четверг, 27 сентября 2012 г.

ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՆԵԼՆ ԷԼ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ Է

ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՆԵԼՆ  ԷԼ  ԼԱՎՈՒԹՅՈՒՆ Է

Դուռ - դռան երկու գյուղացի հարազատի նման են լինում: Նրանցից մեկը բազմանդամ ընտանիքի տեր է լինում` ծեր հայր ու մայր, քույր, չորս աղջիկներն ու կինը: Մյուսն` ինքն ու իր չոր գլուխը, ապրում է տասը հոգու համար շինած իր տան մեջ մենակ:

- Գնամ, աշխարհը գյուղից էն կողմ տեսնեմ` ման գամ, բախտ որոնեմ,- մի օր որոշում է մենակ ապրող գյուղացին: Նա իր հարևանին է տալիս իր տան բանալիները, իր հեկտարներով հողերը, թե` ցանիր - վարիր, տնօրինիր քո ունեցվածքի  նման, մինչև վերադառնամ: Մի խոսքով, ունեցած -չունեցածը վստահում է հարևանին ու հեռանում գյուղից: Անցնում են շատ տարիներ: Բազմանդամ ընտանիքի տեր գյուղացին էլ ավելի բազմանդամ է դառնում` աղջիկ է պսակում, թոռներ է ունենում: Աղջիկն իր ընտանիքով ` իր տան նման, ապրում է հարևանի դատարկ մնացած տանը: Այդ տարիների ընթացքում` նրանք ոչ մի  լուր չունենալով  տանտիրոջից, սովորում են նրա ունեցվածքին: Օրերից մի օր, աշխարհ ման եկած - ճանաչած ու ման գալուց հոգնած էս հարևանը հետ` գյուղ է վերադառնում: Տեսնելով, որ իր տանը հարևանի աղջկա ընտանիքն է ապրում, նա ուրիշ մի ավելի լավ տուն էլ է առնում ու իր համար ապրում:

-Ո՞նց ասեմ դուրս եկեք: Որ ասեմ դուրս եկեք իմ տնից, մեղք գործած կլինեմ: Երևի տեղ չունեն ապրելու, որ մտել են իմ տանն են ապրում,- մտածում է նա և շարունակում հարազատի պես հարևանություն անել նրանց հետ:

Բազմանդամ ընտանիքի տեր հարևանը նրան հաճախ է նեղացնում ասելով.

Քեզ այդքան շա՜տ ունեցվածք, փո՛ղ ունես, բայց  ինձ լավություն չե՛ս անում, ունեցվածքիդ  մի մասը մեզ չես նվիրում: Ես այսքան հոգսաշատ ու չարչարյալ` դու այդքան մենակ ու հարուստ:

Ու ամեն անգամ մենակյաց հարևանը պատասխանում էր.

-Շնորհակա՛լ եղիր, որ վատություն չեմ անում:

-Ինձ լավությո՛ւն չես անում,- կրկին ու նորից նեղվում էր բազմանդամ ընտանիք ունեցող  հարևանը:

-Շնորհակալ եղիր, որ վատություն չեմ անում:

Ու այսպես շարունակ: Մի օր բազմանդամ ընտանիք ունեցող  հարևանը  համբերությունը հատած գոռում է մենակյացի երեսին.

-Ինձ ի՞նչ վատություն պիտի անես, որ չես անում  ու լավության տեղ ես անցկացնում, ասա՛ իմանանք:

-Աղջի՛կս քո տանն է ապրում` տունդ տաքացնում, փոշուց մաքրում, այդ  նա է քեզ լավություն անում: Հողամասիդ մի մասը` էսպես թե էնպես,  անմշակ ընկած էր, մշակելի ենք դարձրելՀը, ասա, ինչ վատություն պիտի անես:

Մենակյաց հարևանը զարմանում է ու զայրացած  պատասխանում,

-Է՛ն, որ աղջկանդ ընտանիքն  իմ տնից  դուրս չեմ հանում` մե՛կ, է՛ն որ իմ հողամասի մի մասը  դարձրել ես քո անասունների արոտատեղին, իսկ մյուս մասը ցանում – հնձում ես  ու ես հետ չեմ պահանջում` երկո՛ւ: Եվ էն, որ փեսադ գող է ու  ինձանից ոսկի ու արծաթ գողանալիս նրա  ձեռքը բռնել եմ,  ձեռքի երեսին  խաչ եմ այրել, որ էլ գողություն չանի, ու  դատավորին չե՛մ հանձնել  փեսայիդ….

-Սո՛ւտ է, այդպիսի բան չկա,- զայրույթից դողալով   չի համբերում բազմանդամ ընտանիքատեր հարևանը: -Դու դա ինձ ասում ես, որ ես ինձ վատ զգամ,- ասում է և արդեն վատ զգալով, բռնում է սիրտը:

-Ես գիտեի, որ քեզ ցավ կպատճառեմ, դրա համար էլ չէի խոսում այս ամենի մասին: Դե հիմա ասա՝ քի՛չ է: Ու թե՛ քիչ է ու  դու լավությունը չես հասկանում, հետ տուր իմ հողամասը, աղջկանդ ընտանիքին տա՛ր քո տանը պահիր` թող քո սիրտն էլ ավելի տաքանա նրանց վրա, փեսայիդ էլ դատավորին եմ հանձնելու:

Էս մարդու աղջիկը, որ արդեն երկու երեխա  ուներ,  ընկնում է մենակյաց հարևանի ոտքերը.

-Հա՛յրս չգիտի ինչ է խոսում,  ներո՛ղ եղիրնրա սրտին մի՛ գնա-, աղերսում է արցունք աչքով:

Եվ երբ մենակյացը, ում սիրտը ասես բռի մեջ լիներ, խղճում է և  ասում` ապրե՛ք իմ տանը, ինչքա՜ն ուզում եք, այն ժամանակ նրան բարին են ասում: Եվ երբ խնդրում են արոտատեղի թողնել հողի մի մասը ու վարելահողը հետ չվերցնել, և նա նորից համաձայնում է` բարին են ասում: Եվ դատավորին չի հանձնում հարևանի գող փեսային: Եվ սրանք հասկանում են, որ վատություն չանե՛լն էլ  լավություն է: