вторник, 9 июня 2020 г.

ՃՅՈՒՂԸ

Ձնել էր երկինքը: Ձնել էր աշխարհը: Ձյունը մաղում էր, կարծես փաթիլված խաղաղություն: Օդն ասես Ձմեռ պապ լիներ` լիքը - լիքը ձյունափայլ  տոպրակով: Փաթիլներն  ուրախ պարում էին օդում, իջնում ընկնելու չափ, նստելով ճանապարհին հանդիպած ամեն ինչի վրա:

-Սա ի՛մ տեղն է, ես պիտի՛ նստեմ այստեղ,- ձայնեց նրանցից մեկը, նստելով ծառի ամենաբարձր ճյուղին: Այդ ճյուղն այքա՜ն բարակ էր, այնքա՜ն բարակ, ասես փոքրիկ երեխայի ճկույթի՛կ լիներ:

-Ճկույթի՛կ, ճկույթի՛կ, բարև,- ասաց փաթիլներից մեկը, իջնելով ճյուղին:

-Բա՛րև,- ասաց ճկույթիկի չափ բարակ և ուղիղ պարզված ճյուղը:

-Ինձ էլ տե՛ղ տվեք,- ձայնեց երկրորդ փաթիլը:

-Ինձ է՜լ, ինձ է՜լ,- ձայնեցին երրորդը, չորրորդը` տեղավորվելով բարալիկ ճյուղի վրա:

Իսկ ճկույթիկի չափ բարակ  ճյուղը բարևում էր բոլոր փաթիլներին և բնավ չէր ճկվում նրանց ծանրության տակ, բայց փաթիլներին արդեն նստելու տեղ չէր մնացել:

Նրանք  հասկացան, որ պետք է շարունակեն իրենց ճանապարհը` փնտրելով նստելու ուրիշ տեղեր: Այլապես նրանք ցած էին ընկնում բարակ և վեր ձգված ճյուղի վրայից:

Ծառի համարյա բոլոր ճյուղերը ծածկվել էին ձյան փխրուն շերտի տակ: Ներքևի ճյուղերը ափերի պես էին բացված ու ճկվել էին ձյան ծանրությունից` նրանց վրա մի ամպի չափ ձյուն էր նստել:

Նրանցից մեկը ճրթում էր մեջքի ցավից:

-Ես էլ չե՛մ դիմանում, իջե՛ք մեջքիցս,- աղերսում էր նա:

-Մենք չե՜նք կարող այլևս իջնել քո մեջքից: Մենք էլ ենք նստած միմյանց մեջքի,- լացակումած ասաց փաթիլներից մեկը,- մենք այլևս թացությունից ծանրացած ձյուն ենք:

Ծառի ճյուղին օգնության եկավ արևի շողը, բայց դրանից ձյունն ավելի ծանրացավ: Այնքան ծանրացավ, որ ճյուղը կոտրվեց ու ձյան հետ փռվեց գետնին: Ճյուղը ցավից ճայթոցի ձայն հանեց ու խոցեց ձյան սիրտը: Ձյունն սկսեց արտասվել: Բայց նրա արցունքը օգուտ չէր տալիս գետնատարած փռված ճյուղին և ձյունն էլ այլևս չէր կարողանում երկինք բարձրանալ: Ձյունն այնքան արտասվեց,  որ առվակի պես քչքչալով սկսեց հոսել: Իր ներսում պահած փաթիլի հիշողությունը, ձյունը կամաց - կամաց հեռացավ ճյուղից: Ճյուղն էլ նրան չմնաց: Մի օր կողերում ջերմություն զգաց ճյուղը` իր նման ճյուղերի ջերմությունն էր:

-Մե՛նք վառելացախ ենք, հա՛ց պիտի եփենք  կրակվելով,- ասաց ճյուղերից մեկը` բռնելով բոցի լեզուն:

Ճյուղը հիշեց, որ իր մեջքը չէր դիմացել ձյան հաստ շերտի ծանրությանը: Հասկացավ, որ ծառ լինելու համար այլևս պիտանի չէր և իզուր ծուխ էր հանում: Նա ամբողջությամբ տրվեց կրակի բոցին, որ հացը հում չմնար: ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ





Комментариев нет:

Отправить комментарий