среда, 27 апреля 2022 г.

 ԳՆԴԻԿ ԲՈՔՈՆԻԿԸ ՎԱՌԵՑ ԱՂՎԵՍԻ ԼԵԶՈՒՆ

                    Գնդիկ Բոքոնիկը  / Ռուս. Ժող. Հեքիաթ /                                        

                                                                                         

-Տատիկն ու պապիկը շատ կտխրե՛ն, երբ ինձ փնտրեն ու չգտնեն,- մտածեց պատուհանագոգից գետնին  գլորվող Բոքոնիկը: -Ա՜խր ես ընդամենը խմորի գնդիկ եմ` եփված թեժ կրակին, արդեն բոքոն հաց, որին բոլորն ուզում են ուտել: Բայց ես տատիկի՛ ու պապիկի՛ բաժին հացն եմ,  ինձ պարզապես պե՛տք է  խորամանկ աղվեսին դաս տալ: Ինչպե՞ս: Չե՞մ կարող: Կարո՛ղ եմ, այն էլ ինչպե՜ս: Ես դրա համար ցանկություն ունեմ, - որոշեց Գնդիկն ու  շարունակեց ճանապարհով գլորվել: Գլորվելով ճանապարհ անցնելը հեշտ էր և արագ:

- Հեքիաթում աղվեսը խաբում է ինձ: Խաբված լինելու մտքից ես չարանում եմ: Ես չեմ ուզում այլևս  խաբվել այդ խորամանկին,- որոշեց Բոքոնիկն ու  առաջ սլացավ:

- Աղվե՜ս, որտե՞ղ ես,- համարձակ կանչեց Բոքոնիկը:

Նա ուզում էր րոպե առաջ տեսնել աղվեսին:

- Այստե՛ղ եմ, անո՜ւշս, - քաղցրաձայն  կանչեց  աղվեսը, թփերի տակից դուրս հանելով քիթը: Նա ուրախությամբ  հոտոտեց օդը:

-Ա՜յ քեզ հաջողություն, համե՛ղ հոտ եմ առնում- մտածեց աղվեսը.

 Փափուկ ու կլորիկ`

Խմորի՛ց հունցած,

Բույրը քթի՛ս մոտիկ,

Համը` չտեսնվա՜ծ:

-Արի՛, ինձ շուտ կե՛ր,- ձայնեց Բոքոնիկը: - Թե չէ հիմա գայլը կմոտենա ու ես քեզ չեմ մնա:

Աղվեսը հիշում էր, որ հեքիաթում Բոքոնիկին ուտելու համար ստիպված էր խորամանկել: Կարծում էր, որ  ինքն աշխարհի վրա ամենախորամանկն  է ու առանց երկմտելու  ցանկացավ նման լինել հեքիաթի աղվեսին:

-Իսկ դու կերգե՞ս ինձ համար` լեզվիս վրա նստած,- հարցրեց աղվեսը Գնդիկ Բոքոնիկին ու բերանից դուրս հանեց լեզուն:

-Կերգե՛մ, կերգե՛մ, այն էլ ինչպե՜ս կերգեմ: Միայն թե՛ շուտ ինձ երկարիր  լեզուդ,- ձայնեց Բոքոնիկը:

Ամեն ինչ ճի՛շտ է, հեքիաթայի՜ն, - ուրախացած մտածեց աղվեսն ու բերանից  դուրս հանած  լեզուն երկարեց Բոքոնիկին:

Գնդիկ Բոքոնիկը  < հո՛պ> արեց ու թռավ նրա լեզվի վրա:

-Ա՜յ, ա՜յ, ա՜յ, օգնեցե՜ք, լեզուս այրվում է , օգնեցե՜ք, - ձայնը գլուխը գցեց  աղվեսն ու վազեց ջուր խմելու, որ հովացնի բերանը: Չէ որ Բոքոնիկը դեռ չէր հասցրել հովանալ ու այրելու չափ տաք էր:

Բոքոնիկը աղվեսի կախ ընկած այրվող լեզվից գլորվեց գետնին ու արածից գոհ  սկսեց երգել.

 Չասե՛ք տնից զուր փախա,

Աղվեսին դաս տվեցի,

Այրվում է լեզուն հիմա,

Երգով նրան հաղթեցի:

Ես տատիկի Գնդիկն եմ,

Ես պապիկի Գնդիկն եմ,

Իմ դարձի ճամփան մտնեմ,

Թող ինձ համար չտխրեն:

Ո՞ւր է տունդարձիս ճամփան,- կանչեց Գնդիկ Բոքոնիկն  ու բռնեց ճամփի փեշից:

Երբ հասավ տատիկի ու պապիկի տանը, նա նստեց պատուհանի տակ, խորը շունչ քաշեց ու երգեց`

Աղվեսի՛ն դաս տվեցի,

Այրվում է լեզուն հիմա

Գնդի՛կ եմ արդար հացի,

Աղվեսը չի՛ հասկանա:

-Սա՛ մեր Բոքոնիկն է, այդ նրա՛ ձայնն է,- ուրախ ձայնեց  պապիկը` տատիկին,  դուրս նայելով պատուհանից: -Ա՜խր ես ոնց կարող էի  նրան տեսած չլինել:

Պապիկը մինչ այդ փնտրել ու չէր գտել Բոքոնիկին, նա նույնիսկ պատուհանագոգի տակ էր նայել:

-Ա՜խ ծերությո՛ւն, ծերությո՜ւն, աչքի լույս չի՛ մնացել, - հոգոց հանեց պապիկը:

Մինչև  պապիկը դանդաղ քայլերով կգնար ու տուն կտաներ Բոքոնիկին, տատիկը ուրախ - ուրախ սեղան գցեց:

-Արդե՛ն հովացել է,- գոհությամբ ձայնեց  պապիկը` տատիկին մեկնելով իրենց գնդիկ, կլորիկ հացը…

 

Հ.Գ. Ես խմորի գնդիկ եմ` կարմրաթուշ բոքոնիկ, Գնդիկ  Բոքոնիկն եմ: Գիտե՛մ, շատերիդ սրտով չէ իմ <կուլ գնալը>, բայց ես ձեր ամենօրյա հա՛ցն եմ: Սիրում եմ Ձեզ այնպես, ինչպես Դուք եք սիրում ինձ: Մանկական խանդավառությամբ` Ձե՛ր  Գնդիկ Բոքոնիկ: ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ








Комментариев нет:

Отправить комментарий