
Ծննդյան գիշեր`
Արթուն  աչքերով,
Մի աշխարհ լույսեր
Ծիածաններով:
Փակվում-բացվում են
Դռներն հեքիաթի,
Խինդից լացում են
Աստղերն արծաթե:
Վառվող մոմերի
Ցոլանքը դեմքին,
Զնգում են հիմի
Երկնի ճամփեքին:
Ղողանջն աստղերի
Հեքիաթն է կանչում,
Հրաշքով վերի`
Ճամփեքը չափում:
Ծննդյան գիշեր,
Լույս Աստվածածին,
Տերն է մեզ հիշել,
Որդիով  միածին:
Հույսի մոլորակ
Աշխարհ իմ, ցնծա,
Հազար ու մի կյանք
Տրվեց քեզ ընծա:

 ******
Կոշկավոր կատվի նման մի ամպիկ,
Երկնքի կապույտ ճամփեքն էր չափում,
Մի մատնաչափ էր աչքիս ու փոքրիկ,
Բայց տես ամպերին ինչպես է խաբում:
Հավաքել էր նա մի տեղ բոլորին,
Կոշիկներն հերթով հանում էր `հագնում,
Ապա մի նայիր դու այս  լողլողին,
Ամպերի գլխին հեքիաթ է կարդում:
-Կարող ես,-ասին,-առանց կոշիկի
Վազել երկնքում ու ներքև չընկնել,
Թե նման գող ու վախկոտ փիսիկի,
Վերևում մեզ պես ամպերի հեգնել:
-Կարող եմ,-ասաց ամպը կոշկավոր,
Եվ կոշիկները մեկնեց, որ բռնեն,
Վայ,առանց կոշիկ շատ էր անկարող,
Ամպերին խնդրեց, որ իրեն փրկեն:
Թե չէ ընկնում էր ներքև գլխիվայր,
Առանց կոշիկի ոնց գլուխ պահեր,
Կապույտ վերևում էլ կատվիկ չկար,
Կոշկավոր ամպը մկնիկ էր դառել….
***
     ԳՆԴԼԻԿ ԲՈՔՈՆԻԿԸ ՎԱՌԵՑ ԱՂՎԵՍԻ ԼԵԶՈՒՆ

Տատիկն ու պապիկը շատ կտխրեն,երբ ինձ փնտրեն ու չգտնեն,-մտածեց պատուհանագոգից  գլորվող Բոքոնիկը:Բայց աղվեսին տեսնելու ցանկությունը քանի որ մեծ էր,շարունակեց գլորվել ճանապարհով:
-Հեքիաթում աղվեսը խաբում է ինձ:Ես չեմ ուզում այլևս խաբվել այդ խորամանկին,-որոշեց Բոքոնիկն ու  առաջ սլացավ:
-Աղվես, որտեղ ես,-կանչեց Բոքոնիկը:
Նա ուզում էր րոպե առաջ տեսնել աղվեսին:
-Այստեղ եմ,անուշս,-ձայնեց թփերի տակից աղվեսը:Այ քեզ հաջողություն,-մտածեց նա:
-Ինձ շուտ կեր,-ասաց Բոքոնիկը:Թե չէ հիմա գայլը կմոտենա ու դու սոված կմնաս:
Աղվեսը հիշում էր,որ հեքիաթում Բոքոնիկին ուտելու համար ստիպված էր խորամանկել:Գիտեր,որ  ինքն աշխարհի ամենախորամանկ աղվեսն է ու առանց երկմտելու  ցանկացավ նման լինել հեքիաթին:
-Իսկ դու ինձ համար կերգես` լեզվիս վրա նստած,-հարցրեց աղվեսը Գնդլիկ Բոքոնիկին:
-Կերգեմ, կերգեմ,այն էլ ինչպես կերգեմ:Միայն թե շուտ դուրս հանիր  լեզուդ,-ձայնեց Բոքոնիկը:
-Այ,այ,այ, օգնեցեք, լեզուս այրվեց,օգնեցեք,-ձայնը գլուխը գցեց աղվեսն  ու վազեց ջուր փնտրելու,որ հովացնի բերանը:
-Բոքոնիկը  գլորվեց գետնին ու արածից գոհ  սկսեց երգել.
Ճիշտ է,տատիկից փախա,
Ճիշտ է`պապիկից փախա,
Բայց աղվեսին դաս տվի,
Այրվում է լեզուն հիմա:
Առանց տատիկ`տխուր է,
Առանց պապիկ`տխուր է,
Հեքիաթն ինձնից լուր չունի,
Տունդարձիս ճամփան ուր է:
Ուր է տունդարձիս ճամփան,-հարցրեց Գնդլիկ Բոքոնիկը  ու բռնեց ճամփի փեշից:
Երբ հասավ տատիկի ու պապիկի տանը, նա նստեց պատուհանի տակ , խոր շունչ քաշեց ու երգեց.
Ճիշտ է,տատիկից փախա,
Ճիշտ է`պապիկից փախա,
Բայց աղվեսին դաս տվի,
Այրվում է լեզուն հիմա:
-Սա մեր Բոքոնիկն է,-ուրախ ձայնեց  պապիկը տատիկին` պատուհանից դուրս նայելով:Ախր ես ոնց կարող էի  տեսած չլինել նրան:
Պապիկը մինչ այդ փնտրել ու չէր գտել Բոքոնիկին,նա նույնիսկ պատուհանի տակ էր նայել:
-Ախ ծերություն,ծերություն,աչքի լույս չի մնացել  ,-հոգոց հանեց պապիկը:
Մինչև  պապիկը կգնար ու տուն կտաներ Բոքոնիկին,տատիկը ուրախ-ուրախ սեղան գցեց:
-Արդեն հովացել է,-ձայնեց  պապիկը տատիկին

