вторник, 9 июня 2020 г.


 ԹՈՂ ՈՉ ՄԵԿԸ ՉԻՄԱՆԱ

Կար ժամանակ, որ Oձը արքայության մեջ էր ապրում: Նա շատ ինքնուրույն էր ու բարի համբավ ուներ: Ապրում էր ինքն իր համար և բոլորովին էլ սողուն չէր: Նա ոտքեր ուներ և ամենևին  էլ թունավոր օձ չէր: Նա նույնիսկ չգիտեր, թե ինչ բան է անտեղի կծել,  թունավորել կյանքեր և սառնարյուն կենդանի լինել: Եվ Օձը սողալ էլ չգիտեր: Նրան պետք չէր որևէ մեկի ոտքի տակ ընկնելը: Օրը մթնեցնում էր ոտքի վրա` բարի գիշեր ասելով իրեն ճանաչողներին և արևածագին բարև էր ասում բոլորին` նույնիսկ անծանոթներին: Օձի կյանքը հիասքանչ  էր իր արքայության նման: Բայց մի օր, այնպես պատահեց, որ Օձը կռվեց ոզնու հետ: Ավելի շուտ, ոզնին անփույթ գտնվելով փչացրեց Օձի արքայական կյանքը: Ոզնին,  Օձի ձագերին չնկատելով, փշե կծիկ դարձած գլորվել էր նրանց ոտքերի վրայով, գետնին տապալելով  նրանցսուր սուր փշերով ծակծկել նրանց փխրուն ու նիհարիկ մարմիններըը: Բազում օր ու գիշեր  Օձի աչքի առաջ իր  փոքրիկներըը ցավից գալարվեցին: Իսկ հետո այլևս չկարողացան ոտքի կանգնել: Օձը չէր կարողանում վերևից նայել գետինը մաշող իր սերնդին: Ամեն անգամ նրանց նայելիս վրեժով էր լցվում մայր օձի սիրտը: Չչարանալ չէր կարողանում: Չէր ուզում այլևս լավը մնալ: Վրեժի ցանկությունից ու չարություն անելու մտքից կորցրել էր հանգիստը: Արքայության մեջ ապրելով այլևս աչքը չէր գալիս կյանքը: Նա դառնացած մտքերով տարված այնքան էր արթուն մնացել, որ կոպերը հետ էին ծալվել և այլևս աչքերը անկոպ էին մնացել: Նա մեռնում էր հոգնածությունից` գիշեր - ցերեկ ճանապարհ փնտրելով ձագերին օգնելու  համար, չմոռանալով վրեժխնդիր լինել: Եվ նրա ոտքերը տառապալից կյանքից մաշվել էին ու արդեն իր ծանրության տակ ծալվել - թեփուկներով պատվել: Նրա հարթ ու փայլուն մարմինը շարունակ  գետնին քարշ գալուց նույնպես թեփուկներով էր պատվել:

-Աշխարհը չար չէր առաջ: Ինչու այսքան դաժան գտնվեց  արքայությունը մեր նկատմամբ,- դառնանալով - դառնությամբ էր լցվում Օձը: Նա այլևս վախենում էր ամեն շշուկից.

-Չլինի դավեր են հյուսում իմ և իմ սերնդի համար: Չլինի որոշել են իմ փոքրիկների վերջը  տալ,-սարսափով անցնում էր Օձի մտքով:

Նրա աչքին թշնամի էին դարձել բոլորը` բոլորն ասես ծակող փշեր ունենային: Վախենալով ու չարանալով Օձը քիչ - քիչ  թույնով լցվեց աշխարհի հանդեպ: Նա այլևս  իր փոքրիկ օձերին պաշտպանելու համար ինքն էլ հավասարվեց նրանց և սողում էր նրանց նման: Հին կյանքի կարոտից նախանձում էր ոտքի վրա կանգնածներին: Նա երբեմն երբեմն սողալով բարձրանում էր քարերին` ծառերին փաթաթված վերևից էր նայում աշխարհին: Նա աշխատում էր թաքուն մնալ ու գաղտնի ապրել: Ու այլևս  իր ճամփին հայտնվողների վրա առաջինը ինքն էր  հարձակվում:

-Թող ոչ մեկը չիմանա, որ ես վախից եմ հարձակվում ու սրտիս ցավից եմ նախանձ ու թունավոր, - մտածում էր Օձը: Թող բոլորը վախենան ու չմոտենան ինձ: Ես այլևս օձ եմ:





Комментариев нет:

Отправить комментарий