ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԱՆԵԼՆ ԷԼ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ Է
Դուռ - դռան երկու գյուղացի հարազատի նման են լինում: Նրանցից մեկը բազմանդամ ընտանիքի տեր է լինում` ծեր հայր ու մայր, քույր, չորս աղջիկներն ու կինը: Մյուսն` ինքն ու իր չոր գլուխը, ապրում է տասը հոգու համար շինած իր տան մեջ մենակ:
- Գնամ, աշխարհը գյուղից էն կողմ տեսնեմ` ման գամ, բախտ որոնեմ,- մի օր որոշում է մենակ ապրող գյուղացին: Նա իր հարևանին է տալիս իր տան բանալիները, իր հեկտարներով հողերը, թե` ցանիր - վարիր, տնօրինիր քո ունեցվածքի նման, մինչև վերադառնամ: Մի խոսքով, ունեցած -չունեցածը վստահում է հարևանին ու հեռանում գյուղից: Անցնում են շատ տարիներ: Բազմանդամ ընտանիքի տեր գյուղացին էլ ավելի բազմանդամ է դառնում` աղջիկ է պսակում, թոռներ է ունենում: Աղջիկն իր ընտանիքով ` իր տան նման, ապրում է հարևանի դատարկ մնացած տանը: Այդ տարիների ընթացքում` նրանք ոչ մի լուր չունենալով տանտիրոջից, սովորում են նրա ունեցվածքին: Օրերից մի օր, աշխարհ ման եկած - ճանաչած ու ման գալուց հոգնած էս հարևանը հետ` գյուղ է վերադառնում: Տեսնելով, որ իր տանը հարևանի աղջկա ընտանիքն է ապրում, նա ուրիշ մի ավելի լավ տուն էլ է առնում ու իր համար ապրում:
-Ո՞նց ասեմ դուրս եկեք: Որ ասեմ դուրս եկեք իմ տնից, մեղք գործած կլինեմ: Երևի տեղ չունեն ապրելու, որ մտել են իմ տանն են ապրում,- մտածում է նա և շարունակում հարազատի պես հարևանություն անել նրանց հետ:
Բազմանդամ ընտանիքի տեր հարևանը նրան հաճախ է նեղացնում ասելով.
Քեզ այդքան շա՜տ ունեցվածք, փո՛ղ ունես, բայց ինձ լավություն չե՛ս անում, ունեցվածքիդ մի մասը մեզ չես նվիրում: Ես այսքան հոգսաշատ ու չարչարյալ` դու այդքան մենակ ու հարուստ:
Ու ամեն անգամ մենակյաց հարևանը պատասխանում էր.
-Շնորհակա՛լ եղիր, որ վատություն չեմ անում:
-Ինձ լավությո՛ւն չես անում,- կրկին ու նորից նեղվում էր բազմանդամ ընտանիք ունեցող հարևանը:
-Շնորհակալ եղիր, որ վատություն չեմ անում:
Ու այսպես շարունակ: Մի օր բազմանդամ ընտանիք ունեցող հարևանը համբերությունը հատած գոռում է մենակյացի երեսին.
-Ինձ ի՞նչ վատություն պիտի անես, որ չես անում ու լավության տեղ ես անցկացնում, ասա՛ իմանանք:
-Աղջի՛կս քո տանն է ապրում` տունդ տաքացնում, փոշուց մաքրում, այդ նա է քեզ լավություն անում: Հողամասիդ մի մասը` էսպես թե էնպես, անմշակ ընկած էր, մշակելի ենք դարձրել…Հը, ասա, ինչ վատություն պիտի անես:
Մենակյաց հարևանը զարմանում
է ու զայրացած պատասխանում,
-Է՛ն, որ աղջկանդ ընտանիքն իմ տնից դուրս չեմ հանում` մե՛կ, է՛ն որ իմ հողամասի մի մասը դարձրել ես քո անասունների արոտատեղին, իսկ մյուս մասը ցանում – հնձում ես ու ես հետ չեմ պահանջում` երկո՛ւ: Եվ էն, որ փեսադ գող է ու ինձանից ոսկի ու արծաթ գողանալիս նրա ձեռքը բռնել եմ, ձեռքի երեսին խաչ եմ այրել, որ էլ գողություն չանի, ու դատավորին չե՛մ հանձնել փեսայիդ….
-Սո՛ւտ է, այդպիսի բան չկա,- զայրույթից դողալով չի համբերում բազմանդամ ընտանիքատեր հարևանը: -Դու դա ինձ ասում ես, որ ես ինձ վատ զգամ,- ասում է և արդեն վատ զգալով, բռնում է սիրտը:
-Ես գիտեի, որ քեզ ցավ կպատճառեմ, դրա համար էլ չէի խոսում այս ամենի մասին: Դե հիմա ասա՝ քի՛չ է: Ու թե՛ քիչ է ու դու լավությունը չես հասկանում, հետ տուր իմ հողամասը, աղջկանդ ընտանիքին տա՛ր քո տանը պահիր` թող քո սիրտն էլ ավելի տաքանա նրանց վրա, փեսայիդ էլ դատավորին եմ հանձնելու:
Էս մարդու աղջիկը, որ արդեն երկու երեխա ուներ, ընկնում է մենակյաց հարևանի ոտքերը.
-Հա՛յրս չգիտի
ինչ է խոսում, ներո՛ղ եղիր, նրա սրտին մի՛ գնա-, աղերսում է արցունք աչքով:
Եվ երբ մենակյացը, ում սիրտը ասես բռի մեջ լիներ, խղճում է և ասում` ապրե՛ք իմ տանը, ինչքա՜ն ուզում եք, այն ժամանակ նրան բարին են ասում: Եվ երբ խնդրում են արոտատեղի թողնել հողի մի մասը ու վարելահողը հետ չվերցնել, և նա նորից համաձայնում է` բարին են ասում: Եվ դատավորին չի հանձնում հարևանի գող փեսային: Եվ սրանք հասկանում են, որ վատություն չանե՛լն էլ լավություն է:
Комментариев нет:
Отправить комментарий