воскресенье, 14 января 2024 г.

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐՎԵՑ

 Մի թագավորության մեջ, իրեն հզոր կարծող Վստահե  թագավորը, որոշում է հարձակվել հարևան՝  Խոնարհե թագավորի թագավորության վրա, որը տարածքով ու բնակչության թվով շատ ավելի փոքր էր: Բայց մինչև նա կհարձակվեր հարևան թագավորության վրա, որոշում է նրանց թագավորությունը իրեն ենթարկել առանց կռվի: Նա սուրհանդակներ է ուղարկում հարևան թագավորի մոտ: Սրանք գնում և հայտնում են իրենց թագավորի կամքը.

-Մե՛ր  պանծալի, մեծաշնո՛րհ Վստահե թագավորի կամքն է, որ դո՛ւք և ձե՛ր երկրի բնակչությունը ենթարկվեք նրան առանց պատերազմի,- բարձրագոչ հայտարարում են նրանք Վստահե  թագավորի կամքը: - Հայտնո՛ւմ ենք ձեզ, որ ձեր երկրի գրավումը  մեր Վստահե թագավորի համար հեշտ է այնպես, ինչպես մեկ բաժակ ջուր խմելը, ինչպես ծառից պտուղի ընկնելը, ինչպես ձի նստելն ու իջնելը: Բայց մեր թագավորը այնքա՜ն մեծաշնորհ է, որ նա ձեր առաջ մի փոքրիկ պայման է դնում: Քանի որ մեր թագավորության սահմանները իրար շա՜տ մոտիկ են,- շարունակում են  նրանք,- ապա պիտի իրար կապենք` ասեղի հաստության չափ  անցք ունեցող խողովակի միջով անցնող, մազի հաստության չափ թելով: Այդ խողովակը պիտի՛ ձգվի մեր երկուսի թագավորությունների միջև: Ահա՛ թելը,- ասելով, տալիս են բարակ թելի կծիկը Խոնարհե  թագավորին,- և ահա՛ խողովակը,- ցույց  են տալիս խողովակի ծայրն ու  հեռանում են այնպես, ինչպես եկել էին:

Խոնարհե թագավորը մտատանջության մեջ է ընկնում.

-Ինչպե՞ս պատերազմից փրկել իր թագավորությունն ու  ժողովրդին: Նա  թագավորության  մեծամեծներին  հրավիրում է խորհրդատվության: Բոլորի միտքը սևեռվում է խողովակի ու թելի կծիկի վրա.

-Ինչպե՞ս անցկացնել մազի հաստությամբ թելը խողովակի անցքով, և ինչպե՞ս երկու թագավորությունները իրար կապել այդ բարակ թելով: Մտածում, գլուխ են ցավեցնում մեծամեծները, բայց գլուխ չեն հանում այդ դժվարին խնդրից: Իսկ Վստահե թագավորը նրանց քիչ  ժամանակ էր տվել: Օրերը այնպես արագ էին թռչում: Թագավորությունում ոչ մեկը քուն չուներ` գիշեր - ցերեկ մտածելով էին զբաղված: Լուրը տարածվում է կրակի նման՝ ընկնելով ժողովրդի սիրտը: Բոլորը խուճապի էին մատնվել գալիք պատերազմի հոտից: Միայն մի իմաստուն կար, որ իսկի պետքն էլ չէր: Նա ճգնակյաց կյանք էր վարում՝ հեռու խանգարող կրքերից: Երբ իմացավ Վստահե թագավորի խելքից դուրս դրած  պայմանի մասին, նա որոշեց գնալ Խոնարհե թագավորի մոտ: Մեկ ուրիշ ժամանակ թագավորը նրան  պալատի դարպասներին անգամ  մոտ չէր թողնի, բայց այս անգամ նույնիսկ ուրախ էր լսել ճգնավորին: Նա գիտեր, որ խելոքից խելոք էլ կա և սար շարժող մեջքից ավելի ուժեղ կարող է լինել խելացի միտքը: Ամենափոքրերից անգամ մեծ բաներ կարելի էր սովորել` լսել էր թագավորն ու որոշել էր հաշվի առնել  այլևս:

-Խոնարհե թագավորն ապրած կենա,- ասաց ճգնավոր մարդը, խոնարհեցնելով հայացքը,- էդ պայմանը, որ դրել է հարևան Վստահե թագավորը, ու որի վրա այդքան գլուխ են ջարդում պալատի մեծամեծները, պալատի մտածող  խելոքները,  ընդամենը սուտ ու փուչ ձև է: Նա, որ մտքին դրել է հարձակվել մեր  երկրի վրա, վաղ թե ուշ դա կանի: Իսկ խելոքների ու մեծամեծների միտքը նա դիտմամբ  կենտրոնացրել է էդ թելի կծիկի ու խողովակի վրա, գիտենալով, որ  լույսի շուրջը պտտվող թիթեռների պես  շրջան կգծեն ու կմնան շրջանի ներսում: Դուք չե՞ք մտածել, որ այդ կծիկի թելը կարող է պակաս լինել մեր երկու թագավորությունների միջև եղած հեռավորությունից, ու էդ նեղ անցքով խողովակն էլ  կարող է ուրիշ թագավորության, ուրիշ նպատակների համար ծառայող խողովակ է ու  ծայրն է ընդամենը մեզ մոտ: Թելը խողովակով անցկացնելը դժվարին գործ  չէ՝  մի մրջյունի մեջքից կկապենք ու բաց կթողնենք խողովակի անցքով, բայց որքանո՞վ եք համոզված, որ մյուս ծայրը Վստահե թագավորի ձեռքում է: Կարող է իզուր տեղը մենք մեր ձեռքով կռվի ու կոտորածի առիթը տանք, պատերազմի մեջ ընկնենք մեկ  ուրիշ օտար ու անշառ թագավորության հետ:

-Ճի՛շտ է ասում, պետք է մտածել  այս մարդու  ասածների վրա,-  այս ու այն կողմից ձայնեցին պալատական խելոքները:

-Մտածելը`՝մտածե՛նք,- ասաց մտածկոտ թագավորը,- բայց  ի՞նչ պիտի անենք, ո՞րն է ելքը:

-Վստահե թագավորը գիտի, որ մենք քանակով քիչ ենք,- խոսեց ճգնավորը: Գիտի, որ չափերով փոքր երկիր ու  թագավորություն ունենք, քիչ ժողովուրդ, դրա համար էլ սպառնում է մեր երկրին ու մեր խաղաղ կյանքին: Մենք պե՛տք է իմանանք Վստահե թագավորի  թուլությունների մասին, նրա երկրի ներսում եղած խորդուբորդությունների մասին,- շարունակեց  ճգնավորը, որ իր կյանքը դրել էր ուրիշների կյանքի ու բարքերի, գիտության ու բնության  ուսումնասիրության վրա:

-Երևում է իզուր չի՛ անցել կյանքդ,- դիմեց թագավորը նրան,- խե՛լքդ ամեն ինչից հասնում է: Ուրեմն մտածի՛ր, թե ի՞նչ անել:

-Լա՛վ,- գլխով է անում ճգնավորը,- ինձ մի երկու օր ժամանակ տվեք: Ես պետք է գնամ հարևան թագավորություն, շրջեմ ժողովրդի մեջ, վերցնեմ այն, ինչ ինձ պետք է: Իսկ այն ինչ ինձ է պետք, պետք է նաև ձեզ ու բոլորիս:

Խոնարհե թագավորը այլ տարբերակ չուներ և դրա համար էլ  համաձայնում է ճգնավորի հետ: Հարևան թագավորությունում շրջելիս, ճգնավորը հասարակ ժողովրդից իմանում է թշնամու թագավորի վախերի ու կրքոտ որսորդ լինելու մասին: Վստահե թագավորը ոչ մի օրը առանց որսորդության չէր անցկացնում: Որ ոչ մի բան էլ չլիներ որսալու, հատուկ նրա համար աղվես կամ նապաստակ էին բաց թողնում, որ նա բռներ ու ցնծար ուրախությունից: Բայց մի բան էլ կար` թագավորը որսի ժամանակ երեսից հետ ծածկում էր: Նրա ձեռքերին կաշվե ձեռնոցներ էին, գլխին երկտակ գլխարկ, դեմքին հագած ուներ աչքաբաց դիմակ: Ճգնավորն իմացավ, որ Վստահե թագավորի պապը մահացել է մալարիայի մոծակի խայթոցից և այդ պատճառով էր նրա այդչափ զգուշությունը:

Ճգնավորը ուր որ գնար, նրանից անբաժան էր իր օր ու արևի վկան, վաղուց իրեն վարժված արծիվը: Վստահե թագավորի որս անելու թունդ պահին, նա բաց թողեց արծվին: Սա գիտեր ինչ պիտի անել, և  ակնթարթորեն ճանկեց Վստահե թագավորի երկտակ գլխարկն ու չքվեց տեսադաշտից: Թագավորը բաց թողեց ձիու սանձն ու ձեռքերով ծածկեց գլուխը: Բայց ձեռքերով գլխարկի չափ նա չէր կարող ծածկել գլուխը: Վստահե թագավորի  վայնասունը ծածկեց օդը, նա այլևս շնչահեղձ էր լինում և ձիուց ընկավ գետնին: Նրա բաց գլխին վրա հասան սարդեր, միջատներ, մոծակներ, որ լիքն էին անտառի   հողոտ գետնին: Մինչև նրան օգնության հասան թիկնապահները, մի մոծակ հասցրեց կծել Վստահե թագավորի բաց գլուխը:

-Ե՛ս կմեռնեմ, ես պապիս նման կմեռնե՜մ,-  մտմտում էր ուշքի եկած թագավորը: Այս կծոցը հաստատ թունավոր է, մի դեղ ու ճար արեք, ինձ փրկե՜ք մահից ,- աղերսում էր նա:

-Ես ձեր հարևան երկրից եմ, օտարական, բայց  կարող եմ օգնել Վստահե թագավորին,- պալատ լուր ուղարկեց ճգնավորը:

Վստահե թագավորի համար արդե կարևոր չէր, թե ո՛վ ո՞վ է, միայն թե չմեռներ: Ճգնավորին պալատ տարան: Նա նայեց թագավորի գլխի կարմիր փոքրիկ այտուցին:

-Սովորական մոծակի կծոց է,- մտածեց նա, բայց ոչինչ  չբարձրաձայնեց: Ընդհակառակը, սկսեց վախեցնել Վստահե թագավորին:

-Ձե՛րդ մեծություն,- ես ձեր մոտ գալիս մի խողովակ տեսա, այդ խողովակի միջից դուրս էին գալիս մոծակներ ու շա՜տ մոծակներ:

-Այո, դա հարևան երկրից իմ երկիր եկող թելի համար է,- հիշեց թագավորն ու հրամայեց անմիջապես փակել խողովակի բաց ծայրերը: Բայց մյուս ծայրը փակելու համար հարևան երկիր պիտի գնային` պալատականները վախենալով բարձրաձայնեցին այդ մասին:

-Դա թողե՛ք ինձ վրա, ես այդ մասին կհոգամ,- հավաստիացրեց ճգնավորն ու ավելացրեց,-  թագավորի բուժումը երկար ժամանակ և համբերատարություն է պահանջում:

Ճգնավորը փեշի տակից հանեց  հեղուկով լի մի սրվակ, լվաց թագավորի գլխի այտուցված մասը և տվեց թագավորին, որ նա  խմի:

-Դու փորձի՛ր, հետո նոր ինձ տուր,- երկմտեց մահից անչափ շատ վախեցող Վստահե թագավորը:

Ճգնավորը խմեց այդ անգույն, անհոտ հեղուկից, որն ընդամենը հայրենյաց երկրի  ընդերքից բխած մաքուր ու զուլալ ջուր էր, ու տվեց թագավորին:

Մի քիչ հետո Վստահե թագավորը հայտնեց, որ արդեն լավ է զգում իրեն:

Նա ճգնավորին անմիջապես ուղարկեց հարևան՝ Խոնարհե թագավորի մոտ, իր դրած պայմանից ու պատերազմելու ցանկությունից հրաժարվելու լուրով, միայն թե, ճգնավորը պիտի հետ վերադառնար Վստահե թագավորի մոտ: Այդպես նա իրեն ավելի վստահ և առողջ կզգար

Այդպես համաձայնության եկան: Երկու երկրների թագավորներն էլ ուրախ էին պայմանից, որովհետև     խաղաղությունը կարևորվեց:

 




Комментариев нет:

Отправить комментарий