ՄԵՂՐ ԾԱԽՈՂԸ ՄԱՏԸ ԼԻԶՈՒՄ Է
Մի շատ ժլատ մարդ է լինում` աչքը սրա - նրա կերած հացուջրի վրա: Ինչքան շատ է դրամ կուտակում, այնքան ժլատությունն ավելանում է: Մի օր էժան մեղր ծախողի տեղ է իմանում: Ինքն իրեն ասում է .
-Ես ավելորդ փող ունեմ, իսկ սա հացի փող չունի, բայց ջրի գնով մեղր է ծախում: Սպասի սրա ունեցած մեղրն առնեմ - տանեմ թանկ գնով ծախեմ, փողս ավելի շատացնեմ:
Էդպես էլ անում է: Օրը մի բոքոն հացով էլ մարդ է վարձում մեղրը ծախելու համար:
Էս խեղճ վարձկանը, մեղրի առևտուրն անելիս, անընդհատ կռանում - բարձրանում է` դեռ քաղցր լեզու էլ թափելով, որ գնորդները գոհ հեռանան ու իր վաստակած մի կտոր հացը հալալ լինի իրեն: Մեղրատերը նրանից աչքը չի կտրում: Մեկ էլ տեսնում է, որ նա մատը բերանը տարավ ու լիզեց: Դա նրան ջղայնացնում է:
-Վա՛յ, ինչո՞ւ իմ մեղրից կերար,- աչքերը չռած վրա գալով, գոռում է նա էս խեղճի վրա:
-Ես քո մեղրից չկերա, մատս լիզեցի,- չի խեղճանում մեղրը վաճառող մարդը:
-Ես տեսա, որ մատով սրբեցիր ամանն ու կերար,-չի հանդարտվում մեղրատերը:
-Որ մատով չսրբեի, գետնին էր կաթալու, որ գետնին կաթար, մրջյուններ էին հավաքվելու: Որ մրջյուններ հավաքվեին, մեղրդ պիտի հարամեին` մեջն ընկնեին, սատկեին: Որ գնորդների աչքին ընկնեին մեղրիդ մեջ սատկած մրջյունները, թեկուզ մեկ մրջյուն,
մեղրդ էլ չէին առնելու: Ու դրանից հետո, որ մեղրդ ջրի գնով էլ տայիր` տանող չէր լինելու:
Մեղրատերը նրան լսելով, վախենում է մեղրը չվաճառվի ու ինքը վնասով մնա: Ու այլևս աչք է փակում սրա վրա` ինքն իրեն հուսադրելով.
-Մե՛ղր ծախողը մատը լիզում է: ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий