вторник, 9 июня 2020 г.

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Ի՜ՆՉ Է,  ՈՐ ՉԱՆԵՆՔ    

Արջը, աղվեսն ու դաշտամուկը ընկերացան:

-Ընկերությունն ի՜նչ է, որ  չկարողանանք անել,-մտածեց արջը` արջավարի ձեռնաբաց, - ե՛ս իմ ունեցած ապրուստը կկիսեմ ընկերներիս հետ:                                                                                    -Դե՛, ընկերություն է, կանե՜նք` կքնենք, կարթնանանք, կուտենք, կխմենք, կտանք - կառնենք: Ընկերությո՜ւն է էլի, էլ ո՞նց պիտի  լինի` կանե՛նք, կլինի,- մտածեց աղվեսը:

-Հա՛, լա՜վ է, Է՛ս աշխարհից ես քիչ կվախենամ`ընկերներ կունենամ: Արևի՛ տակ անվախ ման գալն էլ ինձ համար սովորակա՜ն բան  կլինի,- ուրախացած մտածեց դաշտամուկը:

Մտածեցին, որոշեցին ու ընկերացան:

-Մի պարկ ցորե՛ն եմ ամբարել, այն շա՜տ շա՜տ է գարնանը ցանելու համար,- դիմեց նրանց արջը: Եկե՛ք ամեն մեկիդ բաժին տամ, ի՜նչ ուզում եք արեք ձեր բաժին ցորենը: Մնացածը թո՛ղ մնա գարնանացանին:

-Եղա՜վ,- ուրախացավ աղվեսն ու վերցրեց արջի տված մի բուռ ցորենը:

-Կտանե՜մ, հավերի՛ն կգա՜յթա՜կղե՜մ: Ցորենը նրանց ոտքի տակ կփռեմ ու ես այդ հավերին հա՛տ հա՛տ կհավաքեմ,- որոշեց նա, ուրախանալով ու մտքում երգելով.

Ո՛չ կորեկ է, ո՛չ գարի,

Ցորե՛ն է կարմիր հատիկ,

Սրտի ուզա՛ծն է հավի,

Ի՛նձ նման ո՞վ կա ճարպիկ:

-Շա՜տ լավ,- ուրախացավ դաշտամուկը, վերցրեց իր բաժին ցորենն ու տարավ աչքից հեռու վայելելու:

Ձմեռն անցավ, եկավ գարուն: Վար ու ցանքի ժամանակն էր: Արջը, որ երկար քնով էր անցել` արթնացավ:

-Ո՞ւր եք, իմ ընկերնե՛ր,- ձայնեց արջը: Աղվե՛ս, դաշտամո՛ւկ, շուտ այստեղ եկե՛ք, գնանք ցորենը ցանելու:

Ձայնեց ու մտավ մառան ցորենը դուրս բերելու: Բայց այնտեղ նույնիսկ մի կորեկ չգտավ: Ցորենի պարկը դատարկ ու կրծոտված ընկած էր:

-Ընկերնե՛ր,- մռնչաց արջը գոռալու նման,- շո՛ւտ մառան եկեք, ցորենը գողացել են:

Բայց արջի մռնչոցը անարձագանք մնաց: Ո՛չ աղվեսը, ո՛չ  էլ դաշտամուկը` մառան չգնացին:

Երբ արջը կատաղած գնաց ընկերների մոտ, տեսավ,  որ նրանք թեժ կռվի մեջ են` քիչ է մնում իրար ուտեն:

-Ինչո՞ւ ես ցորենը գողացել, ստո՛ր, հողո՛տ արարած,- դաշտամկան վրա կատաղած հարձակվում էր աղվեսը,- քեզ քո բաժինը քի՞չ էր,   ամբողջ ցեղիդ ես ցորենի տեղն ասել, հա՞:

-Բա դո՛ւ ինչո՞ւ ես գողացել,- ծվծվում էր դաշտամուկը, պաշտպանվելու փոխարեն թռչկոտելով այս ու այն կողմ:

-Ա՛խ դուք անամոթնե՜ր, մի սրանց տեսե՛ք,- գոռաց արջը, զայրույթից փրփրած բերանով,- բանի տեղ չիմանաք: Դե՛ռ ընկերներ էլ ձեզ համարում եք: Կորե՛ք աչքիցս, ե՛ս էլ ձեր ընկերը չեմ,-  ասաց արջն ու աչքի առաջը հուր առած գնաց դեպի ընկերները:

Դաշտամուկը՝ հենց արջի ու աղվեսի աչքի առաջ,  գետնի տակն անցավ: Աղվեսը պուկ փախավ սարն ի վեր, ժայռն ի վար: Մտավ խոր ձոր, գտավ մութ անտառ, թաքնվեցկորավ արջի աչքից:

Այդ օրվանից, աղվեսը զգուշանում էր արջին տեսնելիս` նրա աչքին աշխատում էր չերևալ: Դաշտամկան գործը դժվարացել էր` աղվեսը չէր էլ ուզում հիշել, որ ընկերներ են եղել: Նա որոշել էր դաշտամկան ցեղի վերջը տալ` հերթով բռնելով և ուտելով նրա բարեկամներին: Իբրև թե, դաշտամկանը չէր  կարողանում ներել,  որ վա՛տ ընկեր էր

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ



Комментариев нет:

Отправить комментарий