воскресенье, 14 января 2024 г.

 

ԱՆԽԵԼՔԻ ՀԱՑԸ - ԽԵԼՈՔԻՆ

                           Բարեկենդանը

                              Հ.Թումանյան

Անխելքի հացը  հալալ է խելոքին,-  ասաց ինքն իրեն  Բարեկենդան կարծող  մարդն ու  ուրախությունը սրտի մեջ, լրջությունը դեմքին, ուրիշի յուղն ու բրինձն  առած,  համբերանքին վստահ, հասավ տուն: Նա ինքն էլ չգիտեր, թե  ո՞ւմ անունին էր տեր կանգնել: Խորամանկը` խորամանկ էր, բայց թե ի՞նչ կամ ո՞վ էր Բարեկենդանը,  որի յուղն ու բրինձն առած տանում էր` չգիտեր: Մտածելով, որ բախտն իր առջևից  էր գնում, շտապեց տուն հասնել: Երբ ուրախ - ուրախ  տուն մտավ, զարմացավ` հարևանները հավաքված էին  իրենց տանը:

-Նա կնոջը կամացուկ հարցրեց.

-Է՛ս ի՞նչ խաբար է, ինչո՞ւ են հավաքվել սրանք մեր տանը:

_Չգիտեմ, առանց հրավերքի իրենք - իրենց եկել են,- վիզը խեղճ  ծռեց կինը: Հետո խեղճ - խեղճ ավելացրեց,-  ինչ  որ Բարեկենդանից են խոսում:

-Վա՜յ,- վախեցած դուրս թռավ խորամանկ մարդու բերանից:

Էստեղ են ասել` գող, սիրտը` դող:

-Քեզ ի՞նչ եղավ, այ մարդ,- աչքից աննկատ, նրան արմունկով  հրեց զարմացած կինը:

-Ոչինչ, բան էլ չեղավ,- իրեն հավաքեց խորամանկ ամուսինը  լրջանալով: Բայց մտքովն արագ անցավ, որ կարող է պատահի իր մասին լուրը իրենից շուտ է տեղ հասել: Դրա համար կնոջն ասաց.

-Դու դուրս գնա, էնտեղ դռան տակ յուղ ու մի պարկ  բրինձ  կա դրած: Գնա ու ներս արի, ասա  ուրախացած, բղավիր, որ Բարեկենդանը յուղ ու բրինձ է բերել մեզ համար, դրել է դռան տակ ու հեռացել-

կամացուկ պատվիրեց կնոջն ու բարի գալուստ մաղթելով հավաքված հարևաններին,  բանից անտեղյակի պես հարցրեց.

-Խե՛ր լինի ձեր մտադրությունը, հարևաններ ջան,-բարո՜վ իրար երես տեսանք,- իրեն ուրախ ձևացնելով, փորձեց իմանալ  իրենց տանը հարևանների հավաքվելու նպատակը:

-Բարո՜վ, խերո՜վ,- պատասխանեցին գրեթե միաբերան:

-Հը, ի՞նչ կա - չկա, տանը չեմ եղել մի երկու օր:

-Չկա՛, բայց հեռու չէ, պիտի գա Բարեկենդանի..,-խոսքը դեռ խոսող հարևանի բերանումն  էր, քամու պես ներս խուժեց խորամանկի կինն ու ուրախ - ուրախ հայտարարեց.

-Բարեկենդանը  եկել է, դռան տակ մի պարկ բրինձ ու մի կճուճ յուղ է թողել,  գնացել:

-Հարևաններ ջան, լավ եք արել, որ մեր տանն եք հավաքվել, -  սիրտը տեղը բերելով խոսեց խորամանկը,- մի կո՛ւշտ կուտենք - կխմենք:

Հարևանները անհասկացող հայացքով նայեցին իրար երեսի:

-Մենք էլ էդ ենք ասում` մի լավ քե՛ֆ կանենք: Ի՛նչ ունենք իրար ասելու` կասե՛նք, ի՛նչ տալիք - առնելիք ունենք` կտա՛նք կպրծնե՛նք, ի՜նչ նեղացած - խռոված բաներ կան` կմոռանա՛նք,- բոլորի անունից խոսքի մեջ մտավ ուտել - խմել սիրող հարևաններից մեկը:

-Վա՜յ ձեր հոգուն մատաղ, չգիտեի որ այսքա՜ն  լավ հարևաններ ունեմ, չգիտեի,- խորը շունչ քաշեց խորամանկը, որ խորամանկելով տուն էր բերել խալխի Բարեկենդանի տոնի յուղն ու բրինձը:

Ուտել - խմելու ժամանակ բոլորը սրտաբաց ու անկեղծ էին: Սեղանի յուղը ջրի պես առատ էր, բրնձե կարկանդակներն էլ անմահական համ ունեին:

-Ապրե՛ս, հարևան ջան,- էս ու էն կողմից խոսում էին լիացած հարևանները,- թո՛ղ քեզանից պակասած հաց ու ջուրը հազարապատկվի, սեղանդ միշտ առատ լինի: Բարի՛ կենդանություն լինի: Բարեկենդանը  ուրախ լինի, տոնը քեզանից ու մեզանից անպակաս լինի:

-Ըհը՜ն,- միայն իրեն լսելի քմծիծաղ տվեց  խորամանկը,- հարևաններիս մտքով արքայություն է անցնում: Հը՛մ, իրենք էլ են ուզում դռան տակ  կճուճով  յուղ ու պարկով բրինձ գտնել:

Комментариев нет:

Отправить комментарий