ԵՍ ՆԱՊԱՍՏԱԿԻ ՏԱՐՎԱ ԾՆՈՒՆԴ ԵՄ
 
Նապաստակի է այս անցնող տարին,
Ես նապաստակի տարվա ծնունդ եմ,
Գնում է` թողած ինձ ու ձեզ բարին,
Նոր տարվա տոնն է արդեն մոտեցել:
Լույսերը վառ են նոր տոնածառի,
Խաղալիքների տոնահանդես է,
Ձմեռ պապիկը ամեն Նոր տարի
Մանուկների հետ ժիր մանկան պես է:
Պարում է ուրախ,նվերներ տալիս,
Բոլոր-բոլորի սիրելին է նա,
Հին տարին գնում ու Նորն է գալիս,
Թեկուզ և Վիշապ անուն ունենա:
Վիշապի տարվան ինչ անում էլ տան,
Ձմեռ Պապիկ ու Ձյունանուշ ունի,
Նրանք անպայման-անպայման կգան,,
Նրանց ծնունդն է տոնն Ամանորի:
 ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԱՄԱՆՈՐԸ
Արի ուրախ դիմավորենք
Ամանորի տոնը բարի,
Ուրախություն`սեր նվիրենք,
Խինդն աշխարհի որ վարարի:
Մենք մեզ սիրենք` բարի հուշով
Ճանապարհենք հին Նոր տարին,
Ու տոների անթիվ հույսով
Դիմավորենք տոնն ու տարին:
Դիմավորենք Ամանորը
Ամենանոր խինդ ու սիրով,
Իմն է, քոնն է այս Նոր տոնը,
Մեզանով լի գինով` գինով…

ՁՆԵՄԱՐԴ Է ԱՆՈՒՆԸ
Ձյունե երկու կլոր գունդ,
Մեկը մեկից փոքր ու մեծ,
Մեկ մեկու կպած անփույթ,
Ինչպես ութի երկու կես:
Աչքերն ածխե փայլով սուտ,
Քիթը  գազար  ծիրանի,
Բերանին  կոճակ կապույտ,
Կուլ կտա թե կհանի:
Ծուռտիկ-մուռտիկ երկու ճյուղ
Մարմնին թև են տալիս,
Կանթը պոկված մի ծակ դույլ
Գլխարկի տեղ է գալիս:
Ձնեմարդ է անունը,
Անականջ է իմ  կանչին,
Բակն է մեր նրա տունը,
Խաղընկերն եմ   առաջին…
           ՀԵՅ, ՁՆԵՄԱՐԴ
Սպասումը շուտ է գարնան տաք արևի,
Երբ  ձնել է սարը,անտառն ու մեր բակը,
Երբ ձնե տոպրակ է  շալակին  ամպերի,
Երբ  քանդվել է ձյունե տոպրակի հին կապը:
Ու ձյունոտ է հիմա օդի մեջ երկինքը,
Պարող փաթիլներն են բակ իջնում խաղալու,
Ուրախ ճիչով  է լի  իմ ու օրվա սիրտը,
Ձնագունդ ենք բակում  հիմա գլորելու:
Գլորվելով պիտի ու ժամով մեծանա
Ձնեգունդն  ու երբ որ մնա դրսում մենակ,
Ինձ նման նա պիտի մթից  վախ չունենա,
Ու չպիտի տխրի ինձ պես առանց  սահնակ:
Նրան դեմքով պիտի ամեն մեկն իմանա`
Եվ անունով կանչի ,-ասի , հեյ, Ձնեմարդ,
-Ասի տեղ չգնաս,  տեսադաշտում  մնա,
Թե չէ մեկ էլ տեսար անհետ-անտես  կորար:
Ձնեմարդու մոտ դեռ  պիտի գնանք ու գանք,
Պարող փաթիլներ կան  ամպերի  ցուրտ  ներսում,
Հեյ, ինչքան շատ պիտի մենք ձնեմարդ խաղանք,
 Ձմեռվա  ցուրտ  կեսին ինչքան տաք սպասում…
*******
Նոր տարի,նոր տարի
Ձմեռ պապի հետ արի,
Ձյուն լինի թե գիժ քամի,
Թող քո ճամփեն զարդարի:
Բեր ինձ նվեր փիղ- շնիկ,
Քաղցրավենիք ու մրգեր,
Կոշկավոր կատու-մկնիկ,
Հեքիաթի գույնով գրքեր:
Արի երգով ու պարով,
Մնա մեր տանիքի  տակ,
Ասեմ քեզ շնորհավոր`
Ձի ունես ու  նոր սահնակ:


ԱՉՔԸ ԴՈՒՐՍ ԳԱ, ՔԱՆ` ԱՆՈՒՆԸ
                                      Չարի վերջը
                                           Հ.Թումանյան
Ես էլ եմ էսպես ասում`
Անունից վեր բան չկա,
Իմ մասին նույնն եմ լսում`
Խորամանկ,չար,խաբեբա:
Չեմ ասում,թե հիմար եմ,
Ես ինձ գիտեմ պաշտպանել,
Գլուխս ինչպես պահել,
Բայց և աչքի մեջ նայել:
Ոչ ագռավ եմ,ոչ` կկու,
Ես աղվես եմ փափկամազ,
Տաս ձագ ունեմ թե երկու,
Հասցնում եմ վազեվազ:
Նրանք տաքուկ բնի մեջ
Երբեք սոված չեն մնում,
Կկու,հապա նայիր քեզ,
Ձվել ես օտար բնում:
Ձագիդ օտարն է պահում,
Ձագդ  էլ քեզ պես անօրեն,
Բույնն իրենով է անում,
Դառնում տեր ու տնօրեն:
Աչքն իրեն է լույս տալիս`
Ձագդ օտարի մինուճար,
Լավ ես ձագիդ պահ տալիս`
Քեզ նման ով ունի ճար:
Ով է քեզ պես խորամանկ,
Բներ մտնում ուրիշի,
Չեն անում այդպես կատակ,
Ձվի գույնով ուրիշի:
Ոնց հարմար է`փոխում ես
Գույնը ածած ձվերիդ,
Հեքիաթի մեջ դու զոհ ես`
Բնիդ հետ ու ձագերիդ:
Չարին երբ վերջ կլինի,
Գող ագռավն է քեզ պաշտպան,
Երբ նրա բախտը բերի,
Թռցնում է մի նոր բան:
Կկու,կկու,չար կկու,
Ինչքան ես սուտ լացելու,
Քո ձագերը այն երկու`
Քանիսին են խաբելու…..

ՎՆԱՍ ՉԿԱ ԳԾԵՐԻՑ
Թղթի ճերմակ երեսին
Համոն գույներ է խառնել,
Աչքը  գրքի աղվեսին`
Նա  փորձում է նկարել:
Ստացվում-չի ստացվում,
Մկնիկ է կարծես քթով,
Պոչն ասես տանձ է հասուն,
Արջ լինի ասես մորթով:
Կապույտ,կարմիր ու դեղին
Վնաս չկա գծերից,
Ասեղներ են մարմնին`
Չշարժվի հանկարծ տեղից:

ՁՅԱՆ ՓԱԹԻԼԸ ԱՌԱՋԻՆ
Ձյան փաթիլը առաջին
Կորցրեց  ճամփան,
Ճիչը հասավ ականջին
Փիսիկի ու շան:
Ծիտն առաջինը տեսավ
Անկումը նրա,
Իր համար է,- հասկացավ,
Փշրանք է որ կա:
Չթողեց հասնի գետնին`
Իր բաժին հացն էր,
Ինչ ընկեր ծիտը կատվին,
Շունն էլ թող անցներ:
Կտուցին փաթիլն առած
Ծիտն ուրախ թռավ,
Տուն հասավ նա առանց հաց`
Փշրանքն ուր կորավ….

ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ ԻՐԱԿԱՆ ԼԻՆԵՐ
Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ.
Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր,
Գեթ մի անգամ հավասար խինդը բաժանվեր,
Կուշտ ու տաքուկ երազը խեղճին էլ հիշեր:
Ամանորի գիշերվա բարին լուսանար,
Սրտի սիրով հայացքը շրջեր աշխարհը,
Ամանորի գիշերը գար ու չգնար,
Հեշտ լիներ  հեքիաթի պես, մանկան պես`լավը:
Ոչ մի մանուկ չտնքար անօգ իր ցավին,
Գութն աշխարհի արթնացած մայրություն աներ,
Ուրախ լիներ աշխարհի մանկանց Նոր տարին,
Ամանորի հեքիաթը   իրական  լիներ:

                 ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՄՈՌԱՑԻՐ
Լինում է Սոս անունով  բարի ու աշխատասեր մի  մարդ:Նա  կնոջ ու չորս զավակների հետ ապրում էր  ուրախ ու երջանիկ:Նրանց աղքատիկ տունը մանկանց ծափ ու ծիծաղով էր լի:
-Դուք իմ հարստությունն եք,-հաճախ էր ասում Սոսը նրանց,-ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ:Ոչ մի պալատի ու ոսկու հետ չեմ փոխի իմ տունն ու իմ երջանկությունը:
Նրաց հարևաններն ու բարեկամները չէին հիշում մի դեպք,որ Սոսից նեղացած լինեին:Եթե որևէ մեկին օգնել էր պետք,նա առանց երկար-բարակ մտածելու հասնում էր օգնության: Նրա համար սովորական բան էր դարձել ծանոթ-բարեկամին  օգնելը.բռնում էր ծանր պարկի ծայրից,օգնում ձմեռվա փայտը կոտրել,իր անասունների հետ հարևանի կով ու ոչխարն էլ էր արոտ քշում: Ու շատ ու շատ մանր ու մեծ գործեր` ուժը պատածի չափով օգնում էր ում ինչքան կարող էր ու ինչպես կարող էր:Բայց մի անգամ այնպես եղավ,որ գայլը նրա ոչխարներին  պատառ-պատառ արեց:Խեղճ Սոսը շատ տխրեց:Ախր իր երեխաների բաժնից պակասեց`կաթ,մածուն,գառան միս,-բերանով ես ասում:
Այս մասին իմացան բոլոր-բոլորը:Բարեկամներն ու հարևանները,ծանոթներն ու անծանոթները:Սոսը այս դեպքի վրա տխուր նստել էր:Բերանը չէր բացվում,թե մի բան ասեր:Երեխաներն էլ էին սսկվել,կինն էլ լեզու չուներ`թե  ձևեր թափեր,թև տար մարդուն,Սոսի սիրտը շահեր:Մեկ էլ դուռը կամաց բացվեց ու իրար ետևից եկան ծանոթ ու բարեկամ,հարևան ու անծանոթ:Ամեն մեկը մի բան էր բերել` Սոսի ընտանիքին օգնելու համար:
-Հիշում ես,երբ հիվանդ էի,դու իմ արտը վարեցիր,-ասաց հարևաններից մեկն ու  նրան մոտ բերեց  մի պարկ ալյուր:
Չէր հիշում:Փորձեց հիշել`չհիշեց:
-Հիշում ես,-ասաց մյուս հարևանը,-այգուս բերքը ձյան տակ էր մնացել,օգնեցիր հավաքել-տուն տանել:Ասաց ու սեղանին դրեց գինի ու մրգեր:
Չէր հիշում:Փորձեց հիշել`չհիշեց:
-Հիշում ես,-ասաց բարեկամներից մեկը,-երբ տունս գող էր մտել,ոնց էիր նրան փախցրել`ունեցվածքիցս մի ծեղ անգամ չթողնելով տանի:Ասաց ու սեղանին  դրեց  մի կլորիկ գումար`<հոգսի ոտքը կոտրելու համար>, ասելով:
Փորձեց հիշել:Չէր հիշում:
-Հիշում ես….հիշում ես,-շարունակում էին թվարկել նրան այցելած ծանոթներն ու բարեկամներն,հարևաններն ու անծանոթները,-իսկ Սոսը իր արած  բարի գործերից ոչ մեկը  չէր կարողանում հիշել:Նա լավությունը հիշելու համար չէ, որ արել էր:Նա ուզենալով և սրտանց էր  բարիք գործել:Եթե կարող էր օգնել`ինչպես չօգներ:
-Դու չես հիշում ,բայց մենք չենք մոռացել,-ասաց հարևաններից մեկը `նրա սեղանին պանիր ու մածուն դնելով:
Այնքան ուտելիք էր հավաքվել,բարիքը այնքան շատ էր,որ մնում էր համով-համով ուտել-խմել, քեֆ անել:
Սոսը նրանց բարությունից հուզված`մի լավ կերուխում կազմակերպեց:Նրա հարևաններն ու բարեկամները,ծանոթներն ու անծանոթները այդ օրվա  քեֆ-ուրախությունը մինչև այսօր էլ չեն մոռացել`  հիշում են


                              ՊԻՆԳ  ՎԻՆԸ
Ծնողներն իրար էին գլորում իրեն,երբ դեռ ձվի մեջ էր:Նրանք հերթով տաքացնում էին ձուն,որ ինքը ձվի ներսում չմրսեր:Նրանց փորի վրայի բնում շատ ապահով էր:Լսում էր,թե ինչպես են անուն փնտրում իր համար:
-Վին,Վին կանվանենք մեր պինգվինիկին,երբ  նա դուրս գա ձվից,-առաջարկում էր մայրը:
Հայրը ուրիշ անուն չգտնելով` համաձայնում էր:Հետո ,հաջորդ օրը ամեն ինչ նորից էր սկսվում:
-Վին կանվանենք մեր ձագուկին ,-գտած ասում էր մայրը:
Ու նորից առանց հակառակվելու < հա >էր ասում հայր պինգվինը:Լսում էր,բայց  ծնողներին արձագանքել չէր կարողանում,քանի որ դեռ ձվի մեջ էր:Երբ վերջապես ճեղքեց ձվի կեղևն ու լույս աշխարհ եկավ,արդեն անուն ուներ:
-Վին,-գորովալից ձայնում էր մայրը:
-Վին,-սիրալիր էր հայրը:
Վին պինգվինիկը շատ ուրախացավ,երբ աշխարհ մտավ  ու տեսավ,որ մենակ չի:Նա բացի ծնողներից,տեսավ պինգվինիկների մի ամբողջ մանկապարտեզ:Նրանք բոլորն էլ իր նման  բաց գույնի աղվամազով պատված մարմին ունեին:Իսկ աչքերի շուրջը սև շրջանակներ`իսկը ակնոցներ,իր ակնոցների նման:Հայր ու մայր պինգվիններն էլ նման էին նրանց հայրերին ու մայրերին`մեջքներին ասես մուգ  գույնի թիկնոց կրեին,գլուխները ածուխոտ էին,իսկ կրծքավանդակից մինչև փորի տակը`ձյունագույն էր:
-Իսկը Պինգվինաշեն է այս սառուցյալ աշխարհը,-մտածեց Վինը:Հա,էլի, աչքը ինչքան կտրեր`սառույց էր ու ձյուն էր, ու մեկ էլ  պինգվիններ-պինգվինններ:Ինչքան էլ մայրիկն ու հայրիկը նրան ստիպեին կրկնել Անտարկտիդա անվանումը,մեկ է,նրա համար այս վայրի անունը Պինգվինաշեն էր մնում:
Վաղուց քաղցած էր,ուտել շատ էր  ուզում:Մայրիկն ու հայրիկն էլ էին քաղցած լինում:Մայրիկն ու հայրիկը հերթով  էին  գնում որսի ու վերադառնում` կտնառքում բերած ձկով կերակրում իրեն:Մի անգամ հայրիկը գնաց որսի ու չվերադարձավ:Ասում են կետերը նրանց ջրային թշնամիներն են:Էս համատարած սառույցների վրա էլ բևեռային սպիտակ արջերից  պրծում չկար:Որ մանկապարտեզի վրա են  հարձակվում,էլ  չեն  հարցնում` ով-ով է
Աչքը ջուր կտրեց մոր վերադարձին սպասելով:Այս անգամ նա ուշանում էր:Վերադարձած մամաների մեջ Վինը իր մորը չգտավ:Ուզում էր տխրել.
-Չլինի կետի բաժին է դարձել,-դեռ չէր հասցրել  մտածել բոլորի մեջ այդքան մենակ մնացած Վինը:Մեկ էլ տեսավ ուրիշ մամաներ,որոնք կորցրել էին իրենց  ձագուկներին, նկատել են իրեն:Նրանք խոշոր ու ծանր քայլերով գալիս էին դեպի Վինը:
-Վայ,վայ,վայ,-վախեցավ Վինը,-սրանք ինձ ոտնատակ կտան`իրենք էլ չհասկանալով ինչ են անում:Վինը սկսեց  լեղապատառ փախչել:Նա փորձեց մտնել հանգիստ կանգնած մամաներից մեկի փորի տակ:Բայց այնտեղից գլուխը դուրս հանեց ուրիշ պինգվինիկ.
-Զբաղված է,-հասկացավ Վինը:Ու մեկ էլ զգաց,որ մեկն  իրեն  կոպտորեն ձգեց:Մի քանի ակնթարթ աչքերի դեմ  աշխարհը  մթնեց,հետո մարմնին հաճելի ջերմություն զգաց:Զգուշորեն գլուխը  դուրս հանեց:
-Ահա,այն վազող մամաները,-նկատեց Վինը,- ձեռնունայն ու գլխիկոր ետ էին գնում:Դե,նրանք շատ էին ուզում մայրիկ մնալ:Վինը հասկացավ,որ ինքը պաշտպանված է:Նրան  կերակրեց   պաշտպան  պինգվինը:Այս նոր մայրիկը ասես իր մայրիկը լիներ`շատ հոգատար էր Վինի հանդեպ:Իսկ գուցե  նա հենց  իր մայրիկն էր:Իր անունն էլ գիտեր:
Վինը ինքնամոռաց ուրախ էր



                                    ԻՍԿ ՈՒՐԱԽԱՆԱԼ ՊԵՏՔ ԷՐ  
Խոր աշուն էր:Երկինքը տխուր էր,արևը տխուր էր,աշխարհը տխուր էր:Բայց ուրախանալ պետք էր:Իսկ ուրախություն չկար:Տխուր էր Շեկլիկ անունով աղվեսը:Եվ ծեր էր Շեկլիկ անունով աղվեսը:Եվ նա ապրում էր մենակ:Դեռ աշնան սկզբին էին չորս ձագուկն էլ հեռացել նրանից,ընկերուհին էլ  էր լքել նրան :Ու նա հիմա մենակ էր,տխուր էր ու ծեր էր:Նա հիմա մեն մենակ թափառում էր ամայությունից  վհատված դաշտի մեջ:Եվ աշնան քամին գտնում էր նրան,և աշնան քամին պարում էր շուրջը,իսկ նա չէր ուզում պարել,իսկ նա տխուր էր,բայց ուրախանալ պետք էր:Եվ երկինքը սկսեց ձյունել,և փաթիլները պարում էին,և փաթիլները ամենուր էին,և փաթիլները ուրախ էին: -Ծըվ,ծըվ ,ձյուն է գալիս,-ծվծվաց  չգիտեր  ով,չգիտեր որտեղ:-Իզուր է ձյուն գալիս,չեմ  ուզում ձյուն գա,-շարունակեց  ծվծվալ:Գնամ տեսնեմ ձյունն ինչքան կտևի,-որոշեց ծվծվոցը: -Շեկլիկ աղվեսը մոռացավ, որ տխուր է,մոռացավ, որ ծեր է,մոռացավ, որ մենակ է:Նա կամաց կամաց գնաց դեպի ծվծվոցը: Ա,հիշեց դաշտամկանը:Հիշեց,որ ինքը դաշտամուկ սիրում է,բայց դա նրան այնքան էլ չուրախացրեց:Կփորձի բռնել,կբռնի և կուտի նրա,վերջ,ոչ մի ուրախություն: Բնից դուրս եկած   դաշտամուկը  սկսեց հաշվել ձյան փաթիլները:Նրանք այնքան շատ էին,որ նրա գլուխը սկսեց պտտվել:Ու հենց այդ պահին քիթ-քթի  հայտնվեց Շեկլիկ անունով  աղվեսը:Դաշտամուկը գլխապատառ սկսեց փնտրել տուն տանող ճամփան: -Աջ ու ձախ,հետ ու առաջ ,երեք ու չորս ու հինգ ու վեց,-այս ու այն կողմ վազվզելով ծվծվում էր դաշտամուկը:Երեք ու չորս,տաս ու վեց,աջ-ձախ,-հետևի թաթերի վրա կանգնած նրա հետևից պտտվում էր Շեկլիկ անունով աղվեսը:Նա այնպես կայտառացել էր,այնքան  առույգացել,մոռացել էր,որ տխուր է,մոռացել էր,որ մենակ է,մոռացել էր,որ ծեր է:Նա ասես պարում էր:Այո,իհարկե,նա պարում էր:Ձյունածածկ արձակ դաշտի մեջ Շեկլիկ անունով  աղվեսը պարում էր:Եվ Նա այլևս  ուրախ էր:
                           ԻՄ
Բազում սխրանքների ու հաղթանակների խանդավառության թրթիռը սրտում հայրենական տուն էր վերադառնում  Մարս անունով ասպետը:Նրա վերադարձի ճանապարհը անցնում էր կաղնուտով:Օդը մաքուր էր  ու օրը խաղաղ:Ճանապարհից հոգնած ասպետը որոշեց մի փոքր դադար առնել :Նա ձին կապեց կաղնու ծառին,ինքն էլ պառկեց ծառի տակ ու ննջեց:Չէր հասցրել խոր քնել,երբ կանացի ծիծաղ  ընկավ ականջին:Ծաղկաշոր աղջիկների մի  խումբ` զամբյուղները թևներին գցած, մոտենում էին իրեն:Երբ աղջիկները ասպետին նկատեցին,վախեցած իրար անցան: -Փախչենք,-ճչաց նրանցից մեկը: -Սպասեք,ես ձեզ չեմ վնասի,-նրանց  ճամփան  կտրեց ասպետը: Պարզվեց,որ նրանք մոտակա կալվածքից  էին:Նրանցից մեկը,որ շատ գեղեցիկ էր,կալվածատիրոջ աղջիկն էր:Մարս անունով ասպետը աչքը չէր կարողանում կտրել նրանից: -Այս գեղեցկուհին կարծես Աստծո պարգև լինի իմ բազում սխրանքների համար,-մտածեց Մարս ասպետը:Նա իմ բախտն է,ես նրան բաց չեմ թողնի: Նա ձեռքն առավ ձիու սանձը և աղջիկների հետ ոտքով հասավ նրանց ապրելատեղին:Կալվածատիրոջ աղջիկը,ում անունը Վեներա էր ,նրան հրավիրեց   կալվածք,ծանոթացրեց հոր հետ:Ասպետը պատմեց իր կատարած  բազում սխրանքների մասին,ոչ մի րոպե աչքը չկտրելով Վեներայից:Մարս ասպետն էլ Վեներային  դուր եկավ,միայն թե ոչ այնքան շատ,որքան իր երազների  ասպետը:Իր երազների ասպետը թևավոր  ձիու բաշը գրկած աստղակար  երկնքի ճամփեքին էր:Նա աստղային փայլ ուներ:-Դու իմ աստղն ես,-շշնջում էր Վեներան և նրան էր սպասում և միայն նրան էր սիրում:Նրան անուն չուներ,որ Վեներան կանչեր:Նրան միայն ինքն էր ճանաչում և անչափ կարոտում էր: Վեներայի  հայրը ասպետին գիշերելու տեղ տվեց:Հաջորդ օրը ասպետ Մարսը  Վեներայի հետ ամուսնանալու ցանկություն հայտնեց:Վեներայի հայրը դեմ չէր,նա հասցրեց մի գիշերվա մեջ իմանալ ասպետի ազնիվ հոգու և առաքինի լինելու մասին: Վեներային նա դուր էր գալիս,բայց նա իր ասպետը չէր: -Նա քաջ ու ազնիվ է,հայրիկ,-ասում էր Վեներան,-բայց նա նման չէ իմ երազի ասպետին: -Դու դեռ երեխա ես,-ժպտում էր նրան հայրը:Մարսը հենց քո երազի ասպետն է: Երկար համոզելուց հետո,Վեներան համաձայնում է ամուսնանալ Մարս ասպետի հետ: Մարս ասպետը շատ էր սիրում իր կնոջը:Նրանք երեխաներ են ունենում:Մարս ասպետը ամբոջ կյանքի ընթացքում ասպետավարի է  պահում իրեն:Նա օգնում էր տնտեսության գործերում,երեխաների համար կյանքն ու հոգին չէր խնայում,երբեք Վեներային չէր նեղացնում:Իսկ Վեներան,Վեներան միշտ  սպասում  էր իր ասպետին:Անգամ, երբ ամուսնուն ասում էր` <ես քեզ սիրում եմ>,նա այդ խոսքերը իր եթերային ասպետին էր  ասում:Նա թևավոր ձիու վրա նստած չէր  հեռանում Վեներայի մտքից: -Նա է իմ ասպետը,ու ես միշտ նրանն եմ,-մտածում էր  Վեներան ու չէր էլ նկատում,թե ինչպես էր տարեցտարի ծերանում:Երեխաները,որ արդեն մեծ էին,  թողնում են ծնողներին ու հեռանում:Վեներայի հայրը վաղուց  չկար: Իրենց երկրային կյանքը քիչ քիչ  սպառվում էր,իսկ Վեներան դեռ իր երկնային ասպետին էր սպասում:Հոր կենդանության  ժամանակ Վեներան լսում  էր հորից,որ ինքը դեռ երեխա է:Միթե ինքը չմեծացավ,ինչու է դեռ երեխա մնում,-նա պատասխան չէր գտնում: Մարս ասպետը սպիտակամորուս ծերունի էր դարձել,նրա համար դալուկ ու թոշնած  Վեներան առաջվա պես թանկ էր ու գեղեցիկ:Մի օր ասպետը չկարողացավ այլևս  բարձրանալ  անկողնուց :Ծեր ոսկորներում սվսվացող քամին` օտար էր տանտիրոջ իրավունքով: Օրերը գնում էին անվերադարձ,իսկ նա ավելի ու ավելի էր ծանրանում անկողնում:Երբ ժամը եկավ,նա  Վեներային խոստովանեց,որ լքում է նրան ընդմիշտ: -Երկրային օրերս սպառվել են,-ասաց նա կնոջը` չկտրելով նրանից խամրող հայացքը: Երբ վերջին վայրկյաններն էին,որ նրանք միասին էին,հանկարծ Վեներան հասկացավ:Հասկացավ,որ նա է եղել իր երկնային ասպետը երկրի վրա:Վեներան անհուն ցավ ապրեց, նա  ամուսնու կրծքին խոնարհեց գլուխն ու շշնջաց` ԻՄ:
-ԻՄ, -շարունակում էր շշնջալ  Վեներան,կարծես հենց նոր գտած սիրելիի  անուն և  նրա շշունջը Մարս ասպետի հոգու հետ համբարձվում էր  երկինք….  
   
