воскресенье, 14 января 2024 г.

 

ՀԱՄԱՐՁԱԿ  ԿՐԻԱՆ

Կրիան, որ արդեն չգիտեր  իր տարիքը, բայց գիտեր ձու ածել` որոշել էր  ծովը հատելով  հասնել ափ: Նա մինչև հիսունը հաշվել գիտեր և դրանից ավելին հարկ չէր ունեցել սովորել: Մեկ, երկու, շատ - շատ ձվեր էր դնում ծովափի ավազներում: Նա ավազի մեջ փոս էր փորում և այն լցնում իր անհաշիվ ձվերով: Հետո նա խնամքով ծածկում էր ձվերը ավազով` թաքցնելով գիշատիչ աչքից: Համոզվելով, որ էլ անելիք չունի, հանգիստ թողնում, հեռանում էր բաց ծով: Նրա ինչի՞ն էր պետք ճանաչել իր ձագերին: Կարևորը` իր տեսակը դեռ կա, եղել է միլիոնավոր տարիներ առաջ  ու դեռ կլինի:

-Պիտի՛ լինեն, պիտի շարունակվի իմ պատյանավոր սերունդը,- մտածում էր կրիան ու  շտապում էր կտրել անցնել ծովային  երկար,   վտանգներով լի ճանապարհը և շուտ ափ դուրս գալ:

Գուցե՞ իր տարիքը հարյուրին մոտ էր, չգիտեր: Բայց գիտեր, որ ինքը շատ բան է տեսել: Ապրած տարիներից էր երևի, որ իր մեջքի պատյանը կարծր ու ծանր էր դարձել: Բա էլ ինչպե՞ս պաշտպանվեր թշնամիներից: Պատյանի ծանրությունից էր երևի, որ ինքն էլ  ծանր  էր կշռում` հիսուն կիլոգրամից ավելին կլիներ: Վերջին անգամ` հիսուն տարի առաջ, այդքան էր իր քաշը: Ինչ էլ լիներ կերածը` բուսական ու բույսեր, ազնիվ կերակուր իր նման ազնիվ կրիայի համար, մեկ է, քաշը ավելացած կլիներ: Գիտեր, որ իր անունի  հետ կապված  ինչ որ  ավանդություն կա, բայց մեկ է, ինքը  սողունների դասին է պատկանում: Սո՛ւտ են ասում, որ ինչ որ ժամանակ ինքը գող ու ժլատ ջրաղացպան է եղել: Ի՞նչ է նշանակում, որ մի չարակամի անեծքից հետո, ջրաղացպանը փոխվեց ու կրիա դարձավ, դեռ դդումի կեղևն էլ մեջքին պատյան արեց: Էդ ո՞ր մի դդումի կեղևն է իր զրահի նման ամուր, որ անեծքից պատյան դառնա ու պաշտպանի տիրոջը: Բա ինչո՞ւ չգտնվեց ուրիշ մեկը, որ իրեն նորից անիծի ու ինքը նորից մարդ դառնա: Չէ՛, մեկ է, ինքը չէ՛ր հավատում այդ ասեկոսեին  և շտապում էր շուտ հասնել ցամաք: Հա՛, ջրի մեջ նա արագաշարժ էր, ցամաքում իսկը կրիա` դանդաղ, կամաց, հազիվհազ շարժվելով: Ափին քիչ էր մնացել, որ հասներ, ու ա՜յ քեզ ահ ու զարմանք: Կրիան լավ տեսողություն ուներ  և դրա համար հեռվից տեսավ իրեն սպասող Սպիտակ շնաձկանը:

-Ինչո՞ւ է մինչև հիմա քաղցած մնացել, ես ինչ մի ուտելի եմ,- սրտնեղվեց ինքն  իրեն կրիան: Ախր ծովը լիքն է տարբեր տեսակի ձկներով, թո՛ղ գնա նրանց ուտի, ինչո՞ւ է ինձ սպասում:

Կրիան գիտեր, որ շնաձուկը լավ տեսողություն չունի: Հա, հետո ի՞նչ, որ լավ հոտառություն ունի: Կրիան գիտեր նաև, որ շնաձկան թերթախռիկները նրա ամենախոցելի տեղն են: Եվ մինչև շնաձուկը կձգեր մեջքն ու կբարձրացներ գլուխը, իսկ դա հարձակման նշան էր, կրիան որոշեց ինքն առաջինը հարձակվել: Նա հաջողացրեց կծել շնաձկանը:

-Մե՛կ,- հաշվեց կրիան: Նա կծում էր շնաձկանը լողաթեփուկների մասից, և շնաձուկը մինչև խելքի կգար, կրիան նորից էր հասնում, կծում նույն տեղից: Հետո էլի՜ ու էլի՜: Չէ՛, չստացվեց հիսունը հաշվել, նույնիսկ տասին չհասավ:

Շնաձուկը` պոչով ճեղքելով ծովը, հեռանում էր կրիայից:

-Բա՛ մոտ երեք հարյուր ատամ ունեցող գիշատիչը այսքա՜ն վախկոտ կլինի: Ե՛ս մեկ հատիկ ատամ էլ չունեմ, բայց իմ կոշտ  կտուցով ու ամուր ծնոտներով շնաձկանը լողաթեփուկի մասից արյունոտեցի: Ա՜խր ինձնից մի քանի անգամ էլ ծանր կլիներ, բայց ինձնից վախեցավ ու փախավ,- խնդմնդաց կրիան և ազատ  շունչ քաշեց :

Ծովափը տաք էր ու հարմար:

-Կյանքը հիասքա՜նչ է,- մտածեց կրիան ու նորից խորը շունչ քաշեց:

Համոզվելով, որ այլևս ոչ մի վտանգ չկա, կրիան շտապեց ձվադրել:

Комментариев нет:

Отправить комментарий