суббота, 13 октября 2012 г.

ԲՈԼՈՐԻ ՄԵՋ ԻՆՁ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ

ԲՈԼՈՐԻ ՄԵՋ ԻՆՁ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ

Մեզանից շա՜տ ու շա՜տ առաջ, կար Կանա անունով մի կրիա: Նա ապրում էր ինքն իր համար: Կանան մեջքին ամենևին էլ զրահատիպ պատյան չուներ և բոլորովին էլ նման չէր մեր օրերում ապրող ցամաքային և ջրային կրիաներին, որոնք պատյանի ծանրության տակ խոնարհվել են գետնին: Մի օր Կանան որոշեց բոլորի մեջ փնտրել իրեն: Նրան թվում էր, որ բոլորն այնպիսին են, ինչպիսին ինքն է, որ բոլոր- բոլորը պետք է ուտեն այն, ինչ ինքն է ուտում` կանաչ խոտ արածեն, ջրային բույսեր ու փոքրիկ խեցգետիններ ուտեն: Կանան գրեթե համոզված էր, որ երբ ինքը քնած է, բոլորն են քնած: Կանան կարծում էր,  որ բոլորին սիրելու համար, նման լինելը շատ կարևոր է:

- Ագռավին կարելի է սիրել, ինձ նման երկարակյաց է, մինչև  հարյուր տարի կապրենք միասին: Ձագերն էլ իմ ձագերի նման ձվերից են դուրս գալիս,- գոհացած որոշեց Կանան: Բայց խեղճ Կանա կրիայի հիասթափությունը շատ մեծ եղավ, երբ իմացավ, որ  ագռավը գող է: Կանան ատելով ատում էր գողությունը: Էն էլ այն դեպքում, երբ քեզանից են գողանում` Ագռավը թռցրել էր ավազներում  դրած Կանայի անհաշիվ ձվերից: Դեռ ծառի վրա թառած էլ կռռում էր սիրո, եղբայրության, բարեկամության մասին:

- Չէ՛, ագռավին չե՛մ կարող սիրել, ինձ նմա՛ն չէ, -որոշեց Կանա կրիան:

- Օձը կարծես ինձ նման է, օձին կսիրեմ: Վիզն իմ վզի նման երկար է, ապրում է ամուր գետնի վրա: Ինձ նման լողալ գիտի ջրում: Մաշկն էլ իմ մաշկի նման թեփուկներով  է ծածկված:

Բայց Կանան դեռ չէր հասցրել օձին սիրել, նրանից էլ հիասթափվեց.

- Մի՞ թե կարելի է այդչափ թունավոր լինել, գող  լինել ու մնալ սառնարյուն սողուն: Չէ՛, չեմ կարող օձին սիրել,- հասկացավ Կանան:

- Արջը կարծես ինձ նման է: Ես էլ եմ քնել շատ սիրում, արջին կսիրեմ,- որոշեց Կանան:

Բայց արջից էլ հիասթափվեց, երբ տեսավ որ վայրենի, արնախումի մեկն է: Իր աչքի առաջ արու արջը սատկացրեց իր ցեղակից մի ուրիշ արջի  անօգնական ձագերին:

Սրա - նրա մեջ իրեն փնտրելուց չէր դադարում հոգնել Կանան: Ա՜խր նա շատ էր ուզում, որ բոլորն իրեն նման լինեն: Բայց  ամեն մի հիասթափությունից հետո, նրա մեջքը պատվում էր կոշտ, զրահատիպ պատյանով: Եվ օր - օրի պատյանը կարծրանում էր ու մեծանում: Կանա անունով կրիան, այլևս չէր շտապում փնտրտուքի մեջ և դարձել էր շատ դանդաղաշարժ:

Երբեմն - երբեմն գլուխը դուրս էր հանում պատյանի տակից, տեսնելու հույսով իր նմաններին.

-Այսպես ապահով եմ զգում ինձ, թո՛ղ ոչ մեկին էլ  նման չինեմ ու անսեր ապրեմ,- միանգամից որոշեց Կանան, փնտրելուց հոգնած:

Նա շա՜տ, շա՛տ էր հիասթափված ամենքից ու ամենից, դրա համար էլ այլևս չէր սպասում տեսնել ծովափնյա ավազներում իր  դրած անհաշիվ ձվերից դուրս եկող փոքրիկ կրիաներին: Նա թողնելով անպաշտպան ձվերը, լողում էր  ծովի հեռո՜ւ խորքերը: Երբ իր  փոքրիկները  ձվերից լույս աշխարհ էին  գալիս, Կանան նրանց չէր ուզում տեսնել: Նրանք էլ Կանային  նման չէին, քանի որ Կանա կրիան  մե՛ծ  էր





Комментариев нет:

Отправить комментарий