среда, 27 апреля 2022 г.

 

ՄԵՂՐ  ԾԱԽՈՂԸ  ՄԱՏԸ  ԼԻԶՈՒՄ Է

Մի շատ ժլատ մարդ է լինում` աչքը սրա - նրա կերած հացուջրի վրա: Ինչքան շատ է դրամ  կուտակում, այնքան ժլատությունն ավելանում է: Մի օր  էժան մեղր ծախողի տեղ է իմանում: Ինքն իրեն ասում է .

-Ես ավելորդ փող ունեմ, իսկ սա հացի փող չունի, բայց ջրի գնով մեղր է ծախում: Սպասի սրա ունեցած  մեղրն առնեմ - տանեմ թանկ գնով ծախեմ, փողս ավելի  շատացնեմ:

Էդպես էլ անում է: Օրը մի բոքոն հացով էլ  մարդ է վարձում մեղրը ծախելու համար:

Էս խեղճ վարձկանը, մեղրի առևտուրն անելիս, անընդհատ կռանում - բարձրանում է` դեռ քաղցր լեզու էլ թափելով, որ գնորդները գոհ հեռանան ու իր վաստակած մի կտոր հացը հալալ լինի իրեն: Մեղրատերը նրանից աչքը չի կտրում: Մեկ էլ տեսնում է, որ նա մատը բերանը տարավ ու լիզեց: Դա նրան ջղայնացնում է:

-Վա՛յ, ինչո՞ւ իմ մեղրից կերար,- աչքերը չռած վրա գալով, գոռում է նա էս խեղճի վրա:

-Ես քո մեղրից չկերա, մատս լիզեցի,- չի խեղճանում մեղրը վաճառող մարդը:

-Ես տեսա, որ մատով սրբեցիր ամանն ու կերար,-չի հանդարտվում մեղրատերը:

-Որ մատով չսրբեի, գետնին էր կաթալու, որ գետնին կաթար, մրջյուններ էին հավաքվելու: Որ մրջյուններ հավաքվեին, մեղրդ պիտի հարամեին` մեջն ընկնեին, սատկեին: Որ գնորդների աչքին ընկնեին մեղրիդ մեջ սատկած մրջյունները, թեկուզ մեկ մրջյուն, մեղրդ  էլ չէին առնելու: Ու դրանից հետո, որ  մեղրդ ջրի գնով էլ տայիր` տանող չէր  լինելու:

Մեղրատերը նրան  լսելով, վախենում է մեղրը չվաճառվի ու ինքը վնասով մնա: Ու այլևս աչք է  փակում սրա  վրա` ինքն իրեն հուսադրելով.

-Մե՛ղր ծախողը մատը լիզում է: ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ



Комментариев нет:

Отправить комментарий