ՔԱՆԻ ՈՐ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՄ
Կար  հրաշալի մի  երկիր` արևշատ երկնքով,բերրի  հողերով,մաքուր ու քաղցրահամ ջրերով:Երկրի բնակիչներն աշխատասեր էին և հավատարիմ էին իրենց թագավորին:Նրանք բավարարվում էին քչով  և ոսկով  էին լցնում  թագավորական գանձարանը:Աչքի ու մտքի համար ընդունված բան էր, որ հարուստները պիտի հարուստ ապրեն:Որտեղ էր լսված,որ թագավորը ոսկյա- ադամանդակուռ թագ չունենար,թագուհին շատ զարդեր չունենար:Էդ որ մի պալատականն էր  թշվառ ապրում,որ երկրի պալատում  պարահանդեսներ չկային:Չկար այդպիսի մի ժողովուրդ,որ թագավոր չունենար:Բայց  որքան էլ ժողովուրդը հավատարիմ լիներ իր թագավորին,թագավորի ներքինիների մեջ չուզողություն կար:Նախանձում էին նրա թագավորական փառքին:Գլխավոր ներքինին  որոշել էր թագավորին գահընկեց անել և տիրանալ թագին:Նա արդեն թվով  ահագին համախոհներ ուներ:Բայց թագավորն էլ  քնած չէր ու իմացավ այդ մասին:Նա ուրիշ թագավորների նման չգլխատեց  անհավատարիմ ծառայողին,այլ անհավատարիմ ներքինիներից մեկ-երկուսին կանչեց, նրանց  առանձին առանձին  առատ նվերներ ու պարգևներ արեց:Սրանք զարմացած էին թագավորի անակնկալ առատաձեռնությունից,նրանց սիրտը փխրացավ թագավորի հանդեպ և նվիրումով լցվեց:Եվ երբ   դավադրության գլխավորը,ով իր մտքում արդեն թագավորում  էրկանչեց բոլորին ,որպեսզի որոշեն թագավորին գահընկեց անելու օրը, շատ զարմացավ,երբ տեսավ, որ իր համախոհների մեջ անհամաձայնություն կար,վիճում   էին  մեկը մյուսի հետ, թագավորի դեմ դավադրություն կազմակերպելու մտքին հավանություն էլ չէին տալիս:Վեճը այնքան տաքացավ,որ սկսեցին հայհոյել ու քաշքշել մեկ մեկու:Վրա հասած պալատական զինվորները կանխեցին ծեծկռտուքը:Նրանք թագավորի մոտ տարան մեղավորներին:Դավադիրներից գլխավորը,որ ուզում էր թագավոր դառնալ,ընկավ թագավորի ոտքերը :
-Ներիր ինձ,Տեր իմ,-աղերսում էր նա:Ինձ կյանքից մի զրկիր  և ես մինչև կյանքիս վերջը կլինեմ քո հավատարիմ ծառան:
-Լավ,-ասաց թագավորը,-միայն մի պայմանով:Դու ամբողջ ժողովրդի առաջ պիտի խոստովանես քո մեղքը և ներում հայցես ինձանից ու ես քո կյանքը քեզ կբաշխեմ:
-Համաձայն եմ, Տեր իմ,միայն թե ինձ կյանքից  չզրկես,-նրա  ոտքերն ընկած աղերսում էր դավադիր պալատականը:
Թագավորի հրամանով ժողովուրդը հավաքվեց:Բոլորին ի տես` դավաճանը թագավորի ոտքերն ընկած ներում էր աղերսում:
-Իմ ժողովուրդ,-դիմեց թագավորը նրանց,-այս մարդը դավաճանել է ինձ,որ թագավորական գահին տիրանա:Բայց  հիմա տեսեք, թե նա ինչպես է ընկել իմ ոտքերը,ինչպես է սողում գետնի վրա:Եթե սա թագավոր դառնա,մի թե նույն սողունը չի  լինելու:
-Սողուն է,դրանից ինչ թագավոր,-լսվեցին ամեն կողմից:
Դավաճանելու է և ձեզ`իմ ժողովուրդ,և ձեր երկրին,-շարունակեց թագավորը:Համաձայն եք,որ նա լինի ձեր  թագավորը իմ փոխարեն:
-Սատկացրեք դրան,կորչի դավաճանը,-լսվեցին այս ու այն կողմից:
-Ես սրան կյանքից չեմ զրկում  և ազատ եմ  արձակում,քանի որ խոստացել եմ:Դուք էլ նրան ձեռք չտաք,թողեք հեռանա,-հրամայեց թագավորը:
Ժողովուրդը հարգեց թագավորի խոսքը`ձեռք  չտվեց դավաճանին,բայց նրա վրա թուք ու մուր արեց ու հալածեց:
Այդ օրվանից ժողովրդի համար թագավորը ավելի սիրելի ու անփոխարինելի դարձավ ,ինչպես աշխարհի ամենալավ թագավորը….

ԿԱՐԾԵՍ  ՈՉԻՆՉ   ՉԷՐ  ԵՂԵԼ
Մի մեծ բակում էին ապրում Կիսո կատուն , Չալ հավիկը, Պոզատ այծիկը,Հաֆան շնիկը,Դոդո բադիկը,Պեծիկ հորթուկը և Ամլիկ գառնուկը:Նրանք ապրում էին հաշտ ու համերաշխ,քանի որ տերը նրանց բոլորին հավասար աչքով էր նայում:Նրանցից ամեն մեկն իր տեղը գիտեր, ամեն մեկն իր անելիքն ուներ:Կիսո կատուն կաթ էր խմում և տիրոջ մառանը պահպանում մկներից,Դոդո բադիկն ու Չալ հավիկը կուտ էին ուտում և ձու ածում տիրոջ  համար,Պոզատ այծիկը կթվում  էր և կաթ  էր տալիս տիրոջը ,Պեծիկ հորթուկն  ու Ամլիկ գառնուկը խոտ էին ծամում,Հաֆան շնիկը միշտ ոսկոր ուներ կրծելու և օտարներին մոտ չէր թողնում տիրոջ ունեցվածքին:Բոլորը հանգիստ քնում էին գիշերները և ուրախ դիմավորում լուսաբացը:Մի անգամ ,ինչպես եղավ,Կիսո կատուն քիթը խոթեց  Հաֆան շնիկի կերակուրին  ու ծաղրական հեգնեց .
-Էս ինչ է,միայն ոսկոր ես կրծում ու հետո էլ ասում,թե  տերը ինձ ու քեզ հավասար է սիրում:Ինձ շատ է սիրում,դրա համար էլ  չի մոռանում կաթով կերակրել:
-Քո գործին գնա,հեռու քաշվիր իմ ոսկորից,-գռմռաց Հաֆանը:Իսկ Կիսո կատուն չլսեց ու ավելի համարձակ`բոլորին լսելի սկսեց հեգնել:Հաֆան շնիկը չդիմացավ ու ատամ ցույց տվեց:Բակի իրարանցումը դուր չեկավ տիրոջը:Երբ նա փորձեց պարզել եղելությունը, Կիսո կատուն հեզաբար փաթաթվեց նրա ոտքերին:
-Ահա,Հաֆան,քեզ ինչ է արել այս անմեղ արարածը,որ վրա ես հասել,-բարկացավ տերը և ձեռնափայտով բզեց  շնիկին:
Հաֆանը ցավից կլավեց ու պոչը ոտքերի մեջ առած քաշվեց բակի մոռացված մի անկյուն:Նրա սիրտը նվում էր վիրավորանքից:
-Տերը ինչպես կարողացավ խփել իրեն,չէ որ ինքը այնքան էլ մեղավոր չէր:Կիսո կատուն ճիշտ էր ասում`տերն իրեն քիչ է սիրում,կամ էլ`չի սիրում,-նա գլուխը թաթերի մեջ առած ընկավ տխուր մտքերի մեջ:
-Վերջ,-մտածեց նա,-գնում եմ մեռնելու,թող այն ժամանակ  տերը տխրի:Թող բոլորը տխրեն:
Նա մտովի ճանապարհ ընկավ:
-Ուր ես գնում,-հարցրեցին հավիկը,այծիկը ,բադիկը,հորթուկը,գառնուկը,միայն ոչ Կիսո կատուն:
-Գնում եմ մեռնելու,-տխուր-տրտում  գռմռաց Հաֆանը:
-Մենք էլ ենք գալիս  քեզ հետ,-ձայնեցին բոլորը,միայն ոչ Կիսո կատուն:
Նրանք  միասին ճանապարհ ընկան:Երբ Հաֆանը հետ նայեց,տեսավ որ Կիսո կատուն գալիս է իրենց ետևից:Նրանք գնում էին ու գնում:Ճանապարհը երկար էր ու երկար,ձորերով ու դաշտերով,անտառներով ու լեռներով:Հաֆանը չգիտեր արդեն ինչքան ժամանակ կլիներ,որ գնում էին, մեկ էլ  նրանց ճամփան կտրեց գայլերի ոհմակը:Հաֆանի սիրտը  քիչ մնաց  վախից ճաքեր :Նա վեր թռավ  տիրոջ ձեռքի թույլ  հպումից:Տերը  քնքշորեն փաղաքշում էր իրեն:
-Ինչ լավ էր,որ գայլերը  չկային,-խոր շունչ քաշեց ու գոհացած շուրջը նայեց Հաֆանը:Բակում ամեն ինչ հանդարտ էր:Բոլորը տեղերում էին ողջ և առողջ: Կիսո կատուն ,որ տիրոջ հետ մոտեցել էր իրեն` կողքից քսմսվելով անցավ, կարծես  ոչինչ  չէր  եղել



                       ՀԱՎԸ` ՀԱՎ  ԷԼ  ՄՆԱՑ 
-Երանի թիթեռ լինեի,-երազում էր խլածաղիկը,-ծաղիկների վրայով կթռչեի,-ինձ ավելի կսիրեի:
-Երանի ագռավ լինեի,-երազում էր թիթեռը,-երկար –երկար կապրեի,երկար կսիրեի:
-Երանի ագռավ չլինեի,սիրամարգ լինեի,-երազում էր սև ագռավը,-ես ինձ ավելի  գեղեցիկ կսիրեի:
-Երանի կարապ լինեի,երգող կարապ,-երազում էր սիրամարգը,-իմ ճերմակ տեսակին   կսիրեի:
-Երանի սոխակ լինեի, ամեն օր  կգերեի,-երազում էր կարապը,-ու ինձ ավելի կսիրեի:
-Երանի աղվես լինեի,էլ աղվեսներից  վախ չէի ունենա ու ինձ աղվեսավարի  կսիրեի,-դաշտամկան երազանքն էր:
-Երանի առյուծ լինեի,գազանների արքան կլինեի,ու իմ նմանը էլ չէր լինի,-երազում էր աղվեսը:
-Երանի մարդ լինեի,մարդամոտ կլինեի ու մարդավարի  կսիրեի,-երազում էր առյուծը:
Հազար ու մի երանի,-չորս կողմից երանի էր,որ երանի էր տալիս ուրիշներին:Միայն հավն էր,որ երանի չուներ:Չէր հիշում տեսած երազները:Մի ձու ածելու համար աչքից հեռու տեղ էր գտնում:Ձուն ածելուց հետո  մի ձվի չափ հրաշքի համար կչկչոցը աշխարհն էր բռնում:Ուտելու համար ուտում էր, ջուր խմելու համար դառնում երկնքին`տեսներ քանի կում երկինք խմեց:Ու ամեն անգամ աչքն առանց երկինք գցելու ոչ մի կաթիլ  չէր խմում:
-Հավ է, դրա համար էլ այդպիսին է,-մտածում էր ագռավը,մտածում էր աղվեսը,մտածում էր թիթեռը:Ծաղիկը,կարապը,…բոլորը այդ կարծիքին էին.
-Աներանի,աներազանք,կյանքից բան չհասկացող  հավ է,-մտածում էին նրանք:
Է,հավը է,հավ էլ  մնաց:
****
ՆՎԻՐԵԼ ԵՆ ԻՐԵՆ
Տուր տիկնիկդ-խաղամ,
Խնդրում էր Մելինեն,
-Նրան քեզ ինչպես տամ,
Մորաքույրս է բերել:
Քո ընկերն եմ, թե` չէ,
Գոնե գնդակդ  տուր,-
-Այն կարող է թռչել,
Կկորցնեմ  իզուր:
-Քո արդուկը ինձ տուր,
Արդուկը  ես կանեմ,
-Չեմ կարող,շատ է նոր,
Տուփի մեջ թող պահեմ:
Ինչ խաղալիք ուզեց
Վերցնել Մելինեն,
Էվիտան չթողեց,-
Նվիրել են իրեն: