четверг, 19 апреля 2012 г.

Անձրևային

Ամպերը հավաքվել
Ուժերն են չափում,
Ձեռքները կանթել,
Մի ոտքով թռչում:
Հասնում են իրար՝
Բախվում են կրծքով,
Երկնքում մի նավ
Խորտակվեց ճիչով:
Քամվեց ու քամեց
Ուժեղը՝ թույլին,
Ջուրը վարարեց,
Հիշողությամբ  հին:
Արևին փնտրեց
Օրն անձրևային,
Մատնահետք թողեց
Իմ պատուհանին:

понедельник, 16 апреля 2012 г.

Արև,արև,ուր ես կորել


Արև,արև,ուր ես կորել,
Մութ ամպերն են հավաքվել,
Բան չեմ տեսնում ամպից վերև,
Բակում երկինքն է կախվել:
Ամպը ամպից ոնց է պայթում,
Կուլ են տալիս իրարու,
Կայծակներով իրար խայթում,
Տեսնես երբ են գնալու:
Գնամ տանը մնամ թաքուն,
Մինչև ամպրոպը անցնի,
Մի ամպիկ է լալիս բակում,
Անձրևը ձայնն է լացի:
Արև,արի խաղանք ուրախ,
Թրջվելուց մի ամաչի,
Փոքրիկ ամպից ես չունեմ վախ,
Դու նրա հետ բակ իջի:
 
ԿԱՏՈՒ
Մեջքը գետնով  չի տալիս,
Համառ է, համառ,
Մլավում է,չի լալիս,
Քեֆին թե կպար:
Դու պիտի զգույշ լինես,
Չընկնի ոտքի տակ,
Թե ճամփից մի կողմ հրես,
ԿԿարծի կատակ:
Կքսմսվի ոտքերիդ,
Քնքուշ ու փափուկ,
Կսպասի կաթին ձեռիդ,
Ու  չի  որսա մուկ:


пятница, 6 апреля 2012 г.

Զատիկ

Տատիս խաշած ձվերն այսօր
Ինչ գույնզգույն են,
Դրել է նա թասի մեջ նոր`
Աչքս շոյում են:
Ամեն մի ձու` տատիս ներկած`
Արև էլ ունի,
Ասես թե նուռ լինի ճաքած`
Կճեպով ձվի:
Ձվի չափ է երկինքն այսօր`
Իմ տատի ձեռքում,
Դեղնուցը հանց երկիր կլոր`
Երկնքի խորքում:
Ծիածանի գույներն այսօր
Խառն են ափսեում,
Զատիկի տոնին բոլորով`
Ձվերն ենք փորձում...

среда, 4 апреля 2012 г.

Տեսնես այդ երբ սովորեց

Եղեգնուտում բույն հյուսեց,
Ձու ածեց ճահճահավը,
Աչքը բնից երբ թարթեց,
Չտեսավ կկվի գալը:
Չուներ թիվը ձվերի,
Մոռացել էր թե հաշվեր,
Երկուսը`երեք լինի,
Կկվին ով պիտի պատժեր:
Բնում ձվել էր թաքուն,
Այդ կկու անամոթը,
Հիմա որն էր նրա ձուն,
Որն էր հալալն ու խորթը:
Տաքացնում էր ձվերը
Ճահճահավը իր կրծքով,
Ճեղքեց ձվի կեղևը
Կկվի ձագուկը շուտով:
Շուռումուռ էր նա գալիս,
Բույնն իրեն նեղ էր թվում,
Հավքը թևին էր տալիս,
Բնից հեռու չէր գնում:
Նայում էր նա կուրորեն,
Ոնց տեսածը չհիշեց,
Նորածինը անօրեն
Մի ձուն բնից ցած գցեց:
Երկրորդ ձուն էլ գլորեց
Նորելուկը այդ անճար,
Ինքը`փոքր, գործը չար
Տեսնես այդ երբ սովորեց: