среда, 27 апреля 2022 г.

 ՀԵՔԻԱԹ ԵՐԵՔ ԹԶՈՒԿՆԵՐԻ, ԹՓԹՓԻԿԻ ՈՒ ԱՐՋԻ ՄԱՍԻՆ

Կար հեքիաթային մի լճակ: Քաղցրահամ էր ջուրն ու մինչև հատակը աչքի տեսանելի: Ափերի ավազը մանր - մանր էր, ասես ծովափի ավազ լիներ: Լճակի կողքին փռվել էր հրաշք մի անտառ` բարձր, շատ բարձր ծառերով: Որքան էլ  արևը  քիթը խոթեր անտառի խորքը, մեկ է, չէր կարողանում ամեն ինչ տեսնել` անտառը խիտ էր ու գաղտնի տեղեր շատ ուներ:

Կային լճակը, անտառը, արևը: Կար մի տնակ` անտառից քիչ հեռու, լճակից քիչ հեռու, որտեղ կարող էին ապրել մեծերն ու փոքրերը: Հենց այդ տնակում էին ապրում չորս ընկերները` Թփթփիկը և երեք թզուկները: Թփթփիկը թզուկներից շատ մեծ էր, իսկ թզուկները փոքրիկ երեխաների նման էին: Բայց որքա՜ն խելացի էին թզուկները, շա՜տ խելացի էին, ճիշտ և ճիշտ խելացի երեխաների՛ պես:

Եվ քանի որ բոլորն իրար լավ էին հասկանում, այդ պատճառով էլ ապրում էին հաշտ ու համերաշխ: Միասին գնում էին անտառ, հատապտուղներ հավաքում, մրգեր հավաքում, լճակից ձուկ բռնում: Ամեն արած գործ այնքան հետաքրքիր ու հաճելի էր ստացվում, որ հոգնել չկար:

Մի անգամ, թզուկներից մեկը տանձը զամբյուղի մեջ գցելու փոխարեն, գցեց Թփթփիկի գլխին: Դա Կապույտիկ անունով թզուկն էր: Կապույտիկը շփոթվեց պատահածից, իսկ Թփթփիկը չնեղացավ, որովհետև գիտեր, որ Կապույտիկը  դիտմամբ չարեց: Կապույտիկի շփոթմունքի վրա` Թփթփիկը, Կարմրիկի ու Կանաչիկի հետ միասին, սկսեցին  ծիծաղել:

Թզուկների հագուստները իրենց անունների նման էին.Կանաչիկն ուներ կանաչ գույնի գլխարկ, կանաչ կոշիկներ, մեջքին կապած կանաչ գոտի: Կարմրիկն ուներ կարմիր գույնի գլխարկ, կարմիր կոշիկներ, մեջքին կապած կարմիր գոտի: Կապույտիկն ուներ կապույտ գույնի գլխարկ, կապույտ կոշիկներ, մեջքին էլ պինդ կապած կապույտ գոտի: Անտառից հավաքած բերք ու բարիքով ծանրաբեռնված  թզուկներն ու Թփթփիկը ուրախ - ուրախ ճամփա էին ընկնում դեպի տուն: Կարմրիկը նստում էր Թփթփիկի գլխին` նրա ցանցավոր գլխարկի վրա, Կապույտիկը նստում էր Թփթփիկի մեջքի լիքը զամբյուղի վրա, իսկ Կանաչիկը նստում էր նրա ուսին: Ողջ ճանապարհին նրանք ուրախ երգում էին.

-Ընկերնե՛ր ենք մենք անվախ,

Ապրո՛ւմ ենք հաշտ ու խաղաղ,

Միասին մի հարկի տակ

Ազնիվ, բարի ու շիտակ:

Թզուկներ թե՛ Թփթփիկ,

Եղբայրնե՛ր ենք մնալու,

Մե՛ծ ենք ծնվել, թե՛ փոքրիկ,

Հավասար ենք սիրելու:

Ես ավելի շա՜տ եմ սիրելու ընկերներիս, նրանց սիրո՛ւն հավասար ու մի կաթի՜լ ավելին` մտածում էր նրանցից յուրաքանչյուրը, բայց հավասար սիրելուն դեմ չէին:

Ու այսպես ուրախ երգելով ու սիրով, նրանք չորսն էլ միաժամանակ տուն էին հասնում: Թփթփիկին հավասար հանգստանում էին թզուկներն ու հետո բոլորով գործի անցնում` եփում, թափում, ուտում, խմում:

Մի անգամ այնպես պատահեց, որ թզուկները տանը մնացին` տանը գործ շատ կար անելու: Թփթփիկը  մենակ գնաց անտառ օջախի համար վառելափայտ բերելու:

Նա նոր էր սկսել հավաքել  ծառերի չորացած ճյուղերը, մեկ էլ դիմացը կանգնեց մի գորշ արջ:

-Ես քեզ պիտի՛ ուտեմ,- ասաց արջը Թփթփիկին: Դրա համար ինձ հետ իմ տուն պիտի՛ գաս,- զխկրտաց արջը:

Ինչ կարող էր անել Թփթփիկը: Նա շատ էր հեռու ընկերներից, թե օգնության կանչեր: Մեկ է, նրանք չէին լսի:

-Լավ, կգա՛մ,- ասաց Թփթփիկը արջին և նրա հետ առաջացավ անտառի խորքը: Բայց Թփթփիկը գիտեր, որ ընկերները կփնտրեն իրեն, երբ տեսնեն ուշանում է: Նա փորձեց խորամանկել արջին:

-Իմ կոշիկի՛ մեկը քեզ պետք չէ, չէ՞,- հարցրեց Թփթփիկը արջին,- ես այն դեն եմ նետում:

-Ինձ պե՛տք չէ, կարող ես շպրտել,- մռթմռթալով պատասխանեց արջը:

-Մյուսն էլ կարո՞ղ եմ դեն նետել,- ավելի համարձակ հարցրեց Թփթփիկը:

-Կարո՛ղ ես,- նրա վրա չնայելով մռռաց արջը:

-Գուլպաներս էլ կարո՞ղ եմ դեն նետել:

-Կարո՛ղ ես:

-Շապի՞կս էլ:

-Շապի՛կդ էլ:

Մինչև հասան արջի բնակատեղին, Թփթփիկը կիսամերկ էր մնացել:

-Ես քեզ պիտի սպանե՛մ հետո ուտեմ: Ի՞նչ կցանկանաս մեռնելուց առաջ,- դիմեց Թփթփիկին արջը:

Թփթփիկը նրան մեկնեց իր ցանցավոր գլխարկը, որ մոռացել էր մյուս հագուստների հետ թողնել ճանապարհին  և դրանով մեկ ջուր ուզեց  արջից:

-Լա՛վ,- գլխարկը վերցնելով փնթփնթաց արջը,- բայց ջուր որտեղի՞ց տամ քեզ:

-Անտառի լճակից բեր,- ասաց Թփթփիկը:

-Այդ դեպքում մտի՛ր այս պարկը, որ չփախչես,- չգիտես որտեղից մի պարկ բերեց արջը:

Թփթփիկը ստիպված համաձայնեց ու  մտավ արջի տված պարկի մեջ: Արջը պինդ կապեց պարկի բերանն ու  Թփթփիկի համար գնաց ցանցավոր գլխարկով ջուր բերելու: Է՜հ, գլխարկով ջուր բերել կլիներ, այն էլ` ցանցավոր: Արջը ջուրը վերցնում էր, որ տանի, իսկ ջուրը չէր մնում` թափվում էր ցանցավոր գլխարկի անցքերից: Այսպես ժամեր շարունակ:

Թզուկները` Կարմրիկը, Կապույտիկն ու Կանաչիկը, տեսնելով Թփթփիկը ուշանում է, անհանգստացան:

-Մի բան պատահած չլինի՞,- ասաց Կարմրիկը:

-Պե՛տք է գնալ նրա հետևից,- ասաց Կապույտիկը:

-Այո՛, այո՛, պետք է շուտ գնա՛նք մեր ընկերոջ հետևից,- համաձայնեց Կանաչիկը:

Թզուկները մի մարդու նման դուրս եկան տնակից:

-Վա՜յ,- ձայնեց Կանաչիկը, գտնելով Թփթփիկի  ձախ կոշիկը,- սա մեր Թփթփիկի՛ կոշիկն է:

Մի քիչ էլ խորացան անտառում, գտան Թփթփիկի աջ կոշիկը: Հետո էլի առաջացան ու գտան աջ գուլպան, հետո ձախ գուլպան: Անհանգստությունը պատեց թզուկներին էլ ավելի: Արդեն կասկած չունեին, որ Թփթփիկին դժբախտություն է պատահել: Նրանք արդեն հասել էին արջի բնակատեղը: Հանկարծ լսեցին իրենց Թփթփիկի  ձայնը.

-Կարմրիկը, Կապույտիկը, Կանաչիկը տեսնես որտե՞ղ են, հասե՛ն օգնության,- ինքն իրեն խոսում էր Թփթփիկն ու տխուր երգում`

Կարմրի՜կ, Կապույտի՜կ, Կանաչի՜կ,

Հարազատ ու բարի ընկերներ,

Ուզո՜ւմ եմ, որ հասնեք իմ կանչին,

Ծուռթաթ արջն ինձ քանի չի կերել:

Կապույտի՜կ, Կանաչի՜կ, Կարմրի՜կ,

Եղբայրնե՜ր, օգնության շո՛ւտ հասեք,

Ձա՛յն հանեք, դուք մեծե՜ր իմ փոքրի՛կ,

Փորձանքից ձեր եղբո՛րն ազատե՛ք:

-Մենք այստե՜ղ ենք,- համարյա միաբերան ասացին երեք թզուկները: Նրանք արագ - արագ  քանդեցին պարկի բերանը բանտող պարանը: Թփթփիկը դուրս եկավ պարկից: Թզուկների ձեռքից վերցնելով հագավ իր թե՛ կոշիկները, թե՛ գուլպաները: Վարտիքը, վերնաշապիկը` բոլոր  հագուսները հավաքել - բերել էին թզուկները: Հիմա նրանց պետք էր փախչել: Ընկերներով որոշեցին լճափի ավազով լցնել պարկը, բայց արջի աչքից հեռու ափից: Հետո  ամուր կապեցին ավազով լի պարկի բերանը` թողնելով արջի որջում, և ուրախ -ուրախ ճամփա ընկան դեպի տուն:

Արջը մինչև մութն ընկնելը փորձում էր ցանցավոր գլխարկով  ջուրը տեղ հասցնել: Նա այնքան էր հետ ու առաջ արել, որ հոգնել էր: Թփթփիկի վրա  կատաղած, արջն այլևս որոշեց տուն գնալ և Թփթփիկին առանց ջուր տալու սպանել: Պարկի վրա արջը այնպես հարձակվեց, որ բերանն ու աչքերը ավազով լցվեցին` քիչ էր մնում խեղդվեր: Նա արջավարի ձայնը գլուխը գցեց, ոչինչ չհասկանալով կատարվածից: Արջը և՛ հոգնա՛ծ էր, և՛ սովա՛ծ էր, դեռ աչքերի մղկտոցն էլ մի կողմից: Նրա մռնչոցից անտառը ցնցվեց, բայց Թփթփիկի ու թզուկների պետքն էլ չէր:

Արջն այդ օրվանից  Թփթփիկի անունը լսել անգամ չէր ուզում: Թփթփիկի անունը լսելիս, փախչում էր անտառի ամենախորքը: Իսկ ընկերները` Թփթփիկը և թզուկներ Կարմրիկը,Կապույտիկն ու Կանաչիկը,  մինչև հիմա էլ ապրում են հեքիաթային լճակի մոտ գտնվող անտառի տնակում` մեծ ու փոքր եղբայրների նման:

 


Комментариев нет:

Отправить комментарий