среда, 31 января 2024 г.

ԱՉՔԱՈՒԼՈՒՆՔ

 

ԱՉՔԱՈՒԼՈՒՆՔ

Ամբողջ տունը տակնուվրա արեց` աչքաուլունքը չկար ու չկար: Բոլոր իրերը, որ չէր էլ հիշում որը երբ և ումից էր գողացել` տանն էին, տեսակ - տեսակ գունագեղ կոճակները, թելերն ու շորերի կտորտանքը, փայլուն - փայլփլուն կրծքազարդերն ու մազակալները կային, բայց աչքաուլունքը չկար: Նորից նայեց տան անկյունները, որ աչքից հեռու էին ու աննկատ: Չ՛է, այնտեղ էլ չկար, ոչ մի տեղ չկար: Ագռավը սկսեց կռռալ.

-Էս ի՞նչ տուն է, մի բան չես կարողանում պահել, դեռ տուն չբերած` կորչում է: Ձեր գողանալու սովորույթը ուժեղ է ձեզանից, որ մե՞կդ եք վերցրել աչքաուլունքը,- խստաձայն  դիմեց նա Ագռավուհուն ու ձագերին:

Ագռավուհու կիսաձայն կռռոցը փշրվեց կոկորդում: Ձագերը քննող հայացքով իրար նայեցին:

_Մոլո՛ն է վերցրել,- հանկարծ բարձրաձայն հայտարարեց Կոլոն:

-Ես չե՛մ վերցրել,- վախվորած նեղացավ Մոլոն:

-Դո՛ւ ես վերցրել, բա ի՞նչ եղավ տանից,- շարունակեց պնդել Կոլոն:

-Ուրեմն դո՛ւ ես վերցրել,- համարձակվեց հուշել Մոլոն:

-Ա՜յ քեզ հիմար աղջի՛կ,- զայրացավ Կոլոն,- ու կտուցով խփեց քրոջ գլխին:

-Կը՜ռռռ,- ցավից կռռաց քույրն ու սա էլ խփեց եղբոր մեջքին:

Բնի մեջ իրարանցում սկսվեց: Ագռավուհին ստիպված էր խառնվել` կարգի հրավիրելու համար երկու  ձագին էլ կտցահարեց: Նրանք աշխարհից խռոված, անկյուն քաշվեցին: Կորցրած իրի ափսոսանքը մտքի մեջ, Ագռավը դուրս թռավ բնից:

Կոլոն ու Մոլոն չէին դադարում բացահայտ  կասկածել մեկը մյուսին` կռռալ  իրար վրա: Ագռավուհին  ընկավ մտքերի մեջ` ո՞վ էր եկել - գնացել իրենց տուն, ո՞վ գողացած կլիներ:

-Գուցե մոտիկ ընկե՞րը տարավ, գայթակղվեց ու տարավ,- մեկ էլ անցավ մտքովը:

Փորձեց հիշել աչքաուլունքը` կարմիր - կապույտ գույներով, կլոր ու փայլունՉէ՛, չէ՛, հիմա ավելի լավ կհիշի` դեղին ու կանաչ ու կարմիր ու կապույտշատ սիրո՜ւն էր: Այո՛, երևի գայթակղվել են ու գողացել:

Զայրույթի մի ալիք էլ փոթորկեց սիրտն ու հոգին: Պետք չէ հապաղել, հենց հիմա կգնա ու հետ կբերի  իրենց գունագեղ աչքաուլունքը: Չտան` զոռով կվերցնի, թող փորձեն չտալ: Այնպիսի կռվտուք կսարքի նրանց բնում, այնպիսի իրարանցում, որ անունները մոռանան

Չարացած դուրս թռավ բնից:

-Դո՛ւք էլ ձեզ  ընկե՞ր եք համարում,- բարձր կռռաց նա, այնպես բարձր, որ աշխարհը լսի: -Հետ տվե՛ք մեր  աչքաուլո՛ւնքը, թե չէ երկինքը գլխներիդ կփլեմ:

Ընկերուհին ու ընկերը երիտասարդ զույգեր էին: Ոչինչ չհասկանալով նայեցին միմյանց:

-Ի՞նչ ես հիմարացել, հետ տուր մեր աչքաուլունքը,- կռռաց Ագռավուհին ու խփեց ընկերուհու աչքին:

-Կը՜ռռ,-ցավագար ճչաց ընկերուհին ու  ցավից անզոր կռավոցով պահվեց իր զույգի թիկունքում: Նրանք սկսեցին պաշտպանվել Ագռավուհու հարձակումներից:

-Ո՞նց թե դու իմ սիրելիի աչքին խփես` դե առ քեզ, ստացի՛ր:

Ուժեղ հարվածից Ագռավուհին շշմեց, հետուառաջ արեց նրանց բնում ու հազիվ  փախչելով  կարողացավ տուն տանող ճամփան գտնել: Վիրավորված ընկերուհուց ու նրա զույգի պահվածքից, հազիվ տուն հասավ: Գլուխը անտանելի ցավում էր, բայց տանը նստած շարունակում էր դեռ կասկածել: Ո՛վ ասես մտքովը չէր անցնում, ո՛վ ասես կարող էր գողանալ աչքաուլունքը: Ախր այն շատ գեղեցիկ էր, աչք ծակելու չափ փայլուն ու գեղեցիկ:

-Իսկ եթե՞ լճափին ապրող մարդն է տարել: Երեկ նրա բադերի ձվերից եմ գողացել: Գուցե իմացել է այդ մասին, եկել ու նա էլ մեր աչքաուլունքն է գողացել,- մտածեց Ագռավուհին ու աչքերի առաջը սևացավ չարությունից, միանգամից մոռացավ գլխացավը: -Հը՛մ,- մարդու դեմ մենակ չեմ գնա, կսպասեմ  զույգիս, միասին հարձակման ծրագիր կմշակենք ու ցույց կտանք, թե ո՞վ է մեզանից ճշմարիտ գողը,- որոշեց Ագռավուհին:

Երբ  Ագռավը եկավ տուն, Ագռավուհին անմիջապես հայտնեց տեղի ունեցած - չունեցածի մասին, իր հետ պատահածի ու իր մտահոգության մասին: Մարդու վրա հարձակվելու նրա պլանը արձագանք չունեցավ: Ագռավը  փորացավ ուներ ու տնքում էր ցավից:

-Դու ինչ է, չե՞ս ուզում հետ վերցնել մեր աչքաուլունքը,- կռռաց Ագռավուհին, նեղվելով Ագռավի այլևս անտարբերությունից:

-Մի՛ կռռա, հանգիստ թո՛ղ ինձ,- ցավից խեղճացած հազիվ ձայնեց  Ագռավը:

-Ինչպե՞ս թե,- չկարողացավ հանգստանալ Ագռավուհին,- մեր աչքաուլունքը, հրաշք գույներով, աչք ծակող փայլով` հանգիստ թողնե՞նք ուրիշին: Ո՛չ մի դեպքում, ես թույլ չե՛մ տա: Ես մենակ կգնամ ու այն հետ կբերե՛մ տուն,- վճռական կռռաց նա:

-Մեռնո՜ւմ եմ ցավից,- Ագռավուհուն ձայնեց Ագռավը: Փորիս ցավի՛ց մեռնում եմ:

Ագռավուհին սթափվեց, լրջացած նայեց նրան:

-Ի՞նչ է,  քեզ էլ են կտցահարե՞լ, դու էլ ես ինձ նման կռվի՞ մեջ ընկել գողերի հետ:

-Նո՛ր հիշեցի,- կռռաց Ագռավը, տնքոցը մի կերպ զսպելով,- հիշեցի՛, երեկ տուն գալիս, ճանապարհին,- նորից տնքաց նա,- պատահմա՛մբ կուլ եմ տվել….

-Ի՞նչն ես կուլ տվել,- անհամբեր կռռաց Ագռավուհին:

-Երե՜կ,- տնքտնքաց Ագռավը,- մարդուց գողացած աչքաուլո՜ւնքը…  կտուցի՜ստուն գալի՜ս, ճանապարհի՜ն

-Ճանապարհի՛ն ի՞նչ,- նորից անհամբեր զայրացած կռռաց  Ագռավուհին:

-Պատահմամբ.. կուլ եմ տվելաչքաուլո՜ւնքը: