вторник, 14 февраля 2012 г.

Նվիրել են իրեն

ՓԱԹԻԼ-ՓԱԹԻԼ
Փաթիլ-փաթիլ
Ձյուն է գալիս,
Կաթիլ-կաթիլ
Անձայն լալիս:
Օրը տաք է
Ձմռան համար,
Ճերմակ ամպ է
Երկնակամար:
Օդն առել է
Ձյունը վարար,
Փաթիլները
Բռնել են պար:
Ամպը ճերմակ
Մանեց-հանեց
Մուշտակը տաք`
Գետնին սահեց:
Ճերմակ հագավ
Ողջ աշխարհը,
Ու մոռացավ
Վաղ ձնհալը:

**********
Ճերմակ սավան ու վերմակ,
Դաշտերին ու ձորին,
Ճերմակ զգեստ ու գլխարկ`
Ծառերին ու տներին:
Երկար նայել չի լինում,
Ադամանդե փայլ ունի,
Աչքից արցունք է բերում,
Ծակող լույսը  շողերի:
Փխրուն է,հեշտ  ու թեթև,
Հալվում է,երբ օրն է տաք,
Գույն չի մնում,ոչ էլ`ձև,
Էլ ինչ վերմակ ու գլխարկ:
Ջուր է դառնում-վարարում,
Քչքչում է ամենուր,
Ով է այսպես հեռանում,
Ձյունը ճերմակ ու մաքուր:

ՆՎԻՐԵԼ ԵՆ ԻՐԵՆ
Տուր տիկնիկդ-խաղամ,
Խնդրում էր Մելինեն,
-Նրան քեզ ինչպես տամ,
Մորաքույրս է բերել:
Քո ընկերն եմ, թե` չէ,
Գոնե գնդակդ  տուր,-
-Այն կարող է թռչել,
Կորչել չգիտես ուր:
-Քո արդուկը ինձ տուր,
Արդուկը  ես կանեմ,
-Չեմ կարող,շատ է նոր,
Տուփի մեջ թող պահեմ:
Ինչ խաղալիք ուզեց
Վերցնել Մելինեն,
Էվիտան չթողեց,-
Նվիրել են իրեն: