ԵՐԵՍԻՆ ՉԷՐ ԵՐԵՎՈՒՄ
Եղավ այնպես, որ օրերից մի օր միմյանց հավատարմության երդում տվեցին բարձրագոչ աքաղաղը, գող փիսոն, պոզատ այծն ու թունավոր օձը: Նրանք որոշեցին ապրել մի հարկի տակ` հարազատների նման: Սկզբում ամեն ինչ լավ էր, այնքան էլ դժվար չէր մի ընտանիքի անդամ լինելը: Ամեն մեկն իր գործը
գիտեր, աքաղաղը քուջուջ էր անում և
հողի միջից իր համար անձրևորդեր գտնում: Դա իր ընկերների բաժին ուտելիքը չէր, և նա հանգիստ մարսում էր կերածը: Փիսոյին ամեն օր կաթ էր տալիս պոզատ այծը: Իսկ կաթ նա ամեն օր ունենում էր` արածելով շուրջը
փռված առատ ու փարթամ խոտը: Օձը դաշտամկան բներ էր գտնում ու բռնում դաշտամկների`
միշտ կուշտ մնալով: Ամեն ինչ հրաշալի էր, կյանքը հիասքանչ էր: Ոչ մեկը մյուսին չէր խանգարում, բոլորը
գոհ էին.
Միասին ենք ապրում մենք`
Անծանոթ չենք ձեզ,
Մեր անելիքը գիտենք,
Քաղց զգալու պես:
Ո՛չ եղբայր ենք, ո՛չ էլ `քույր,
Բարեկամ ենք բայց,
Օձ, փիսո, այծ, ու աքլոր,
Կուշտ ու սրտաբաց:
Երդվել ենք մի հարկի տակ
Երջանիկ ապրել,
Ինչ լա՜վ է իրար գտանք,
Ինչ նմա՜ն ենք մենք:
Բայց մի օր, առավոտ կանուխ,
լույսը դեռ չբացված, աքաղաղը բարձր, ծղրտան ձայնով ծուղրուղու կանչեց:
- Ի՞նչ է պատահել, - հարցրեց պոզատ այծը,- ալարկոտ արթնանալով:
-Լուսաբա՛ց է,- պատասխանեց բարձրագոչ աքաղաղը, - ինձ
հետ առաջինը տեսե՛ք լուսաբացը:
- Ի՞նչ է պատահել,- վախեցավ գող փիսոն:
-Ոչինչ էլ չի՛ պատահել, լուսաբա՛ց է,- ասաց բարձրագոչ աքաղաղը ինքնագոհ:
Օձը ձայն չհանեց: Բայց երևում էր նրան էլ դուր չեկավ բարձրագոչի ծուղրուղուն:
-Ի՞նչ է նշանակում՝
լուսաբաց է, իրենք կո՞ւյր են ինչ է, չե՞ն տեսնում, որ լուսաբաց է, լուսաբա՛ց է` լուսաբա՛ց չէ, ինչո՞ւ պիտի աքաղաղն ասի այդ մասին,- մտածեց նրանցից ամեն մեկը, բայց որոշեցին ներել աքաղաղին, չէ որ նա
վատ բան չէր արել:
Օրը մայրամուտին էր մոտենում: Գող փիսոյին
թվաց, որ կաթ քիչ է կերել ու որոշեց պոզատ այծին առանց զգուշացնելու, մի քիչ էլ կաթ ուտել: Այ քեզ պոզատ այծ, նա փորձեց պոզահարեց գող փիսոյին, իր կոտրված պոզի մասին մոռանալով: Ուժեղ
հարվածից գլուխը ցավեց` քիչ
մնաց պայթեր, երբ քսվելով փիսոյին, խփվեց գետնին: Բա խեղճ փիսո՜ն, ցավից մլավեց ու ցատկեց օձի վրա: Թունավոր
օձի հետ անգամ կատակ անել չի լինի: Նրա հենց քթի տակից դաշտամկները փախան հեռո՜ւ –հեռունե՜ր: Օձը անակնկալի գալով, չհասկացավ ոնց խայթեց պոզատ այծին: Խայթոցը թունավոր էր և այծը տեղն ու տեղը սատկեց:
Վա՜յ, էս ի՞նչ
եղավ, ես չէի ուզում,- ֆշշացնելով սկսեց արդարանալ օձը,- ախր չէի՛ ուզում սպանել նրան, ես
դա բնազդաբար արեցի, ընդամենը պաշտպանվեցի ու…
Աքաղաղը սկսեց կտցելով նեղել օձին: Օձը գալար -գալար
գալով ցավից, փախավ՝ կորչելով քարերի տակ: Փիսոն անմեղ տեսքով լիզում էր իր ցավացած տեղերը:
-Ծուղրուղո՜ւ,- կանչեց բարձրագոչ աքաղաղը,- իբր թե`տեսե՛ք – տեսե՛ք:
Որտեղից - որտեղ հայտնվեց մի աղվես:
-Սա՛ մեր ընտանիքի անդամը չէ, սա որտեղի՞ց հայտնվեց, - մտածեց բարձրագոչ աքաղաղն ու աքլոր - աքլոր աքլորանալով
ընդառաջ գնաց: Աղվեսին էլ դա էր պետք, աքաղաղի վիզը ոլորեց ու տարավ ամենքի
աչքից հեռու մի տեղ:
Իսկ գող փիսոն, որ արդեն մուկ էլ էր կարողանում բռնել, շարունակեց սրանից - նրանից ուտելիք գողանալ: Թեպետ ամեն անգամ ծեծ էր ուտում, բայց մե՛կ է, երեսի՛ն չէր երևում:
Комментариев нет:
Отправить комментарий